Բրազիլական «Ֆլումինենսեն» անակնկալ հաղթանակ տարավ Իտալիայի փոխչեմպիոն «Ինտերի» դեմ խաղում և դուրս եկավ ԱՄՆ-ում ընթացող աշխարհի ակումբային առաջնության քառորդ եզրափակիչ:
1/8 եզրափակիչի խաղում բրազիլական թիմը միլանյան գրանդին հաղթեց 2-0 հաշվով: Խաղի հաշիվը երրորդ րոպեին բացեց 37-ամյա արգենտինացի հարձակվող Խերման Կանոն: Երկրորդ խաղակեսին ավելացված երրորդ րոպեին հանդիպման վերջակետը դրեց բրազիլացի կիսապաշտպան Էրկուլեսը` 2-0:
«Ինտերի» կազմում մեկնարկից խաղադաշտ դուրս եկավ Հայաստանի ազգային հավաքականի պատմության մեջ գլխավոր ռմբարկու Հենրիխ Մխիթարյանը: 36-ամյա կիսապաշտպանը փոխարինվեց 53-րդ րոպեին:
Սա «Ինտերի» համար առաջին պարտությունն է ռումինացի մասնագետ Քրիստիան Կիվուի գլխավորությամբ:
«Ֆլումինենսեն» կիսաեզրափակիչի ուղեգիրը կվիճարկի անգլիական «Մանչեսթեր Սիթիի» և Ռիադի «Ալ Հիլալի» դիմակայության հաղթողի հետ: «Մանչեսթեր Սիթի» - «Ալ Հիլալ» խաղը ժամը 05:00-ից կլինի «Ֆասթ Սպորտ»-ի ուղիղ եթերում:
Աշխարհի ակումբային առաջնություն, 1/8 եզրափակիչ
«Ինտեր» (Իտալիա) - «Ֆլումինենսե» (Բրազիլիա)` 0-2
Խերման Կանո, 3, Էրկուլես, 90+3


