Կատարում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնության E խմբի մեկնարկային տուրի առաջին խաղում Գերմանիայի հավաքականը մրցեց Ճապոնիայի ազգային թիմի հետ և անակնկալ պարտություն կրեց 1-2 հաշվով:
Խաղի մեկնարկից առաջ ավանդական թիմային լուսանկարում գերմանացիներն իրենց դժգոհությունը հայտնեցին ՖԻՖԱ-ից, որն արգելել է Կատար-2022-ում կրել ԼԳԲՏ անձանց աջակցության համար OneLove գրությամբ ավագի թևկապը:
33-րդ րոպեին գերմանացիների կազմում հաշիվը բացեց անգլիական «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Իլկայ Գյունդոգանը, որն անվրեպ իրացրեց 11-մետրանոց հարվածը:
75-րդ րոպեին հաշվի հավասարակշռությունը վերականգնեց Ճապոնիայի հավաքականի և գերմանական «Ֆրայբուրգի» կիսապաշտպան Ռիտսու Դոանը:
83-րդ րոպեին ճապոնացիներին կամային հաղթանակ պարգևեց գերմանական «Բոխումի» հարձակվող Տակումա Ասանոն:
Այս խմբի առաջին տուրի երկրորդ խաղում Երևանի ժամանակով 20:00-ից կմրցեն Իսպանիայի և Կոստա-Ռիկայի հավաքականները:
Երկրորդ տուրում Գերմանիայի հավաքականը կխաղա Իսպանիայի, Ճապոնիայի հավաքականը՝ Կոստա-Ռիկայի հետ
ԱԱ-2022, առաջին տուր
E խումբ
Գերմանիա - Ճապոնիա՝ 1-2 (տեսանյութ)
Իլկայ Գյունդոգան, 33 (11մ.) - Ռիտսու Դոան, 75, Տակումա Ասանո, 83


