Ադրբեջանցիներն ավերել են Հալիվորի կամուրջը, որի` տիեզերքից արված լուսանկարները հրապարակել է «Կովկասի ժառանգության մշտադիտարկում» (“Caucasus Heritage Watch”) կայքը։

«Հալիվորի կամ Հալևորի կամուրջը գտնվում է Հադրութի շրջանի Մեծ Թաղեր գյուղից 2կմ հարավ-արևմուտք` Իշխանագետի վրա: Համաձայն կամրջի հոսքընթաց ճակատին ագուցված քարի վրա փորագրված և ցարդ պահպանված շինարարական 7 տողանի արձանագրության` կառուցվել է 1835թ.: Այն Իշխանագետի և նրա վտակների վրա կառուցված 6 կամուրջներից մեկն է, որոնցից չորսն անխափան պահպանվում են և գործում:
Հալիվորի կամուրջն ասես Իշխանագետի կանաչ գոտին լինի: Իրականում այդ գոտին Մեծ Թաղերի տարածքը գետի վրայով կապում է Տումի գյուղի տարածության հետ: Միակամար, կիսագլանաձև թաղով ծածկված կամուրջն իրար է կապել ժայռոտ ձորափերը: Այն ունի 20 մետր երկարություն, 3 մետր լայնություն և 9 մետր բարձրություն: Կամարային բացվածքի լայնությունը կազմում է 9 մետր», - հաղորդում է Արցախի Հանրապետության Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայությունը։


