Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի 31-րդ առաջնության գարնանային հատվածի մեկնարկին քիչ ժամանակ է մնացել: Այժմ Հայաստանում տրանսֆերային պատուհանի թեժ շրջանն է: Մասնակից թիմերը փորձում են հնարավորինս ամրապնդել կազմը՝ ֆուտբոլիստներ հրավիրելով ինչպես արտերկրից, այնպես էլ հայկական ակումբներում ելույթ ունեցողներից:
Հայաստանի առաջնություններում, հատկապես վերջին տարիներին, մեծ թիվ են կազմում թիմից թիմ ֆուտբոլիստների տեղափոխությունները: Դրա արդյունքում ներկայումս սակավաթիվ են այն ֆուտբոլիստները, որոնք երկար տարիներ խաղացել են միևնույն թիմում:
Ընթացիկ առաջնության մասնակից ֆուտբոլիստներից այդ առումով յուրօրինակ ռեկորդակիրն «Ալաշկերտի» ավագ Արտակ Գրիգորյանն է: Նա 8-րդ մրցաշրջանն է անցկացնում իր համար վաղուց հարազատ դարձած «Ալաշկերտում»՝ նորամուտը նշելով 2015-16թթ. առաջնությունում: Այդ մրցաշրջանում Արտակը ֆուտբոլային կարիերայում Հայաստանի չեմպիոնի իր 2-րդ ոսկե մեդալը նվաճեց: Առաջին պարգևին Հայաստանի հավաքականի կիսապաշտպանն արժանացել էր 2011թ. «Ուլիսում»:

Արտակ Գրիգորյանը Fastex ՀՊԼ-ում «Ալաշկերտում» անցկացրած խաղերի քանակով (193) թիմի ռեկորդակիրն է: Նա լավ հնարավորություն ունի համալրելու ամենահավատարիմ ֆուտբոլիստների «200-ի ակումբի» կազմը, որում ընդգրկված են միևնույն թիմում 200 և ավելի խաղ անցկացրած ֆուտբոլիստները: Ներկայումս այդ ակումբում ընդամենը 22 ֆուտբոլիստ է ընդգրկված:
Ինչ վերաբերում է թիմից թիմ տեղափոխություններին, ապա Հայաստանի առաջնություններում ելույթ ունեցած ֆուտբոլիստներից յուրօրինակ ռեկորդակիրը Հայկ Նարիմանյանն է, որը պաշտպանել է 13 ակումբի մարզական պատիվը: Բարձրագույն խմբում նա մասնակցել է ընդամենը 192 խաղի, իսկ առավել երկար խաղացել է Երևանի «Զվարթնոցում»՝ անցկացնելով 40 խաղ:
Ընթացիկ առաջնության մասնակիցներից պետք է առանձնացնել Արթուր Ավագյանին ու Հայկ Իշխանյանին, որոնք ֆուտբոլային երկարատև կարիերայի ընթացքում ստիպված են եղել հաճախակի փոխել ակումբային գրանցումը:
35-ամյա Արթուր Ավագյանը Fastex ՀՊԼ-ի 31-րդ առաջնությունը դիմավորեց իր համար նոր թիմում՝ նորամուտը նշելով «Փյունիկում»: Հայաստանի բազմակի չեմպիոնը հայկական 10-րդ ակումբն էր, որի մարզաշապիկը հագավ փորձառու պաշտպանը:

Արթուր Ավագյանը 16-րդ մրցաշրջանն է անցկացնում Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնություններում: Նրա ֆուտբոլային երկարատև կարիերան այնքան էլ հարթ չի ընթացել, քանի որ մի քանի անգամ թիմերի լուծարման պատճառով ստիպված է եղել որոշ ժամանակ հարկադիր պարապուրդի մատնվել մինչև նոր ակումբ տեղափոխվելը:
Բարձրագույն խմբում Ավագյանի նորամուտը կայացել է 2005թ. ապրիլի 17-ին «Լեռնային Արցախի» կազմում «Բանանցի» հետ մրցավեճում: Հանդիպման 77-րդ րոպեին Արկադի Անդրեասյանը պատանի ֆուտբոլիստին խաղադաշտ մտցրեց Արարատ Ղազարյանի փոխարեն: Այդ օրն Արթուրը 17 տարեկան 287 օրական էր: Նա փոխարինման մտավ նաև «Կիլիկիայի» ու «Փյունիկի» հետ կայացած հաջորդ երկու հանդիպումներում: Սակայն առաջնության 11-րդ տուրից հետո «Լեռնային Արցախը» հրաժարվեց մրցաշարի հետագա մասնակցությունից:
Հետագա տարիներին Արթուր Ավագյանը խաղացել է «Կիլիկիայում» (2008-2010թթ.), «Արարատում» (2011թ.), «Գանձասար-Կապանում» (2012-13-2015-16թթ.), «Ալաշկերտում» (2015-16թթ.), «Բանանցում» (2016-17-2018-19թթ.), «Լոռիում» (2019-20-2020-21թթ.), «Սևանում» (2021-22թթ.) և «Նորավանքում» (2021-22թթ.): Վերջին 3 թիմերից նա ստիպված է եղել հեռանալ ակումբների լուծարման պատճառով: Առավել երկար Ավագյանը ելույթ է ունեցել «Գանձասար-Կապանում»՝ Fastex ՀՊԼ-ում անցկացնելով 87 խաղ:
33-ամյա Հայկ Իշխանյանն ընթացիկ մրցաշրջանում Բարձրագույն խմբի առաջնության մասնակից 9-րդ ակումբի մարզաշապիկը հագավ՝ ԲԿՄԱ-ից տեղափոխվելով «Արարատ»: Նա իր ֆուտբոլային կարիերան սկսել է Գյումրիի «Շիրակում» (2008-2009թթ.)՝ հետագայում 2020-21թթ. մրցաշրջանում կրկին վերադառնալով շիրակցիների կազմ:
Իշխանյանը խաղացել է նաև «Միկայի» (2009-2011, 2013-14թթ.), «Իմպուլսի» (2012-13թթ.), «Ալաշկերտի» (2013-14-2014-15, 2019-20թթ.), «Գանձասար-Կապանի» (2014-15-2018-19, 2020-21թթ.), «Լոռիի» (2018-19թթ.), «Փյունիկի» (2021-22թթ.) և ԲԿՄԱ-ի (2021-22թթ.) կազմերում:

Հայկ Իշխանյանը Բարձրագույն խմբում 15-րդ մրցաշրջանն է անցկացնում: Հետաքրքիր է, որ Իշխանյանն էլ առավել երկար խաղացել է «Գանձասար-Կապանում»՝ Fastex ՀՊԼ-ում անցկացնելով 95 խաղ: Ընդ որում երկու մրցաշրջան Արթուր Ավագյանն ու Հայկ Իշխանյանը թիմակիցներ են եղել Կապանում:
VNews-ը ներկայացնում է այն ֆուտբոլիստների ցանկը, որոնք Fastex ՀՊԼ-ում ելույթ են ունեցել 9 և ավելի թիմերի կազմերում՝ նշելով Բարձրագույն խմբում անցկացրած խաղերի ընդհանուր քանակն ու ակումբը, որում առավել երկար է խաղացել:
|
Ֆուտբոլիստներ |
Թիմ |
Խաղ |
Ակումբ |
|
1.Հայկ Նարիմանյան |
13 |
192 |
«Զվարթնոց»՝ 40 |
|
2.Անդրանիկ Զանազանյան |
11 |
180 |
«Կոտայք»՝ 48 |
|
3.Տիգրան Լ. Հովհաննիսյան |
10 |
305 |
«Ցեմենտ»՝ 154 |
|
4.Արթուր Ավագյան |
10 |
257 |
«Գանձասար-Կապան»՝ 87 |
|
5.Արթուր Ս. Մինասյան |
10 |
177 |
«Երևան»՝ 39 |
|
6.Արթուր Քոչարյան |
9 |
357 |
«Գանձասար»՝ 94 |
|
7.Գևորգ Կասպարով |
9 |
348 |
«Միկա»՝ 111 |
|
8.Հայկ Իշխանյան |
9 |
269 |
«Գանձասար-Կապան»՝ 95 |
|
9.Կարեն Նավոյան |
9 |
264 |
«Արարատ»՝ 92 |
|
10.Էդիկ Երիցյան |
9 |
248 |
«Կոտայք»՝ 86 |
|
11.Աշոտ Գրիգորյան |
9 |
237 |
«Բանանց»՝ 82 |
|
12.Գրիգոր Գրիգորյան |
9 |
221 |
«Կիլիկիա»՝ 48 |
|
13.Արսեն Դալլաքյան |
9 |
184 |
«Միկա»՝ 52 |
|
14.Գոռ Աթաբեկյան |
9 |
162 |
«Ուլիս»՝ 68 |
|
15.Արկադի Չիլինգարյան |
9 |
141 |
«Միկա»՝ 36 |


