Հայաստանի երիտասարդական հավաքականի նախկին կիսապաշտպան Աղվան Պապիկյանը, որը ներկայումս պաշտպանում է լեհական «Ռակովայի» գույները, Sport.pl-ի հետ զրույցում պատմել է, թե ինչու այլևս Հայաստանի հավաքական չի հրավիրվում:
«Երբ վերադարձա Բելխատով ֆեդերացիան, մոռացավ իմ գոյության մասին: Կարծես թե վերջացավ իմ կարիերան հավաքականում: Մարզիչը զանգահարեց ինձ և ասաց, որ ցանկանում է ինձ հրավիրել երիտասարդական հավաքական: Ուրախացա, բայց վնասվածք ունեի այդ ժամանակ: Ասացի, որ եթե նույնիսկ գամ, չեմ կարողանա օգնել թիմին: Ավելի լավ է մնամ Լեհաստանում և բուժում ստանամ այստեղ: Հայաստանի խաղից 3 օր անց խաղադաշտ դուրս եկա Բելխատովում և Հայաստանի մարզիչն ինձ ասաց, որ խաբել եմ նրան ու չեմ ցանկանում խաղալ հավաքականում: Մենք միմյանց չհասկացանք և դրանից հետո հավաքականի համար ես գոյություն չունեմ:
Շատ եմ ցանկանում կրկին հանդես գալ Հայաստանի հավաքականում, բայց չգիտեմ որքանով է դա հնարավոր: Ես անընդհատ մտածում եմ Հայաստանի հավաքականի մասին և ցանկանում եմ հրավեր ստանալ: Արդեն 11 խաղ է անցել, բայց ֆեդերացիայից ոչ մի զանգ չեմ ստացել: Մեկ տարի առաջ ես լուրջ վնասվածք ստացա, սակայն ոչ ոք չհետաքրքրվեց իմ առողջական վիճակի մասին»,-շեշտել է Պապիկյանը:

