Մարոկկոյում ավարտին մոտեցող ֆուտբոլի աշխարհի ակումբային առաջնությունում ձևավորվեց եզրափակիչի զույգը:
Երկրորդ կիսաեզրափակիչում եվրոպական Չեմպիոնների լիգայի գործող գավաթակիր Մադրիդի «Ռեալը» 4-1 հաշվով հաղթեց Եգիպտոսը ներկայացնող «Ալ Ահլիին» և դուրս եկավ եզրափակիչ:
«Ռեալի» կազմում 42-րդ րոպեին հաշիվը բացեց բրազիլացի եզրային հարձակվող Վինիսիուսը, որը 50-րդ գոլը խփեց «Արքայական ակումբում»:
Երկրորդ խաղակեսի առաջին րոպեին մադրիդյան գրանդի առավելությունը կրկնապատկեց ուրուգվայցի կիսապաշտպան Ֆեդերիկո Վալվերդեն:
65-րդ րոպեին «Ալ Ահլիի» կազմում հաշիվը կրճատեց թունիսցի պաշտպան Ալի Մալուլը՝ դիպուկ իրացնելով 11-մետրանոցը:
87-րդ րոպեին 11-մետրանոցից վրիպեց «Ռեալի» խորվաթ կիսապաշտպան Լուկա Մոդրիչը, սակայն ավելացված ժամանակի երկրորդ րոպեին Իսպանիայի չեմպիոնի կազմում գոլի հեղինակ դարձավ բրազիլացի հարձակվող Ռոդրիգոն՝ 3-1: 6 րոպե անց խաղի վերջակետը դրեց «Ռեալի» իսպանացի կիսապաշտպան Սերխիո Արիբասը՝ 4-1:
Կառլո Անչելոտիի գլխավորած թիմը փետրվարի 11-ին եզրափակիչում կմրցի Ասիայի Չեմպիոնների լիգայի հաղթող, Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Հիլյալի» հետ, նույն օրը երրորդ տեղի համար խաղում կհանդիպեն «Ալ Ահլին» և Լիբերտադորեսի գավաթակիր բրազիլական «Ֆլամենգոն»:
Աշխարհի ակումբային առաջնություն, կիսաեզրափակիչ
«Ալ Ահլի» (Եգիպտոս) - «Ռեալ» (Իսպանիա)՝ 1-4
Ալի Մալուլ, 65 (11մ) - Վինիսիուս, 42, Ֆեդերիկո Վալվերդե, 46, Ռոդրիգո, 90+2, Սերխիո Արիբաս, 90+8
Չիրացրած 11-մետրանոց՝ Լուկա Մոդրիչ, 87 («Ռեալ»)


