Հայաստանի չեմպիոն ու գավաթակիր Երևանի «Ուրարտուի» կիսապաշտպան Նարեկ Գրիգորյանը կարող է տեղափոխվել ռումինական «Ֆարուլ»։ Այդ մասին հայտնել է ֆուտբոլային ինսայդեր, «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքի մեկնաբան Հայկ Հովհաննիսյանը։
«Ռումինիայի չեմպիոն «Ֆարուլի» սեփականատեր և գլխավոր մարզիչ, լեգենդար Գեորգե Հաջին շատ տպավորված է «Ուրարտուի» ֆուտբոլիստ Նարեկ Գրիգորյանի խաղով։ Երկու թիմերի հանդիպումից որոշ ժամանակ անց ռումինացին տրանսֆերային առաջարկ է ուղարկել Երևան։ Անձնական պայմանագիր նաև առաջարկվել է Նարեկին։ Կողմերը սակայն դեռ բանակցում են, վերջնական համաձայնություն չկա»,- սոցցանցերում գրել է Հայկ Հովհաննիսյանը։
Հիշեցնենք, որ «Ուրարտուն» ու «Ֆարուլը» հանդիպել էին Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլում։ Երկու խաղում էլ հաղթել էր Ռումինիայի չեմպիոնը (3-2, 3-2):
Նարեկ Գրիգորյանն «Ուրարտուի» սան է։ Կարիերայի ընթացքում 22-ամյա ֆուտբոլիստը խաղացել է նաև Երևանի ԲԿՄԱ-ում ու լեհական «Յագելոնիայում»։ Հայաստանի ազգային հավաքականի կազմում նա անցկացրել է 4 հանդիպում։ Transfermarkt-ը 275 հազար եվրո է գնահատում Գրիգորյանի տրանսֆերային արժեքը։


