Կատարում շարունակվող ֆուտբոլի աշխարհի առաջնությունում պայքարը սկսեց աշխարհի փոխչեմպիոն Խորվաթիայի հավաքականը։
F խմբի առաջին տուրի մեկնարկային խաղում խորվաթները գոլազուրկ ոչ-ոքի խաղացին Մարոկկոյի հավաքականի հետ։ Սա ԱԱ-2022-ի երրորդ գոլազուրկ ոչ-ոքին էր։ Ավելի վաղ 0-0 հաշիվն էր գրանցվել Դանիա - Թունիս և Մեքսիկա - Լեհաստան խաղերում։
Հիշեցնենք, որ Ռուսաստանում 2018 թվականին կայացած աշխարհի առաջնությունում 64 խաղերից միայն մեկն էր ավարտվել գոլազուրկ ոչ-ոքի (Ֆրանսիա - Դանիա):
Խորվաթիայի հավաքականի ավագ Լուկա Մոդրիչը դարձավ պատմության առաջին ֆուտբոլիստը, որը երեք տարբեր տասնամյակներում մասնակցել է և՛ աշխարհի առաջնությանը, և՛ Եվրոպայի առաջնությանը:
Մադրիդի «Ռեալի» 37-ամյա կիսապաշտպանը մասնակցել է չորս աշխարհի առաջնության (2006, 2014, 2018, 2022 թվականներին) և չորս Եվրոպայի առաջնության (2008, 2012, 2016, 2020 թվականներին):
Խորվաթիայի հավաքականում անցկացրած 155 խաղում 2018թ․ «Ոսկե գնդակի» դափնեկիրը խփել է 23 գոլ, կատարել 25 գոլային փոխանցում:
ԱԱ-2022-ի երկրորդ տուրում Խորվաթիայի հավաքականը կմրցի Կանադայի, իսկ Մարոկկոն՝ Բելգիայի հետ:
Հիշեցնենք, որ F խմբի առաջին տուրի երկրորդ խաղում կմրցեն Բելգիայի ու Կանադայի հավաքականները: Նոյեմբերի 23-ին կայանալիք խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին:
ԱԱ-2022, առաջին տուր
F խումբ
Մարոկկո - Խորվաթիա՝ 0-0 (տեսանյութ)


