Ճապոնիայի ու Խորվաթիայի հավաքականները Կատարում շարունակվող ֆուտբոլի աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչի հանդիպման հիմնական ժամանակում չպարզեցին հաղթողին՝ 1-1: Խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ:
Առաջին կեսը շատ ակտիվ սկսեցին ճապոնացիները ու հաշիվը բացելու մի քանի լավ հնարավորություն ունեցան: Խաղակեսի միջնամասում խորվաթները հավասարեցրին խաղը. 28-րդ րոպեին հաջողությանը մոտ էր գերմանական «Հոֆենհայմի» հարձակվող Անդրեյ Կրամարիչը, սակայն նրա՝ գլխով կատարած հարվածից հետո գնդակը մի փոքր շեղ ընթացավ:
41-րդ րոպեին շոտլանդական «Սելթիկի» ճապոնացի հարձակվող Դայզեն Մաեդան անկյունայինի խաղարկման արդյունքում բացեց հաշիվը:
Երկրորդ խաղակեսում Խորվաթիայի հավաքականը սկսեց ճնշում գործադրել ճապոնացիների պաշտպանության վրա ու արագ հասավ հաջողության: Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» պաշտպան Դեյան Լովրենի՝ խորքից կատարած փոխանցումից հետո Լոնդոնի «Տոտենհեմի» վինգեր Իվան Պերիշիչը գլխի հարվածով տպավորիչ գոլ խփեց ու վերականգնեց հավասարակշռությունը:
Ճապոնիան կարող էր հաշվի մեջ կրկին առաջ անցնել 3 րոպե անց. գերմանական «Շտուտգարտի» կիսապաշտպան Ուատարո Էնդոյի հարվածից հետո փայլեց Դինամո «Զագրեբի» դարպասապահ Դոմինիկ Լիվակովիչը:
63-րդ րոպեին տպավորիչ հարված կատարեց Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը, սակայն այս անգամ էլ իր վարպետությունը ցուցադրեց Ճապոնիայի հավաքականի դարպասապահ Շուիչի Գոնդան:
77-րդ րոպեին դուբլ կարող էր գրանցել Իվան Պերիշիչը, սակայն նրա կատարած հարվածը դիպուկ չստացվեց:
Հանդիպման մնացած հատվածում լուրջ գոլային պահեր չեղան, հիմնական ժամանակն ավարտվեց 1-1 հաշվով, ու խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ:


