Logo

VBET ՀՊԼ. «Ալաշկերտ» - «Արարատ» խաղին ընդառաջ

Հեղինակ
Աշոտ Հայրապետյան
18:22 / 05.08.2022• Հայկական ֆուտբոլ
Բացառիկ
null

«Ալաշկերտ» - «Արարատ»

Օգոստոսի 6, ժ. 18:00,  Երևան, «Նաիրի» մարզադաշտ

39 խաղ, «Ալաշկերտը» հաղթել է 23 անգամ, «Արարատը»՝  9, գրանցվել է 7 ոչ-ոքի, խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 62-42

«Ալաշկերտ»՝ 1-ին տեղ (3 միավոր), «Արարատ»՝ 4-րդ տեղ (3 միավոր): 

Հետաքրքիր 5 փաստ՝  հանդիպմանն ընդառաջ

1. «Ալաշկերտը» «Նոայի» հետ գոլառատ խաղում (4-3) տարած հաղթանակով սկսեց VBET ՀՊԼ-ի 31-րդ առաջնությունը: Ընդ որում՝ հաշիվը բացել էր «Նոան», որից հետո ալաշկերտցիները մինչև ընդմիջում 3 անգամ գրավել էին մրցակցի դարպասը:

Սակայն 2-րդ խաղակեսում «Նոային» հաջողվել էր վերականգնել հավասարակշռությունը: Միայն ավելացված ժամանակում էր «Ալաշկերտին» հաջողվել կորզել հաղթանակը թիմ վերադարձած Տիագո Գալվաոյի խփած գոլի շնորհիվ:

2. «Արարատի» համար էլ առաջնության մեկնարկը հաղթական էր: Արամ Ոսկանյանը հաղթանակով նշեց նորամուտը VBET ՀՊԼ-ում «Արարատի» գլխավոր մարզչի պաշտոնում: Նրա գլխավորած թիմը նվազագույն հաշվով հաղթեցին գործող չեմպիոն «Փյունիկին», որի կազմը հեռու էր հիմնական լինելուց: «Արարատը» 4-րդ մրցաշրջանն անընդմեջ առաջնությունը հաղթանակով է սկսում: 2019/20թթ. առաջնության մեկնարկում արարատցիները Սերգեյ Բոյկոյի գլխավորությամբ նվազագույն հաշվով հաղթել էին «Երևանին»: Հաջորդ երկու առաջնությունները Վարդան Բիչախչյանի օրոք «Արարատն» սկսել էր «Փյունիկի» (1-0) և «Նոայի» (7-1) նկատմամբ հաղթանակներով:

3. Մրցակիցների միջև կայացած առաջնության վերջին 3 խաղերն էլ ավարտվել են «Ալաշկերտի» հաղթանակով: Վերջին անգամ «Արարատն» «Ալաշկերտին» հաղթել է նախորդ առաջնության առաջին շրջանի խաղում՝ անցյալ տարվա սեպտեմբերի 11-ին կայացած մրցավեճում սեփական խաղադաշտում առավելության հասնելով 3-2 հաշվով: Հետաքրքիր է, որ այդ խաղի հաշիվը բացել էր ալաշկերտցի Ալեքսանդր Գլիշիչը, որն այժմ խաղում է «Արարատում»:

4. Առաջնության մեկնարկի շեմին «Արարատից» հեռացել է Մարկո Պրլևիչը՝ վերադառնալով «Շիրակ»: Նա 2020/21թթ. առաջնության մեկնարկից առաջ էր շիրակցի մի խումբ թիմակիցների հետ տեղափոխվել «Արարատ»: Երկու մրցաշրջանի ընթացքում Պրլևիչն «Արարատի» կազմում 43 խաղ է անցկացրել՝ խփելով 1 գոլ:

Այլևս թիմում չէ նաև արգենտինացի Իվան Սանտյագո Դիասը, որը մասնակցել էր «Շկենդիայի» հետ եվրագավաթային հանդիպումներին:  

5. «Ալաշկերտից» էլ հեռացել են փորձառու Գագիկ Դաղբաշյանն ու երիտասադ Էրիկ Սողոմոնյանը՝  համալրելով Առաջին խումբ վերադարձած «Վեստ Արմենիայի» կազմը: Դաղբաշյանը նախորդ առաջնության աշնանային հատվածի ավարտից հետո էր «Վանից» վերադարձել «Ալաշկերտ»: Նա VBET ՀՊԼ-ում 295 խաղ է անցկացրել և կարող էր 300-րդ հանդիպման հոբելյանը նշել, եթե մնար Բարձրագույն խմբում:

Դիմակայության լավագույն ռմբարկուները՝

«Ալաշկերտ»՝  Միհրան Մանասյան՝  17 գոլ:

«Արարատ»՝  Ալեքսանդր Ռակիչ՝  6 գոլ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ