Լեգենդար «Հրազդան» ստադիոնում այժմ բարեկարգման աշխատանքներ են ընթանում։ Այդ մասին հայտնել է Fast Sports-ի մարզական մեկնաբան, ֆուտբոլային ինսայդեր Սուրեն Մելիքսեթյանը։
Ըստ աղբյուրի` խաղադաշտի խոտածածկի որակը լավ վիճակում է, իսկ մոտ ժամանակներս վերանորոգվելու են հանդերձարանները։
Այժմ ստադիոնում մարզվում է Հայաստանի չեմպիոն «Փյունիկը»։ Չի բացառվում, որ Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը նոր մրցաշրջանում տնային հանդիպումները կանցկացնի հենց «Հրազդանում»։
Հիշեցնենք, որ «Հրազդան» ստադիոնը կառուցվել է 1971 թ.։ Այնտեղ տնային հանդիպումներ են անցկացրել Հայաստանի հավաքականը, «Արարատը», «Կիլիկիան» և «Ուլիսը»։ Մարզադաշտում հանդիպումներ կայացել են մինչև 2015 թ. օգոստոս։


