Logo

ԱԱ-2022. Մարոկկոն հաղթեց Պորտուգալիային ու դուրս եկավ կիսաեզրափակիչ (տեսանյութ)

20:57 / 10.12.2022• Աշխարհի առաջնություն
null

Մարոկկոյի հավաքականը դարձավ առաջին աֆրիկյան թիմը, որը կխաղա ֆուտբոլի աշխարհի առաջնության կիսաեզրափակիչում։ 

Կատարում շարունակվող Մունդիալի քառորդ եզրափակիչում Մարոկկոյի հավաքականն իսպանական «Սևիլիայի» հարձակվող Յուսեֆ Էն-Նեսիրիի գոլի շնորհիվ նվազագույն հաշվով հաղթեց պորտուգալացիներին (տեսանյութ):

Խաղի հենց սկզբից Պորտուգալիան գործում էր ընդգծված առաջին համարով, Մարոկկոն՝ երկրորդ: 

5-րդ րոպեին ստանդարտ դիրքի խաղարկումից հետո հաջողությանը մոտ էր Մադրիդի «Աթլետիկոյի» հարձակվող Ժոաո Ֆելիշը, սակայն պորտուգալացու հարվածից հետո սեյվ կատարեց «Սևիլիայի» դարպասապահ Յասին Բունուն:

13-րդ րոպեին Ֆերնանդու Սանտուշի գլխավորած թիմը երկրորդ վտանգավոր պահը ստեղծեց Մարոկկոյի դարպասի մոտ։ Դորտմունդի «Բորուսիայի» լատերալ Ռաֆայել Գերեյրույի հարվածից հետո մրցակցի պաշտպանը փակեց գնդակի ճանապարն ու չեզոքացրեց վտանգը: 

31-րդ րոպեին կրկին ուշադրության կենտրոնում հայտնվեց Ժոաո Ֆելիշը: 23-ամյա հարձակվողի հարվածից հետո գնդակն անդրադարձավ մրցակցի ֆուտբոլիստից ու մի փոքր բարձր ընթացավ: Յասին Բունուն ցատկել էր հակառակ անկյունն ու չէր վերահսկում իրավիճակը:

8 րոպե անց Ֆելիշը տուգանային հրապարակի մատույցներում ստացավ գնդակը, սակայն նպաստավոր դիրքից բարձր հարվածեց:  

42-րդ րոպեին գործեց ֆուտբոլի «չգրված» օրենքը. «Սևիլիայի» հարձակվող Յուսեֆ Էն-Նեսիրին թիմակցի եզրային փոխանցումից հետո երկրորդ հարկում հաղթեց Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթի» պաշտպան Ռուբեն Դիաշին, գլխի հարվածով գրավեց «Պորտուի» դարպասապահ Դիոգու Կոշտայի պաշտպանած դարպասն ու բացեց հաշիվը՝ 1-0։

Առաջին խաղակեսի ավելացված ժամանակի երկրորդ րոպեին անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Բրունու Ֆերնանդեշը կարող էր հավասարեցնել հաշիվը, սական նրա՝ սուր անկյունից կատարած հարվածից հետո գնդակը հետ մղվեց հորիզոնական դարպասաձողից:  

Երկրորդ խաղակեսի սկզբնամասում Մարոկկոյի հավաքականը կարող էր կրկնապատկել հաշիվը. Լոնդոնի «Չելսիի» կիսապաշտպան Հակիմ Զիեշի փոխանցումից հետո իսպանական «Վալյադոլիդի» պաշտպան Ջավադ Յամիկը շեղեց գնդակի ուղղությունը, սակայն Դիոգու Կոշտան հուսալի գործեց: 

51-րդ րոպեին Պորտուգալիայի հավաքականի կազմում փոխարինման մտավ Կրիշտիանու Ռոնալդուն, որը երկրորդ խաղում անընդմեջ մնացել էր պահեստայինների թվում: «Ոսկե գնդակի» հնգակի դափնեկիրը, 196-րդ անգամ խաղադաշտ դուրս գալով ազգային թիմի մարզաշապիկով, կրկնեց հավաքականում անցկացրած խաղերի թվով ռեկորդը, որը պատկանում էր Քուվեյթի հավաքականի 37-ամյա հարձակվող Բադեր Ալ-Մուտավային:

58-րդ րոպեին հիանալի հնարավորություն կորցրեց Լիսաբոնի «Բենֆիկայի» հարձակվող Գոնսալո Ռամուշը, որը հեթ-տրիկ էր ձևակերպել շվեյցարացիների դեմ քառորդ եզրափակիչի խաղում (6-1):

63-րդ րոպեին Մարոկկոյի տուգանային հրապարակի մատույցներից հարվածեց Բրունու Ֆերնանդեշը, սակայն գնդակը բարձր ընթացավ: 

85-րդ րոպեին Կրիշտիանու Ռոնալդուի հետ գնդակը խաղարկելուց հետո լավ հարված կատարեց Ժոաո Ֆելիշը, բայց Յասին Բունուն կատարեց հերթական սեյվը: 

Ավելացված ժամանակի երրորդ րոպեին երկրորդ դեղին քարտը ստացավ ու խաղադաշտից հեռացվեց Մարոկկոյի հավաքականի և իտալական «Բարիի» հարձակվող Վալիդ Շեդիրան: 

Քիչ անց պորտուգալացիներին պարտությունից փրկելու լավ հնարավորություն կորցրեց «Պորտուի» 39-ամյա պաշտպան Պեպեն՝ վրիպելով նպաստավոր դիրքից:

Մարոկկոյի հավաքականը, հաղթանակ տանելով նվազագույն հաշվով, դուրս եկավ կիսաեզրափակիչ, որտեղ դեկտեմբերի 14-ին կմրցի Անգլիա - Ֆրանսիա դիմակայության հաղթողի հետ: 

ԱԱ-2022, քառորդ եզրափակիչ

Մարոկկո - Պորտուգալիա՝ 1-0 (տեսանյութ)

Յուսեֆ Էն-Նեսիրի, 42 

Հեռացում՝ Վալիդ Շեդիրա, 90+3 (Մարոկկո)

ԱԱ-2022. Մարոկկո - Պորտուգալիա. Մեկնարկային կազմեր

ԱԱ-2022-ի մասնակիցները. Տաղանդներով լեցուն Մարոկկոն մտադիր է զարմացնել աշխարհին

ԱԱ-2022-ի մասնակիցները. Ռոնալդուն ամեն ինչ կանի՝ վերջին փամփուշտը դիպուկ կրակելու համար

ԱԱ-2022. Մարոկկո – Պորտուգալիա խաղին ընդառաջ

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ