«Նոայի» գլխավոր մարզիչ Ռուի Մոտան որոշել է հեռանալ ակումբից, տեղեկացնում է «Ֆասթ Մեդիա»-ի մեկնաբան, ֆուտբոլային ինսայդեր Սուրեն Մելիքսեթյանը:
«Իմ տեղեկություններով՝ Ռուի Մոտան վերջին ամիսներին հաշտ չի եղել հայկական ֆուտբոլի մի շարք իրողությունների և անձանց հետ, չնայած ակումբի կողմից ստացել է լիակատար աջակցություն բոլոր հարցերում: Մոտան հունիսին առաջարկներ է ստացել տարբեր երկրներից, որից հետո «Նոայից» ակնկալել է բարելավված պայմաններով առաջարկ, այլապես եվրագավաթներից առաջ թիմը կմնա առանց մարզչական շտաբի:
«Նոայի» ղեկավարությունը զարմացել է, քանի որ մարզիչը ստացել է բարձր վարձատրություն, սպորտային անհրաժեշտ բոլոր պայմանները և դեռ մեկ մրցաշրջանի պայմանագիր ունի:
Իմ տեղեկություններով՝ Հայաստանի չեմպիոնն արդեն պայմանավորվել է նոր բարձրակարգ մասնագետի հետ, որը շուտով կնշանակվի «Նոայի» գլխավոր մարզչի պաշտոնում, իսկ Մոտան, մեծ հավանականությամբ, կգլխավորի «Լուդոգորեցը»»,- գրել է Մելիքսեթյանը:
«Նոայի» հետ Մոտան դարձել է Հայաստանի չեմպիոն ու գավաթակիր, ինչպես նաև նվաճել է Կոնֆերենցիաների լիգայի Լիգայի փուլի ուղեգիր:


