Logo

«Ալաշկերտի» նորեկը՝ թիմի հոբելյանական գոլի հեղինակ

Հեղինակ
Աշոտ Հայրապետյան
13:54 / 23.08.2025Ֆուտբոլ
Բացառիկ
null

«Ուրարտուի» հետ խաղում «Ալաշկերտի» նորեկ Էդգար Փիլոյանը ոչ միայն բացեց գոլերի հաշիվը Fastex Պրեմիեր լիգայում, այլև դարձավ ՀՀ առաջնություններում թիմի հոբելյանական՝ 500-րդ գոլի հեղինակը: Հետաքրքիր է, որ Փիլոյանն «Ալաշկերտի» հոբելյանական գոլերի հեղինակների ցանկում միակ հայ ֆուտբոլիստն է:

Բարձրագույն խմբի առաջնություններում «Ալաշկերտը» գոլերի հաշիվը բացել է իր առաջին խաղում՝ «Ուլիսի» հետ 2013թ. օգոստոսի 3-ին կայացած 2013/14թթ. առաջնության մեկնարկային տուրում: Անդրանիկ գոլի հեղինակ է դարձել Արա Հովհաննիսյանը՝ 78-րդ րոպեին գրավելով Տիգրան Դավթյանի պաշտպանած դարպասը:

«Ալաշկերտին» 72 խաղ պահանջվեց 100-րդ գոլ հոբելյանը նշելու համար: Դա տեղի ունեցավ 2016թ. մարտի 2-ին սեփական հարկի տակ «Գանձասար - Կապանի» հետ կայացած խաղում, որում «Ալաշկերտը» հաղթեց 3-0 հաշվով: Գոլի հեղինակը թիմի բրազիլացի հարձակվող Հեբեր Արաուխոն էր, որը 71-րդ րոպեին գրավելով Գրիգոր Մելիքսեթյանի պաշտպանած դարպասը, դրեց հանդիպման վերջակետը:

Հետաքրքիր է, որ թիմի գլխավոր ռմբարկուներ Միհրան Մանասյանին ու Արտակ Եդիգարյանին, որոնք միասին «Ալաշկերտում» 115 գոլ են խփել, չի հաջողվել հոբելյանական գոլի հեղինակ դառնալ: Փոխարենը հիմնականում հոբելյարներ են դարձել թիմում բարձր արդյունավետությամբ աչքի չընկած և քիչ հանդիպումների մասնակցած ֆուտբոլիստները:

FastNews-ը ներկայացնում է Հայաստանի առաջնություններում «Ալաշկերտի» հոբելյանական գոլերի հեղինակներին:
 

Գոլ Ֆուտբոլիստը Մրցակիցը
100-րդ Հեբեր Արաուխո 2.3.2016 «Գանձասար Կապան»՝ 3-0
200-րդ Սանի Օմորեգիեն 28.2.2018 «Արարատ»` 3-2
300-րդ Բրայան Գարսիա 14.7.2020 «Շիրակ»՝ 4-2
400-րդ Ագդոն Մենեզես 17.3.2023 «Շիրակ»՝ 3-0
500-րդ Էդգար Փիլոյան 22.8.2025 «Ուրարտու»՝ 1-0

Բարձրագույն խմբի առաջնություններում 500 գոլերն «Ալաշկերտը» խփել է 16 թիմերի դարպասները: Միայն «Սևանին» է հաջողվել դարպասն անառիկ պահել, որի հետ կայացած միակ խաղում գրանցվել է գոլազուրկ ոչ-ոքի:

Ալաշկերտցիներն առավել արդյունավետ են գործել «Արարատի» հետ հանդիպումներում՝ 51 խաղում խփելով 82 գնդակ: «Ուրարտուի» դարպասը նրանք գրավել են 67 անգամ: Ընթացիկ առաջնության մասնակից մյուս թիմերի հետ մրցավեճում ցուցանիշներն այսպիսին են. «Շիրակ»՝ 59 գոլ (46 խաղում), «Փյունիկ` 56 (49), «Նոա»՝ 35 (26), ԲԿՄԱ՝ 30 (15), «Վան»՝ 23 (18), «Արարատ-Արմենիա»՝ 21 (26), «Գանձասար»՝ 4 (3):

Բարձրագույն խմբի առաջնություններում «Ալաշկերտի» օգտին գրանցված 500 գոլերում իրենց ներդրումն են ունեցել թիմի 111 ֆուտբոլիստներ, ինչպես նաև մրցակցի 12 խաղացողներ՝ գանձասարցիներ Վբեյմար Անգուլոն, Արա Խաչատրյանը, Գրիգոր Մելիքսեթյանը, շիրակցի Արտյոմ Միքայելյանը, Համլետ Ասոյանն ու Ալեքսանդր Միլկովիչը (երկուսն էլ՝ «Նոա»), Գեորգի Պաշովը («Արարատ-Արմենիա»), Վիտալի Ստեժկոն («Փյունիկ»), Թեմուր Մուստաֆինը («Նորավանք»), Արթուր Քարտաշյանը («Վան») , Նորայր Նիկողոսյանը («ԲԿՄԱ») և Դմիտրի Տիխին («Ուրարտու»), որոնք մեկական անգամ գրավել են սեփական դարպասը: Ընդ որում Վբեյմար Անգուլոն «Ալաշկերտի» կազմում խաղալիս մեկ գոլի հեղինակ է դարձել:

Ալաշկերտցիներից բոլորից արդյունավետ է գործել Միհրան Մանասյանը, որը 67 գնդակով Fastex Պրեմիեր լիգայում թիմի գլխավոր ռմբարկուն է: Մանասյանը նաև թիմի ռեկորդակիրն է մեկ մրցաշրջանում խփած գոլերի քանակով: 2013/14թթ. առաջնությունում Միհրանը 17 գնդակով ճանաչվել է ոչ միայն թիմի, այլ նաև առաջնության լավագույն ռմբարկու:

«Ալաշկերտի» կազմում Բարձրագույն խմբում անցկացրած հաջորդ 3 մրցաշրջաններում էլ Մանասյանի արդյունքը թիմում լավագույնն է եղել: 2014/15թթ. մրցաշրջանում նա 9 գոլով կրկին թիմի լավագույն ռմբարկուն էր, իսկ հաջորդ երկու մրցաշրջաններում այդ տիտղոսը կիսել է համապատասխանաբար Հեբեր Արաուխոյի (16-ական գոլ) և Արտակ Եդիգարյանի (13-ական) հետ՝ ճանաչվելով նաև առաջնության լավագույն ռմբարկու:

FastNews-ը ներկայացնում է «Ալաշկերտի» գլխավոր ռմբարկուների տասնյակը:
 

Ֆուտբոլիստներ

Գոլ

1. Միհրան Մանասյան

67

2. Արտակ Եդիգարյան

48

3. Ուրոշ Նենադովիչ

19

4. Տիագո Գալվաո

19

5. Գուստավո Մարմենտինի           

17

6. Հեբեր Արաուխո              

16

7. Նորայր Գյոզալյան                                 

15

8. Ալեքսանդր Գլիշիչ         

15

9. Լևանի Կուտալիա

12

10. Դավիթ Խուրցիձե

12

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ