Հայաստանի ազգային կինոկենտրոնից տարբեր տարիներին և 2022 թվականին ֆինանսական աջակցություն ստացած ֆիլմերից շատերն ընդգրկվել են միջազգային տարբեր կինոփառատոների մրցութային և ոչ մրցութային ծրագրերում։ Այդ մասին հայտնում են Հայաստանի ազգային կինոկենտրոնից:
Միջազգային կինոհարթակներում մեծացել է հետաքրքրությունը հատկապես հայկական կարճամետրաժների և անիմացոն ֆիլմերի նկատմամբ։ Ֆիլմերը հիմնականում նկարահանվել են համատեղ կինոարտադրության շրջանակում։
Պետական աջակցություն ստացած հայկական ֆիլմերը 2022-ին ընդգրկվել են «Ոսկե ծիրան» 19-րդ երևանյան կինոփառատոնում, որը մեկնարկել է Մայքլ Գուրջյանի «Ամերիկացի» ֆիլմով, իսկ Իննա Սահակյանի «Ավրորայի լուսաբացը» անիմացիոն-վավերագրությունն արժանացել է «Արծաթե ծիրան» մրցանակին։
«Ամերիկացի»
2022-ին ռեժիսոր Գուրջյանի «Ամերիկացի» ֆիլմն Իտալիայի «SALERNO» միջազգային կինոփառատոնի պաշտոնական մրցութային ծրագրում արժանացել է «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգին (Winner Best Film):
Տորոնտոյի «Նուռ» կինոփառատոնում (Pomegranate Film Festival) արժանացել է «Լավագույն լիամետրաժ ֆիլմ» և «Հանդիսատեսի համակրանք» մրցանակներին:
Woodstock կինոփառատոնում ճանաչվել է հաղթող «Լավագույն պատմագրական ֆիլմ» անվանակարգում։
Համբուրգի կինոփառատոնում 100-ից ավելի ֆիլմերից ստացել է «Հանդիսատեսի համակրանք» մրցանակը՝ կինոփառատոնի «Կալեյդոսկոպ» ծրագրում:

«Ավրորայի լուսաբացը»
Asia Pasific Screen Award (Ասիա-Խաղաղoվկիանոսյան Էկրանավորման մրցանակ) մրցանակաբաշխության լավագույն անիմացիոն ֆիլմ անվանակարգում նոմինացված «Ավրորայի լուսաբացը» ֆիլմն արժանացել է «Լավագույն անիմացիոն ֆիլմ» մրցանակին։
Կինոնկարն ընդգրկվել է «Tallinn Black Nights» կինոփառատոնի «Baltic» մրցութային ծրագրում, ինչպես նաև Ամստերդամի հայտնի վավերագրական փառատոնի (IDFA)՝ Best of Fests ծրագրում։ Իսկ ֆիլմի համարտադրող երկրում՝ Լիտվայում, պրեմիերան կայացել է «Scanorama» փառատոնում։
Հոկտեմբերի 23-ին տեղի է ունեցել ֆիլմի ամերիկյան պրեմիերան («ANIMATION IS FILM» փառատոնի մրցութային ծրագրում)՝ արժանանալով «Հանդիսատեսի համակրանք» մրցանակին։
Դեռևս հոկտեմբերի սկզբին ֆիլմն ընդգրկված է եղել նաև FilmFest Hamburg կինոփառատոնի «Կալեյդասկոպ» մրցութային ծրագրում և DocLisboa փառատոնի «Երկրից լուսին» ծրագրում։

«Ավրորայի լուսաբացը» համաշխարհային պրեմիերայից (Անսի) և միջազգային ցուցադրություններից հետո արտասահմանյան մամուլն ու փառատոնային կայքերը շարունակում են հանդես գալ ֆիլմի մասին հրապարակումներով՝ անդրադառնալով 100 տարի առաջ թուրքական պետության իրականացրած Հայոց ցեղասպանությանը, որի հետևանքով իր բնօրրանում սպանվեցին 1,5 միլիոն հայեր։ Աշխարհը լռելյայն դարձավ այդ սպանդի անուղղակի մասնակիցը։
Ներկայացնում ենք 2022 թվականին միջազգային փառատոներում մրցութային և ոչ մրցութային ծրագրերում ներկայացված հայկական ֆիլմերի ամբողջական ցանկը, որոնցից շատերն արժանացել են մրցանակների։


