ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի հաղթող «Չելսին» ԱՄՆ-ում ընթացող աշխարհի ակումբային առաջնության քառորդ եզրափակիչում է:
Իտալացի Էնցո Մարեսկայի գլխավորած թիմը 1/8 եզրափակիչում լրացուցիչ ժամանակը ներառյալ 4-1 հաշվով հաղթեց Լիսաբոնի «Բենֆիկային»:
64-րդ րոպեին հեռվից տուգանային հարվածով հաշիվը բացեց «Չելսիի» ավագ, Անգլիայի հավաքականի պաշտպան Ռիս Ջեյմսը: Հանդիպումն 86-րդ րոպեին ընդհատվեց՝ Շառլոթում ամպրոպի ու կայծակի վտանգով պայմանավորված: Երկարատև ընդմիջումից հետո թիմերը վերադարձան խաղադաշտ: Հիմնական ժամանակին ավելացված 5-րդ րոպեին 11-մետրանոցից հաշիվը հավասարեցրեց և խաղը լրացուցիչ ժամանակ տեղափոխեց «Բենֆիկայի» կիսապաշտպան Անխել Դի Մարիան:
Լրացուցիչ ժամանակի սկզբում պորտուգալական ակումբը մնաց 10 ֆուտբոլիստով. հեռացվեց Ջանլուկա Պրեստիանին: Դրանից հետո «Չելսին» 3 գոլ խփեց և դուրս եկավ հաջորդ փուլ:
Անգլիական գրանդը քառորդ եզրափակիչում կմրցի «Պալմեյրասի» դեմ, որն ավելի վաղ բրազիլական դիմակայությունում 1-0 հաշվով հաղթել էր «Բոտաֆոգոյին»:
Աշխարհի ակումբային առաջնություն, 1/8 եզրափակիչ
«Բենֆիկա» (Պորտուգալիա) - «Չելսի» (Անգլիա)` 1-1 (լրացուցիչ ժամանակ՝ 0-3)
Անխել Դի Մարիա, 90+5, 11-մետրանոց - Ռիս Ջեյմս, 64, Քրիստոֆեր Նկունկու, 108, Պեդրու Նետու, 114, Կիրնան Դյուզբերի-Հոլ, 117
Հեռացում՝ Ջանլուկա Պրեստիանի («Բենֆիկա»), 91
Աշխարհի ակումբային առաջնության հանդիպումները, սկսած փլեյ-օֆֆից, հեռարձակվում են Fast Sports հեռուստաալիքների ուղիղ եթերում և Fast TV հավելվածում (iOS, Android)։


