«Իփսվիչ Թաունի» կիսապաշտպան Սեմի Սմոդիչն Իռլանդիայի հավաքականի հետ չի ժամանել Երևան` մասնակցելու Հայաստանի թիմի դեմ աշխարհի 2026թ. առաջնության եվրոպական գոտու ընտրական մրցաշարի հանդիպմանը, հայտնում է The Irish Times-ը։
«Հիասթափված եմ, որ ստիպված եմ հավաքականի ճամբարից շուտ հեռանալ։ Հուսով եմ` լուրջ վնասվածք չէ։ Հաջողություն տղաներին Հայաստանում»,- սոցցանցերում գրել է Սմոդիչը։
29-ամյա ֆուտբոլիստին իռլանդացիների հայտացուցակում փոխարինել է «Շեմրոք Ռովերսի» պաշտպան Ջոշ Հոնոհանը։
Հայաստան - Իռլանդիա հանդիպումը կկայանա սեպտեմբերի 9-ին ու ժամը 19:45-ից կլինի «Ֆասթ Սպորտ»-ի ուղիղ եթերում։


