Ֆուտբոլի Հայաստանի փոխչեմպիոն Երևանի «Նոան» շարունակում է նոր գլխավոր մարզիչի փնտրտուքները։
Fast Sports-ի մարզական մեկնաբան, ֆուտբոլային ինսայդեր Սուրեն Մելիքսեթյանը հայտնում է, որ «Նոան» հետաքրքրված է լատվիական «Ռիգայի» գլխավոր մարզիչ Սիմո Վալակարիի ծառայություններով:
51-ամյա մասնագետը ժամանակին 32 խաղ է անցկացրել Ֆինլանդիայի ազգային հավաքականում:
2021 թվականի ամռանը, երբ «Նոան» Կոնֆերենցիաների լիգայում խաղում էր ֆիննական ԿՈՒՊՍ-ի դեմ, մրցակցի գլխավոր մարզիչը հենց Վալակարին էր: «Ռիգան» ֆինն մասնագետի գլխավորությամբ անցկացրել է 17 խաղ, տարել է 12 հաղթանակ, 2 խաղ ավարտել է ոչ-ոքի և կրել է 3 պարտություն: Լատվիայի ընթացիկ առաջնությունում մայրաքաղաքային ակումբը երկրորդ տեղում է:
Աղբյուրի համաձայն՝ մարզիչներ Ռոման Բերեզովսկին, Գևորգ Կասպարովը և Ալեքսանդր Թադևոսյանը չեն շարունակի աշխատանքը «Նոայում»: Վերջերս ակումբը դադարեցրել էր գործակցությունը նաև թիմի գլխավոր մարզիչ Կարլոս Ինարեխոսի հետ, որը թիմը գլխավորում էր 2023 թվականի սեպտեմբերից: