Բահրեյնի մայրաքաղաք Մանամայում ավարտվող ծանրամարտի աշխարհի առաջնության մրցումային նախավերջին օրը մրցահարթակ դուրս կգա Հայաստանի երեք ներկայացուցիչ։
Երևանի ժամանակով 14:00-ից կմեկնարկի 109 կգ քաշային կարգի B խմբի պայքարը, որին մասնակցելու է Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Պետրոս Պետրոսյանը։
18:30-ից սկսած` նույն քաշի A խմբի մրցմանը կմիանա նաև Եվրոպայի չեմպիոն ու բրոնզե մեդալակիր Գարիկ Կարապետյանը։ 21-ամյա ծանրորդը երկամարտի համար նախնական պատվիրել է 400 կիլոգրամ։
21:00-ից մրցահարթակում կլինի Եվրոպայի փոխչեմպիոն ու բրոնզե մեդալակիր Տաթև Հակոբյանը (87 կգ), որը երկամարտի համար պատվիրել է 246 կիլոգրամ։
Հիշեցնենք, որ մրցումային նախորդ օրերին Հայաստանի ներկայացուցիչներից Գառնիկ Չոլակյանը (61 կգ), հանդես գալով B խմբում, փոքր բրոնզե մեդալ է նվաճել պոկում վարժությունում, Ալեքսանդրա Գրիգորյանը (55 կգ) երկամարտի 205 կգ (85+120) արդյունքով դարձել է բրոնզե մեդալակիր, Գոռ Սահակյանը (73 կգ) գրավել է 8-րդ տեղը, Անդրանիկ Կարապետյանը (89 կգ), Դավիթ Հովհաննիսյանը (96 կգ), Արա Աղանյանը (102 կգ) 0 են ստացել ու երկամարտի արդյունք չեն գրանցել, իսկ Հակոբ Մկրտչյանը 96 կգ քաշային կարգի մրցման պայքարի մեկնարկից անմիջապես առաջ հրաժարվել է մրցելույթից։
Աշխարհի առաջնությունում Հայաստանից մեդալային պայքարին կմասնակցի նաև Վարազդատ Լալայանը (+109 կգ)։