Լոնդոնի «Չելսին» մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը կգլխավորի անգլիացի մասնագետ Ֆրենկ Լեմպարդը, հայտնում է The Athletic-ը։
Անգլիական ակումբը համաձայնության է հասել Լեմպարդի հետ: Նրա մարզչական շտաբում կընդգրկվեն Էշլի Քոուլը, Ջո Էդվարդսն ու Քրիս Ջոնսը։
«Չելսիի» լեգենդար ֆուտբոլիստը թիմը գլխավորել էր նաև 2019-2021 թվականներին: 44-ամյա մասնագետն այս տարվա հունվարին անգլիական «Էվերթոնի» գլխավոր մարզիչի պաշտոնից հեռանալուց հետո ազատ գործակալ է:
«Չելսի» - «Լիվերպուլ» Պրեմիեր լիգայի նախորդ տուրի խաղին (0-0) Ֆրենկ Լեմպարդը հետևում էր «Սթեմֆորդ Բրիջ» ստադիոնի տրիբունայից։
Հիշեցնենք, որ «Չելսին» օրեր առաջ գլխավոր մարզիչի պաշտոնից հեռացրել էր անգլիացի մասնագետ Գրեմ Փոթերին, որը նախորդ տարվա սեպտեմբերին փոխարինել էր գերմանացի Թոմաս Տուխելին: ԱՊԼ-ի 29-րդ տուրից հետո լոնդոնյան ակումբը 39 միավորով 11-րդ տեղում է։