Ջենարո Գատուզոն վերադառնում է այնտեղ, որտեղ ֆուտբոլային ցավն ու հպարտությունը դառնում են ազգային։ Այս անգամ՝ ոչ որպես կիսապաշտպան, որի աչքերում կրակ էր, այլ որպես գլխավոր մարզիչ, որի առջև կարծես անլուծելի խնդիր է՝ փրկել «Աձուրիին» խայտառակությունից։
Իտալական ֆուտբոլի պայքարող ոգին՝ Գատուզոն, ստանձնել է մի առաքելություն, որը շատ իտալացիների համար ավելի կարևոր է, քան ցանկացած տիտղոս՝ առաջնորդել իր երկիրը, վերադառնալ մեծ բեմ ու վերադարձնել Մունդիալը Իտալիային:
ԵՐԱԶԱՆՔԻ ՈՒ ՀԻԱՍԹԱՓՈՒԹՅԱՆ ԱՐԱՆՔՈՒՄ
Ռոբերտո Մանչինիի՝ ԵՎՐՈ-2020-ում հաղթանակը կարծես ակնարկում էր իտալական ֆուտբոլի վերածնունդը: «Ուեմբլիում» սկսած վերածնունդն ավարտվեց Պալերմոյում. ճակատագիրը դասավորվեց այնպես, որ այդ օրը պետք է իրագործվեր մակեդոնական երազանքը: Պարտություն անցումային խաղում, և Իտալիան երկրորդ անգամ անընդմեջ չի մասնակցի Մունդիալին:
2022-ի մարտից Մանչինին սկսեց խոսել իտալական ֆուտբոլի խորքային խնդիրների մասին: Խոսեց, մի փոքր էլ աշխատեց, հեռախոսազանգ ստացավ Սաուդյան Արաբիայից ու 2023-ի օգոստոսից խորտակվող նավը թողեց Լուչանո Սպալետիին:
ԳԱՂԱՓԱՐԻ ՈՒ ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ
Սա Սպալետիի առաջին խոսքերն են՝ որպես Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ 2023 թվականի օգոստոսին:
Իսկ սա արդեն Սպալետին է՝ Նորվեգիայի դեմ ջախջախիչ՝ 0-3 հաշվով պարտությունից հետո՝ 2025 թվականի հունիսին: Նրա հետ Իտալիան ձախողեց ԵՎՐՈ-2024-ն ու ողբերգության հիմք դրեց նաև Մունդիալ-2026-ի համար:
Լուչանոն այդպես էլ իր գաղափարները չկարողացավ թղթից տեղափոխել խաղադաշտ: Իտալիան մի շարք խնդիրներ ունի, որոնց լուծումները Սպալետին այդպես էլ չտվեց: Թիմը երբեք լիարժեք չհասկացավ՝ ինչպիսի ֆուտբոլ պետք է խաղա՝ գեղեցի՞կ, թե՞ պրագմատիկ։ Խաղի ամենակարևոր հատվածներում նրանք կորցնում էին վերահսկողությունը, փորձում էին խաղադաշտում գտնել նախկին առաջատարներից մեկին: Այս Իտալիան նոր ու երիտասարդ թիմ էր, որին առաջնորդ էր պետք, ընդամենը մեկը, որի մեկ բղավոցն ու զայրութը կարող էին ակնթարթային փոփոխության բերել:
Գաբրիել Գրավինան գտավ այդ մեկին, բայց ոչ խաղադաշտում, այլ դրանից դուրս:
ԵՐԲ ԱՆՑՅԱԼԸ ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ Է ՓՐԿԵԼՈՒ ՆԵՐԿԱՆ
Իտալիայում այս օրերին իրարանցում էր: Ազգային հավաքականը կարող է երրորդ անգամ անընդմեջ չմասնակցել Մունդիալին, իսկ հավաքականի մարզչի պաշտոնը թափուր էր:
Գաբրիել Գրավինան մի շարք մերժումներից ու անորոշությունից հետո՝ հունիսի սկզբին, եկավ աշխատանքի, իր մոտ հրավիրեց Բուֆոնին, ֆեդերացիայի մի քանի պաշտոնյաների ու հայտնեց՝ իտալական ֆուտբոլը սկսում է նոր ճանապարհ՝ նոր կարգախոսով՝ Azzurri per l’azzurro:
Թարգմանաբար և ոչ բառացի այն նշանակում է՝ «Աձուրին նրանց համար, ովքեր ապրում են նրա գույնով»: Գրավինան ընտրել է Ջենարո Գատուզոյին և սկիզբ է դնում մի ճանապարհորդության, որտեղ ազգային հավաքականը պատկանում է բոլոր նվիրյալներին՝ խաղացողներին, մարզիչներին, լեգենդներին, երկրպագուներին՝ նրանց, ովքեր սրտով կապույտ են:
Ֆեդերացիան փորձում է լեգենդար իտալացիներին ներգրավվել ազգային հավաքականում և նրանց դարձնել իտալական ֆուտբոլի խնդիրները բարձրաձայնողներ ու լուծում տվողներ: Ջանլուկա Ձամբրոտան կլինի Գատուզոյի մարզչական շտաբում, Անդրեա Բարձալին՝ նույնպես: Լեոնարդո Բոնուչին կստանձնի Մ21 հավաքականի ղեկը, իսկ Սիմոնե Պերոտան աշխատանքի կանցնի ֆեդերացիայում: Բուֆոնը կմնա նույն պաշտոնին:
Ստացվում է, որ իտալացիների հանդիպումների ժամանակ, երբ տեսախցիկը որսա նրանց պահեստայինների նստարանը, բոլորիս աչքի առաջ կգան Մունդիալ-2006-ի և ԵՎՐՈ-2020-ի չեմպիոնությունները:
ՄԻԱՅՆ ՍԻՐՏԸ ԳՈՒՑԵ ԲԱՎԱՐԱՐ ՉԼԻՆԻ
Գրավինայի որոշումը կարծես պարզ է. նախկին լեգենդները իրենց փորձով պետք է օրինակ լինեն ներկա երիտասարդներին: Խաղադաշտում Բաստոնին, Տոնալին, Կալաֆիորին ու մյուսներն ամեն պահ պետք է զգոն լինեն և սխալվելու իրավունք չունենան. չէ՞ որ պահեստայինների նստարանին են իրենց կուռքերը, որոնց հանդիպումները դիտելով՝ նրանք մեծացել ու կայացել են որպես ֆուտբոլիստ:
Ժամանակին այսպես վարվել է Արգենտինան՝ հրավիրելով Դիեգո Մարադոնային, Բրազիլիան՝ ազգային թիմի ղեկը վստահելով Դունգային: Արդյունքները հիշում ենք բոլորս: Լեգենդար խաղացողների հետ ճանապարհ անցնելը գովելի քայլ է, բայց մեդալն ունի նաև հակառակ կողմ:
Ժամանակակից ֆուտբոլում մարտավարություններն ու խաղային ձեռագրերն այնքան արագ ու սահուն են փոխվում, որ նույնիսկ ֆուտբոլային վերլուծաբանները հաճախ չեն հասկանում՝ ինչու էր Ժոաու Նևեշը Ֆրանսիայի դեմ գործում որպես աջ պաշտպան կամ ինչպես էր Միկել Արտետան Մերինոյից ստացել իդեալական 9 համար:
Ըստ իս՝ Գատուզոն այս պայքարում զիջում է շատերին, եթե ոչ բոլորին: Դա վկայում է նրա մարզչական ճանապարհը: «Նապոլիից» մինչև «Մարսել», հետո «Հայդուկ»: Ինչ-որ պատկերացում կարելի է կազմել Գատուզո-մարզչի մասին, երբ նա թոփ լիգաներից միանգամից հայտնվում է Խորվաթիայում, ընդ որում՝ ոչ ամենահզոր թիմում:
Նրա թիմերը երբեք չեն փայլել խաղային հստակ ձեռագրով: Գատուզոն աչքի չի ընկել ոչ երիտասարդների հետ տարվող աշխատանքով, ոչ անհատական ֆուտբոլիստներից առավելագույնը ստանալու կարողությամբ: Հաճախ չի փայլել նաև ֆուտբոլիստների հետ հարաբերությունների տեսանկյունից: «Նապոլիի» հետ 2020-ին Իտալիայի գավաթը հաղթելը նրա մարզչական վերջին ու լուրջ ձեռքբերումն է:
Երիտասարդ ֆուտբոլիստների հետ մեծ աշխատանք տանելն ամենակաևորն է ներկայիս Իտալիայի համար: Վերջին շրջանում իտալական ֆուտբոլն ակումբային ու հավաքականի մակարդակում այնքան ամոթալի պարտություններ է ունեցել, որ Գատուզոն առաջին հերթին պետք է վերադարձնի իտալացիների վստահությունը: Դրանից հետո պետք է անցնել մարտավարական շատ լուրջ աշխատանքի: Ասել, թե ինչ ֆուտբոլ է խաղալու նրա Իտալիան, բարդ է, քանի որ նրա նախկին թիմերը երբեք խաղային հստակ մոդել չեն ունեցել:
Նոր լուծումներ գտնելու ճանապարհին նրա վրա ճնշումը ավելանալու է րոպե առ րոպե: Պետք է կարգավորել հանդերձարանը, ընտրել ճիշտ մարտավարություն ու դիմանալ ահռելի ճնշմանը:
Այս խնդիրն ունենալու էր յուրանքանչյուր մարզիչ, որը կպատասխաներ Գրավինայի հեռախոսազանգին: Գատուզոն ընդունել է առաջարկն ու պատրաստ է բոլոր փորձություններին:
«Միլանի» լեգենդար կիսապաշտպանը սկսում է կյանքի ամենակարևոր փորձությունը. նա պետք է գործի դնի ֆուտբոլային բացառապես բոլոր ունակությունները՝ փրկելու Իտալիային ողբերգությունից:
Իտալիայի հավաքականի սիրտն արդեն բաբախում է Գատուզոյի ռիթմով: Որքան կդիմանա այն այս պայքարում՝ ցույց կտա միայն ժամանակը...