Աբրահամ Խաշմանյանին 3-րդ տարին անընդմեջ «Ալաշկերտի» գլխավոր մարզչի պաշտոնում հաջողվեց իր սաների հետ եվրոգավաթներում հաղթահարել առաջին փուլի արգելքը՝ դառնալով յուրօրինակ ռեկորդի հեղինակ: Նա գերազանցեց Վարդան Բիչախչյանի ցուցանիշը, ով իր սաներին 2 տարի անընդմեջ (2012-2013, 2015-2016թթ.) եվրոգավաթների խաղարկության հաջորդ փուլի ուղեգիր էր պարգևել:
Աբրահամ Խաշմանյանը եվրոգավաթներում հերթական նվաճմանը հասավ: 2015թ. նա դարձել էր առաջին մարզիչը, որին հաջողվել էր եվրոգավաթներում նորամուտը նշած թիմին հաջորդ փուլի ուղեգիր պարգևել: Նախկինում մարզիչներից Սամվել Դարբինյանը, Արկադի Անդրեասյանը, Օսկար Լոպեսը, Միխայ Ստոյկիցան, Վարդան Մինասյանը, Աշոտ Բարսեղյանը, Արմեն Գյուլբուդաղյանցը, Վարդան Բիչախչյանն ու Սամվել Սարգսյանը ևս եվրոգավաթներում իրենց նորամուտը նշել էին առաջին փուլի արգելքի հաղթահարմամբ, սակայն նրանց գլխավորած թիմերն, ի տարբերություն «Ալաշկերտի», առաջին անգամը չէին, որ հանդես էին գալիս եվրոպական մրցասպարեզում:
Անցած տարի էլ Խաշմանյանը նոր ռեկորդ սահմանեց՝ դառնալով միակը, որի գլխավորած թիմը Չեմպիոնների լիգայում նորամուտը նշեց հաջորդ փուլի ուղեգրի նվաճմամբ:
Մինչ օրս եվրոգավաթներում հայկական ակումբները գլխավորած թիմերի մարզիչներից միայն 12-ին է հաջողվել իրենց սաների հետ հաղթահարելու առաջին փուլի արգելքը:
Մարզիչներից առաջինը նման հաջողության է հասել Սամվել Դարբինյանը: Նրա գլխավորությամբ «Արարատը» 1995թ. Գավաթակիրների գավաթի խաղարկությունում պայքարից դուրս էր մղել լեհական ԳԿՍ-ին:
Առաջին խաղում հյուրընկալվելիս արարատցիները պարտվել էին 0:2 հաշվով: Սեփական հարկի տակ կայացած պատասխան խաղում արարատցիները Տիգրան Գսպեյանի և Արամայիս Տոնոյանի խփած 2 անպատասխան գոլերի շնորհիվ ռևանշի հասան մրցակցի նկատմամբ և 11մ հարվածաշարով հաղթելով 5:4 հաշվով, մտան հաջորդ փուլ:
Մարզիչներից առավել հաջողակ է գտնվել Վարդան Բիչախչյանը, որի գլխավորությամբ գյումրեցիները մեկ անգամ հաղթահարել են Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի արգելքը (2013/14թթ.), 3 անգամ էլ մտել են Եվրոպա լիգայի մրցաշարի հաջորդ փուլ (2012/13, 2015/16թթ., 2016/17թթ.):
3 անգամ իր սաների հետ եվրոգավաթների խաղարկության հաջորդ փուլի ուղեգիր է նվաճել Արկադի Անդրեասյանը: Նրա գլխավորությամբ 1997/98թթ. Գավաթակիրների գավաթի և 1999/2000թթ. Ինտերտոտոյի գավաթի խաղարկություններում հաջողության է հասել «Արարատը», իսկ 2007/08թթ. Անդրեասյանի օրոք «Միկան» է ՈւԵՖԱ-ի գավաթի մրցաշարի հաջորդ փուլի ուղեգիր նվաճել:
Ճիշտ է, 1997թ. «Արարատը» միայն տեխնիկական հաղթանակի շնորհիվ կարողացավ հաղթահարել Բաթումի «Դինամոյի» արգելքը, որին պարտվել էր 2 հանդիպումներում էլ (2:4, 0:2): Առաջին խաղի արդյունքն ՈւԵՖԱ-ն չեղյալ էր հայտարարել ու «Արարատին» 3:0 հաշվով հաղթանակ էր շնորհել, քանի որ դինամոյականների կազմում որակազրկված ֆուտբոլիստ էր հանդես եկել:
VivaroNews.am-ը ներկայացնում է այն 12 հաջողակ մարզիչների ցանկը, որոնց գլխավորած թիմերը եվրոգավաթներում հաջորդ փուլի ուղեգիր են նվաճել:
| Մարզիչներ | Ակումբ | Մրցակից | Հաշիվ | Մրց. | Թվական |
| 1.Վարդան Բիչախչյան | «Շիրակ» | «Ռուդար» | 1:0, 1:1 | ԵԼ | 2012 |
| «Շիրակ» | «Տրե Պենե» | 3:0, 0:1 | ՉԼ | 2013 | |
| «Շիրակ» | «Զրինսկի» | 2:0, 1:2 | ԵԼ | 2015 | |
| «Շիրակ» | «Դիլա» | 0:1, 1:0 (4:1`11մ) | ԵԼ | 2016 | |
| 2.Արկադի Անդրեասյան | «Արարատ» | «Դինամո» Բթ. | 3:0, 0:2 | ԳԳ | 1997 |
| «Արարատ» | «Բաքեու» | 1:0, 1:0 | ԻԳ | 1999 | |
| «Միկա» | ՄՏԿ | 1:2, 1:0 | ՈԻԳ | 2007 | |
| 3.Աբրահամ Խաշմանյան | «Ալաշկերտ» | «Սենթ Ջոնսթոն» | 1:0, 1:2 | ԵԼ | 2015 |
| «Ալաշկերտ» | «Սանտա Կոլոմա» | 0:0, 3:0 | ՉԼ | 2016 | |
| «Ալաշկերտ» | «Սանտա Կոլոմա» | 1:0, 1:1 | ՉԼ | 2017 | |
| 4.Սամվել Դարբինյան | «Արարատ» | ԳԿՍ | 0:2, 2:0 (5:4` 11մ) | ԳԳ | 1995 |
| 5.Օսկար Լոպես | «Փյունիկ» | «Տամպերե» | 4:0, 2:0 | ՉԼ | 2002 |
| 6.Միխայ Ստոյկիցա | «Փյունիկ» | «Ռեյկյավիկ» | 1:0, 1:1 | ՉԼ | 2003 |
| 7.Վարդան Մինասյան | «Փյունիկ» | «Պոբեդա» | 3:1, 1:1 | ՉԼ | 2004 |
| 8.Աշոտ Բարսեղյան | «Բանանց» | «Լոկոմոտիվ» Թբ. | 2:3, 2:0 | ՈԻԳ | 2005 |
| 9.Արմեն Գյուլբուդաղյանց | «Փյունիկ» | «Դերի Սիթի» | 0:0, 2:0 | ՉԼ | 2007 |
| 10.Սամվել Սարգսյան | «Գանձասար» | «Ստրեյմուր» | 1:3, 2:0 | ԵԼ | 2012 |
| 11.Ռաֆայել Նազարյան | «Փյունիկ» | «Տետեքս» | 1:1, 1:0 | ԵԼ | 2013 |
| 12.Սարգիս Հովսեփյան | «Փյունիկ» | «Ֆոլգորե» | 2:1, 2:1 | ՉԼ | 2015 |
Աշոտ Հայրապետյան

