Բահրեյնի մայրաքաղաք Մանամայում մեկնարկած ծանրամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի առաջին ներկայացուցիչ Գառնիկ Չոլակյանը (61 կգ) B խմբում հաղթելուց հետո ընդհանուր հաշվարկում երկամարտի 280 կգ (130+150) արդյունքով գրավեց 7-րդ տեղը:
A խմբի մասնակիցների ելույթներից հետո Չոլակյանը փոքր բրոնզե մեդալ նվաճեց պոկում վարժությունում` 130 կգ արդյունքով: Հրում վարժությունում 150 կգ արդյունքով 7-րդն է:
Աշխարհի չեմպիոն դարձավ հյուսիսկորեացի Պակ Ջինը, որը երկամարտում գրանցեց 305 կգ (132+173) արդյունք:
Հիշեցնենք, որ աշխարհի առաջնությունում բացի Չոլակյանից, տղամարդկանց թիմից հարթակ դուրս կգան նաև Գոռ Սահակյանը (73 կգ), Անդրանիկ Կարապետյանը (89 կգ), Դավիթ Հովհաննիսյանը, Հակոբ Մկրտչյանը (երկուսն էլ՝ 96 կգ), Արա Աղանյանը (102 կգ), Գարիկ Կարապետյանը, Պետրոս Պետրոսյանը (երկուսն էլ՝ 109 կգ) և Վարազդատ Լալայանը: Վնասվածքի պատճառով մրցավայր չի մեկնել գերծանր քաշային Սիմոն Մարտիրոսյանը:
Կանանց թիմից ԱԱ-ին կմասնակցեն Ալեքսանդրա Գրիգորյանը (55 կգ) և Տաթև Հակոբյանը ( 87 կգ):