Արագածոտնի մարզի Ալագյազ համայնքում կկառուցվի հունահռոմեական ոճի ըմբիշներ Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց:
Գործադիրը հերթական նիստին ընդունել է «Գույքի նվիրաբերությունն ընդունելու և գույք ամրացնելու մասին» որոշում, որով նախատեսվում է ընդունել Ալագյազ համայնքի սեփականություն հանդիսացող անշարժ գույքի նվիրաբերություն՝ այն ամրացնելով Պետական գույքի կառավարման կոմիտեին:
Հիշեցնենք, որ Մալխաս Ամոյանը Եվրոպայի եռակի չեմպիոն է, մեկ անգամ էլ ոսկե մեդալակիր է դարձել աշխարհի առաջնություններում: Ռոման Ամոյանը Մալխասի հորեղբայրն է և անձնական մարզիչը: Ռոման Ամոյանը մարզական կարիերայի ընթացքում դարձել է Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր (2008թ.), Եվրոպայի կրկնակի չեմպիոն, աշխարհի առաջնությունների արծաթե և բրոնզե մեդալակիր: