Հայաստանի ներկայացուցիչ Հարություն Մերդինյանը երկրորդ անգամ դարձավ սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնության նժույգ թափեր վարժության բրոնզե մեդալակիր։
Անգլիայի Լիվերպուլ քաղաքում ընթացող աշխարհի առաջնության եզրափակիչում Եվրոպայի կրկնակի չեմպիոն, փոխչեմպիոն ու եռակի բրոնզե մեդալակիր Հարություն Մերդինյանը հավաքեց 14.733 միավոր:
Չեմպիոնի կոչումը նվաճեց իռլանդացի Ռիշ Ջոշուա Մակքլենագանը՝ 15.300 միավոր:
Հարություն Մերդինյանն աշխարհի առաջնությունում բրոնզե մեդալ նվաճել էր նաև 2015-ին Գլազգոյում կայացած ԱԱ-ում։
Նոյեմբերի 5-ին օղակների վարժության եզրափակիչում Հայաստանի հավաքականը երկու մասնակից ունի: Մեդալների համար կպայքարեն Եվրոպայի փոխչեմպիոն, աշխարհի գավաթակիր Վահագն Դավթյանը և աշխարհի գավաթի արծաթե մեդալակիր Արթուր Ավետիսյանը:
Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի գավաթակիր, Եվրոպական խաղերի չեմպիոն, Եվրոպայի չեմպիոն, կրկնակի փոխչեմպիոն և բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը հենացատկի վարժության եզրափակիչում ելույթ կունենա նոյեմբերի 6-ին։


