Կատարում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչի նախավերջին խաղում գրանցվեց սենսացիա: Մարոկկոյի հավաքականը հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում հաղթեց Իսպանիային և պատմության մեջ առաջին անգամ կխաղա Մունդիալի քառորդ եզրափակիչում:
Խաղի հիմնական ժամանակն ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքի՝ 0-0: Հանդիպումը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ, որտեղ նույնպես թիմերն անառիկ պահեցին դարպասները:
Ընդհանուր առմամբ՝ թիմերը խաղադաշտում անցկացրին 120 րոպեից ավելի, սակայն միասին կատարեցին երեք դիպուկ հարված, որից երկուսն իր հաշվին գրանցեց Մարոկկոն:
Գրեթե ամբողջ հանդիպման ընթացքում Մարոկկոյի հավաքականը պաշտպանվում էր մեծ ուժերով և հնարավորության դեպքում անցկացնում հակագրոհներ։ Իսպանացիներն ունեին հսկայական տարածքային առավելություն, սակայն իրական գոլային պահեր ստեղծել չէր հաջողվում։
Հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում ԱՖրիկայի ներկայացուցիչը հաղթեց 3-0 հաշվով: Լուիս Էնրիկեի գլխավորած թիմից վրիպեցին ֆրանսիական ՊՍԺ-ի ֆուտբոլիստներ Պաբլո Սարաբիան ու Կառլոս Սոլերը և կատալոնական «Բարսելոնայի» կիսապաշտպան Սերխիո Բուսկետսը: Երկու դեպքում հուսալի գործեց Մարոկկոյի հավաքականի և իսպանական «Սևիլիայի» դարպասապահ Բունուն, մեկ անգամ էլ գնդակը դիպավ դարպասաձողին։ Մարոկկացիների կազմում հաղթական 11-մետրանոցն իրացրեց ՊՍԺ-ի պաշտպան Աշրաֆ Հաքիմին:
Իսպանացիները երկրորդ Մունդիալն անընդմեջ պայքարը լքում են 1/8 եզրափակիչից: 2018 թվականին Ռուսաստանում կայացած աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչում Իսպանիայի հավաքականը կրկին հետխաղյա 11-մետրանոցներով պարտվել էր ընդունող երկրի հավաքականին:
Մարոկկոյի հավաքականը դեկտեմբերի 10-ին քառորդ եզրափակիչում կմրցի Պորտուգալիա - Շվեյցարիա զույգի հաղթողի հետ:
ԱԱ-2022, 1/8 եզրափակիչ
Մարոկկո - Իսպանիա՝ 0-0 (11-մետրանոցներով՝ 3-0) (տեսանյութ)
ԱԱ-2022-ի մասնակիցները. Տաղանդներով լեցուն Մարոկկոն մտադիր է զարմացնել աշխարհին
ԱԱ-2022-ի մասնակիցները. Սուպերսերունդի առաջին փորձը, որը կարող է չեմպիոնական դառնալ


