ՖԻՖԱ-ն հայտնել է, որ աշխարհի 2026 թվականի առաջնության տոմսերի վաճառքի երրորդ փուլի մեկնարկի առաջին 24 ժամվա ընթացքում ավելի քան 200 երկրներից երկրպագուներ ներկայացրել են ավելի քան 5 միլիոն հայտ։
«Աշխարհի առաջնության տոմսերի վաճառքի երրորդ փուլի մեկնարկից ի վեր՝ 24 ժամվա ընթացքում, ամբողջ աշխարհից պահանջարկը հասել է անհավանական մակարդակի։ 200-ից ավելի երկրներից և տարածքներից երկրպագուներ FIFA.com/tickets կայքի միջոցով ներկայացրել են 5 միլիոնից ավելի հայտ:
Նախնական տվյալները ցույց են տալիս մեծ հետաքրքրություն խմբային փուլի բարձր մակարդակի խաղերի նկատմամբ: Խմբային փուլում երկրպագուներին ամենաշատը հետաքրքրում է Կոլումբիա - Պորտուգալիա խաղը (Մայամի, հունիսի 27)»,- նշված է ՖԻՖԱ-ի հայտարարությունում:
Հիշեցնենք, որ Մունդիալ-2026-ը կանցկացվի հունիսի 11-ից հուլիսի 19-ը Միացյալ Նահանգներում, Մեքսիկայում և Կանադայում: Առաջին անգամ մրցաշարին կմասնակցեն 48 երկրի ազգային հավաքականներ:


