
3-րդ տարին անընդմեջ մասնակցելով եվրոպական գավաթների խաղարկությանն, «Ալաշկերտն» անցկացրած 9 հանդիպումներում 4-րդ հաղթանակը տոնեց: Հիշեցնենք, որ անդրանիկ հաղթանակն ալաշկերտցիները տոնել են 2015/16թթ. Եվրոպա լիգայի խաղարկության որակավորման առաջին փուլում՝ սեփական հարկի տակ 1-0 հաշվով պարտության մատնելով շոտլանդական «Սենթ Ջոնսթոնին»:
Այդ մրցաշարի երկրորդ փուլում, կրկին Երևանում «Ալաշկերտը» 2-1 հաշվով հաղթել է ղազախական «Կայրաթին»: Իսկ անցած տարի Չեմպիոնների լիգայի մրցաշարի որակավորման առաջին փուլում Հայաստանի չեմպիոնը սեփական հարկի տակ 3 անպատասխան գնդակ էր ուղարկել Անդորրայի «Սանտա-Կոլոմայի» դարպասը:
Իր սաների հետ եվրոգավաթներում տոնած 4 հաղթանակների քանակով Աբրահամ Խաշմանյանը հավասարվեց մինչ այդ լավագույն արդյունքի հասած Արկադի Անդրեասյանին, Վարդան Բիչախչյանին և Սարգիս Հովսեփյանին:
Ընդ որում Արկադի Անդրեասյանն իր սաների հետ հաղթանակի բերկրանքը վայելել է երկու թիմում՝ «Արարատում» և «Միկայում»: Նրա գլխավորությամբ արարատցիները 1999/2000թթ. Ինտերտոտոյի գավաթի մրցաշարում երկու հանդիպումներում էլ միևնույն 1-0 հաշվով հաղթել են ռումինական «Բաքեուին»:
2007/08թթ. ՈՒԵՖԱ-ի գավաթի մրցաշարում էլ Անդրեասյանի օրոք «Միկան» հաղթել է հունգարական ՄՏԿ-ին (1-0) և Սլովակիայի «Արտմեդիային» (2-1):
Վարդան Բիչախչյանի անվան հետ են կապված վերջին 5 տարիներին եվրոգավաթներում շիրակցիների հաջող մրցելույթները: Նրա գլխավորությամբ «Շիրակը» հաղթել է Չեռնոգորիայի «Ռուդարին»՝ 1-0 (2012/13թթ.՝ ԵԼ), Սան Մարինոյի «Տրե Պենեին»՝ 3-0 (2013/14թթ.՝ ՉԼ), Բոսնիայի «Զրինսկուն»՝ 2-0 (2015/16թթ.՝ ԵԼ) և վրացական «Դիլային»՝ 1-0 (2016/17թթ.՝ ԵԼ):

«Փյունիկը» գլխավորած Սարգիս Հովսեփյանին հաջողվել է մեկ խաղարկությունում իր սաների հետ 3 հաղթանակ տոնել, ինչը յուրօրինակ ռեկորդ է հայկական թիմերը գլխավորած մարզիչների մեջ: Նրա գլխավորությամբ 2015/16թթ. Չեմպիոնների լիգայի մրցաշարի որակավորման առաջին փուլում «Փյունիկը» երկու հանդիպումներում էլ միևնույն 2-1 հաշվով հաղթել է Սան Մարինոյի «Ֆոլգորեին», իսկ հաջորդ փուլում նվազագույն հաշվով առավելության է հասել նորվեգական «Մոլդեի» նկատմամբ, որին առաջին խաղում հյուրընկալվելիս պարտվել էր 0-5 հաշվով:
Եվրոգավաթներում իր սաների հետ 4-րդ հաղթանակը Հովսեփյանը տոնել է 2016/17թթ. Եվրոպա լիգայի մրցաշարի որակավորման առաջին փուլում սեփական հարկի տակ 2-1 հաշվով առավելության հասնելով Ջիբրալթարի «Եվրոպայի» նկատմամբ:
Ընդհանուր առմամբ մինչ օրս հայկական ակումբները գլխավորած մարզիչներից միայն 22-ին է հաջողվել իրենց սաների հետ եվրոգավաթներում հաղթել: Առաջինը Սամվել Դարբինյանն էր, որի գլխավորությամբ արարատցիները 1995/96թթ. Գավաթակիրների գավաթի խաղարկությունում սեփական հարկի տակ 2-0 հաշվով պարտության մատնեցին լեհական ԳԿՍ-ին:
Սամվել Դարբինյանը նաև առաջին մարզիչն էր, որի գլխավորած թիմին հաջողվեց հաղթահարել եվրոգավաթի մրցաշարի առաջին փուլը: Վերը նշված խաղում արարատցիները հետխաղյա 11մ հարվածներով հաղթելով, հաջորդ փուլի ուղեգիր նվաճեցին:
Եվրոգավաթներում իրենց գլխավորած թիմերի հետ 2-ական հաղթանակ են տոնել Անդրանիկ Ադամյանը («Շիրակ»), արգենտինացի Օսկար Լոպեսը («Փյունիկ») և Արմեն Գյուլբուդաղյանցը («Փյունիկ», «Բանանց»):
Մեկական անգամ հաջողությունն ուղեկցել է Սամվել Դարբինյանին («Արարատ»), Սամվել Պետրոսյանին («Կոտայք»), Խորեն Հովհաննիսյանին («Փյունիկ»), Էդուարդ Մարգարովին («Միկա»), Սամվել Ղասաբօղլյանին («Զվարթնոց»), ռումինացի Միխայ Ստոյկիցային («Փյունիկ»), Ռաֆայել Գալստյանին («Կոտայք»), Վարդան Մինասյանին («Փյունիկ»), Աշոտ Բարսեղյանին («Բանանց»), ռուսաստանցի Նիկոլայ Կիսելյովին («Բանանց»), Վարուժան Սուքիասյանին («Արարատ»), Սուրեն Չախալյանին («Փյունիկ»), Սամվել Սարգսյանին («Գանձասար Կապան»), Ռաֆայել Նազարյանին («Փյունիկ») և սլովակ Ժոլտ Հոռնյակին («Բանանց»):
Աշոտ Հայրապետյան

