Իսպանիայի հավաքականին 1/8 եզրափակիչից դուրս թողնելով՝ Մարոկկոյի ազգային հավաքականը յուրացրեց ճապոնացիների «անակնկալ փաթեթը» Կատարում ընթացող Մունդիալում: Քառորդ եզրափակիչի ուղեգիր նվաճած հավաքականներից միայն մարոկկացիներն են, որ այս փուլ են դուրս եկել՝ 1/8 եզրափակիչում չունենալով ֆավորիտի կարգավիճակ: Իսկ ահա Պորտուգալիայի հավաքականի ավերիչ հաղթանակը շվեյցարացիների նկատմամբ ֆուտբոլային հանրությանն աշխարհի այս առաջնության հաղթողի հավակնորդների անվանացանկը վերանայելու հերթական շարժառիթը տվեց:
VNews-ը ներկայացնում է ամենաուշագրավը Մարոկկո – Պորտուգալիա խաղին ընդառաջ:
Միմյանց միջև խաղերը
Աշխարհի առաջնության շրջանակում Մարոկկոյի ու Պորտուգալիայի հավաքականները կհանդիպեն երրորդ անգամ: Թիմերի միջև առաջին հանդիպումը կայացել է 1986 թվականին, երբ մարոկկացիները խմբային փուլում հաղթանակի են հասել 3-1 հաշվով և առաջին տեղը գրավել Անգլիայի, Լեհաստանի և Պորտուգալիայի հետ խմբում:
Երկրորդ խաղը կայացել է նախորդ Մունդիալի խմբային փուլում: Պորտուգալիայի հավաքականը Կրիշտիանու Ռոնալդուի գոլի շնորհիվ հաղթել է նվազագույն հաշվով:
Ֆերնանդու Սանտուշի ու Ռոնալդուի դիլեման
Շվեյցարացիների նկատմամբ Պորտուգալիայի հավաքականի հաղթանակը 6-1 հաշվով և Գոնսալու Ռամուշի հեթ-տրիկը նույն խաղում, թվում է, պետք է գերիշխեին համաշխարհային մարզական պարբերականների գլխագրերում, սակայն գրեթե նույնքան ուշադրության կենտրոնում էր այն, որ պորտուգալացիների գլխավոր մարզիչ Ֆերնանդու Սանտուշը հավաքականի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուին թողել էր պահեստայինների նստարանին: Գերաստղ Ռոնալդուին ազգային հավաքականի պահեստայինների նստարանին տեսնելը, ինչ խոսք, արտառոց է, ու սա նաև նշանակում է, որ բոլորն անհամբերությամբ են սպասում Մարոկկոյի հավաքականի դեմ խաղում պորտուգալացիների մեկնարկային կազմին:
Ռոնալդուի ապագայի ու շվեյցարացիների դեմ խաղում մեկնարկային կազմում չլինելու վերաբերյալ քննարկումները կարող են շեղել հավաքականին, ինչն ամենաանցանկալին է այս պահին:
Ստեղծված դիլեման, այնուամենայնիվ, ավելի շատ խնդիրներ առաջացնում է ոչ թե պորտուգալացիների, այլ նրանց այսօրվա մրցակից Մարոկկոյի հավաքականի համար: Ո՞վ է լինելու մեկնարկային կազմում՝ «Ոսկե գնդակի» հնգակի դափնեկիր Ռոնալդո՞ւն, թե՞ շվեյցարացիներին տխրեցրած, երիտասարդ Գոնսալու Ռամուշը:
Աճող ճնշո՞ւմ, թե՞ լրացուցիչ մոտիվացիա
Մարոկկոյի հավաքականը Կատարում ընթացող Մունդիալում մնացած աֆրիկյան միակ թիմն է: Զարմանալի չէ, որ մայրցամաքի երկրպագուները համախմբվել են ու աջակցում են մարոկկացիներին այնպես, ինչպես Գանայի հավաքականին 2010 թվականի Մունդիալում: Իսպանիայի հավաքականի նկատմամբ հաղթանակն արդեն իսկ ցնծություն է պարգևել երկրպագուներին, բայց Մարոկկոն ցանկանում է ավելիին հասնել ու դառնալ աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ դուրս եկած աֆրիկյան առաջին թիմը:
Ճնշումն իհարկե մեծ է, բայց հաջողության հասնելու մոտիվացիան՝ նույնպես: Մարոկկացիներն արդեն իսկ արել են այն, ինչ քչերն էին սպասում: Հիմա պահը վայելելու ժամանակն է:
Առանցքային վիճակագրական տվյալներ
- Գոնսալու Ռամուշը շվեյցարացիների դեմ խաղում գրանցած հեթ-տրիկով միացավ «Ոսկե խաղակոշիկի» համար մղվող պայքարին, որի առաջատարը 5 գոլով Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն է:
- Բրունու Ֆերնանդեշն Անգլիայի հավաքականի հարձակվող Հարի Քեյնի հետ մրցաշարի ամենաշատ գոլային փոխանցում կատարած խաղացողն է (3-ական):
- Մարոկկոն Կատար-2022-ի ամենահուսալի պաշտպանություն ունեցող հավաքականն է (4 խաղում բաց է թողել միայն 1 գնդակ):
- Մարոկկոն 6-րդ անգամ է մասնակցում Մունդիալին: Աֆրիկյան երկրներից միայն Կամերունն է ավելի շատ մասնակցել (8):
Հավանական մեկնարկային կազմերը՝ ըստ VNews-ի
Մարոկկո. Յասին Բունու, Աշրաֆ Հաքիմի, Ռոմեն Սաիս, Ջավադ Յամիկ, Նուսաիր Մազրաուի, Սոֆյան Ամրաբաթ, Ազեդին Ունահի, Սելիմ Ամալահ, Հաքիմ Զիեշ, Յուսեֆ Էն-Նեսերի, Սոֆյան Բուֆալ:
Պորտուգալիա. Դիոգու Կոշտա, Դիոգու Դալո, Ռուբեն Դիաշ, Պեպե, Ռաֆայել Գերեյրու, Ուիլյամ Կարվալյու, Օտավիու, Բերնարդու Սիլվա, Բրունու Ֆերնանդեշ, Գոնսալու Ռամուշ, Ժոաու Ֆելիշ:
Մրցավար՝ Ֆակունդո Տելյո (Արգենտինա)
Սպասելիքները
Բելգիային ու Իսպանիային կանգնեցնել Մարոկկոն կարողացավ, բայց դա չի նշանակում, որ նույնը Պորտուգալիայի հավաքականի հետ անելը հեշտ լուծվող հարց է: Մարոկկացիները, անխոս, հիանալի են պաշտպանվում: Վկայությունը 4 խաղում բաց թողած միայն 1 գնդակն է: Այս հավաքականը մոտիվացիայի պակաս չունի, իսկ սպասելիքները նույնիսկ գերազանցել է:
Ինչ վերաբերում է Պորտուգալիայի հավաքականին, ապա Ֆերնանդու Սանտուշի գլխավորած տղաները շվեյցարացիների նկատմամբ ցնցող հաղթանակից հետո կփորձեն արագ լուծել նաև մարոկկացիների հարցերը: Ֆիզիկական տեսանկյունից, ըստ ամենայնի, Պորտուգալիայի հավաքականն առավելություն կունենա, քանի որ Մարոկկոյի հավաքականն ավելի քան 30 րոպե շատ է անցկացրել խաղադաշտում, չնայած հանգստանալու ժամանակ էլ է ունեցել:
Այս դիմակայության հաղթողի ֆավորիտը Պորտուգալիայի հավաքականն է, բայց Մարոկկոն տենչում է պատմության մեջ առաջին անգամ դուրս գալ աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ: Խորվաթները դեռևս 2018 թվականին են ապացուցել, իսկ այս տարի վերահաստատել, որ նվիրվածության, թիմային, ոգու ու կարգապահության շնորհիվ հնարավոր է հասնել ամեն ինչի:
Սանտուշի թիմի, հատկապես իր վերջին Մունդիալն անցկացնող Կրիշտիանու Ռոնալդուի համար Եվրոպայի չեմպիոնությունից հետո աշխարհի գավաթը նվաճելը երազանքների երազանք է, ու Պորտուգալիան ամեն ինչ անելու է՝ երազանքն իրականացնելու համար:
Օր և ժամ
Աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչի Մարոկկո – Պորտուգալիա խաղը կկայանա դեկտեմբերի 10-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 19:00-ին: