Բահրեյնի մայրաքաղաք Մանամայում դեկտեմբերի 15-ին կավարտվի ծանրամարտի աշխարհի առաջնությունը:
Տղամարդկանց գերծանր քաշային կարգում Հայաստանի հավաքականից հարթակ դուրս կգա 2024թ. Փարիզի Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, աշխարհի կրկնակի փոխչեմպիոն, բրոնզե մեդալակիր, Եվրոպայի գործող չեմպիոն, կրկնակի փոխչեմպիոն, բրոնզե մեդալակիր Վարազդատ Լալայանը:
25-ամյա ծանրորդի երկամարտի նախնական հայտը 460 կգ է: Նույն պատվերն ունի նաև Բահրեյնը ներկայացնող հայ ծանրորդ Գոռ Մինասյանը, որն Օլիմպիական խաղերի արժաթե և բրոնզե մեդաալակիր է, աշխարհի կրկնակի փոխչեմպիոն, բրոնզե մեդալակիր, Եվրոպայի եռակի փոխչեմպիոն, ԱՍիայի կրկնակի չեմպիոն:
Հիշեցնենք, որ աշխարհի առաջնությանը չի մասնակցի Օլիմպիական խաղերի եռակի, աշխարհի և Եվրոպայի 7-ակի չեմպիոն, վրացի Լաշա Տալախաձեն, որը պատգամավորական մանդատ է ստացել:
Գերծանր քաշային կարգի մրցումը կմեկնարկի Երևանի ժամանակով 18:30-ին:
Մինչև այժմ Հայաստանի ներկայացուցիչներից Գառնիկ Չոլակյանը (61 կգ), հանդես գալով B խմբում, փոքր բրոնզե մեդալ է նվաճել պոկում վարժությունում, Ալեքսանդրա Գրիգորյանը (55 կգ) երկամարտի 205 կգ (85+120) արդյունքով դարձել է բրոնզե մեդալակիր, Գոռ Սահակյանը (73 կգ) գրավել է 8-րդ տեղը, Անդրանիկ Կարապետյանը (89 կգ), Դավիթ Հովհաննիսյանը (96 կգ), Արա Աղանյանը (102 կգ) 0 են ստացել ու երկամարտի արդյունք չեն գրանցել, Գարիկ Կարապետյանը (109 կգ) պոկում վարժությունում արծաթե մեդալ է նվաճել, իսկ հրմանը չի մասնակցել վնասվածքի պատճառով, Տաթև Հակոբյանը (87 կգ) գրավել է 13-րդ տեղը, Հակոբ Մկրտչյանը 96 կգ քաշային կարգի մրցման պայքարի մեկնարկից անմիջապես առաջ հրաժարվել է մրցելույթից։