Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Հիլյալ» ակումբը ֆրանսիական ՊՍԺ-ի բրազիլացի հարձակվող Նեյմարի տրանսֆերի համար խոշոր առաջարկ է կատարել, հաղորդում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն՝ չմանրամասնելով առաջարկի պայմանները:
Բանակցությունները հաջող են, միաժամանակ ՊՍԺ-ն ու Նեյմարը շարունակում են աշխատանքներ տանել՝ կողմերի պայմանագիրը լուծելու համար:
Սաուդյան ակումբը ոչ մի կերպ չի դիտարկում բրազիլացու տրանսֆերային իրավունքը ձեռք բերելու դեպքում Նեյմարի՝ մեկ մրցաշրջանով «Բարսելոնա» վարձակալական հիմունքով տեղափոխության տարբերակը, ինչպես հաղորդվում էր վերջերս: Ռոմանոն ընդգծում է, որ այդ տարբերակը նույնիսկ չնչին հավանականություն չունի:
31-ամյա Նեյմարը ՊՍԺ-ի գույները պաշտպանում է 2017 թվականից, ակումբի կազմը համալրել է կատալոնական «Բարսելոնայից» 222 միլիոն եվրոյի դիմաց: Փարիզյան թիմի կազմում բրազիլացին անցկացրել է 173 խաղ, խփել 118 գոլ, կատարել 77 գոլային փոխանցում: Transfermarkt-ը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 60 միլիոն եվրո:


