
Օրը հագեցած էր հայկական ֆուտբոլին առնչվող նորություններով: Դրանք առնչվում են և՛ Հայաստանում, և՛ միջազգային ֆուտբոլում կատարվող իրադարձություններին, որոնք անմիջական կապ ունեն արտերկրում հանդես եկող հայազգի ֆուտբոլիստների հետ:
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում հունիսի 27-ի իրադարձությունների քրոնիկոնը:
Չեմպիոնների լիգայի գավաթի 2017/18թթ. խաղարկության որակավորման 1-ին փուլում «Ալաշկերտը» «Հանրապետական» մարզադաշտում 1-0 հաշվով հաղթել է «Սանտա-Կոլոմային»: Միակ գոլը 39-րդ րոպեին տպավորիչ հարվածով հեղինակել է Ուրոշ Նենադովիչը: Պատասխան հանդիպումը կայանալու է հուլիսի 4-ին:
Հենրիխ Մխիթարյանը վերադարձել է Անգլիա: «Մանչեսթեր Յունայթեդը» նոր մրցաշրջանի նախապատրաստությունը կսկսի հուլիսի 8-ից:
Աբրահամ Խաշմանյան. «Այսօր մենք լավ չխաղացինք։ Նման համատարած պաշտպանություն կոտրելու համար պետք էր ավելի մեծ ագրեսիվություն ու սրություն, որը մենք չտեսանք։ Ունենք 6 օր ու կբարելավենք թիմի ֆունկցիոնալ վիճակը։ Մեզ ավելի հարմար է, որ բաց ֆուտբոլ խաղան։ Այսօր տարածություններ չունեինք»։
Արտակ Գրիգորյանը փորձաշրջան է անցել Ռուսաստանի Պրեմիեր լիգայի նորեկ «ԲՄԱ-Խաբարովսկի» կազմում, որի լավագույն ռմբարկուն Ռուսլան Կորյանն է: Գրիգորյանը մասնակցել է «Դոլգոպրուդնիի» հետ ընկերական հանդիպմանը, որն ավարտվել է 1-1 հաշվով: Այդուհանդերձ, կիսապաշտպանը վերադարձել էր Հայաստան և հայտավորվել «Սանտա-Կոլոմայի» հետ հանդիպմանը:
Արտակ Գրիգորյանը, ով փոխարինման էր մտել «Սանտա-Կոլոմայի» հետ մրցավեճի երկրորդ խաղակեսում, տեղափոխվել է հիվանդանոց: Ինչպես հայտնել է Աբրահամ Խաշմանյանը, նա խաղի ընթացքում քթի վնասվածք է ստացել և բաց կթողնի թիմերի միջև պատասխան հանդիպումը:
«Բանանցը» պայմանագիր է ստորագրել սերբ կիսապաշտպան Ալեքսանդր Ջոկովիչի հետ: 25-ամյա ֆուտբոլիստի նախորդ ակումբն էր Սերբիայի ուժեղագույն լիգայում հանդես եկող «Նովի Պազարը»: Մինչ այդ նա հանդես է եկել սերբական «Պարտիզանում», «Տելոպտիկում», «Բեժանիայում», «Նապրեդակում» և «Լուչանիում», ինչպես նաև իսրայելական «Հապոել» Նիր Ռամատ Հաշրոնում և ամերիկյան «Լոս Անջելես Գելաքսիի» երկրորդ թիմում:
«Արցախ ՖԱ»-ն ներկայացրել է իր տարբերանշանի երկու տարբերակները:

«Ստալի» նախագահ Վարդան Իսրայելյանը հայտնել է, որ նոր մրցաշրջանում թիմը շեշտը դնելու է երիտասարդ ֆուտբոլիստների վրա: Նա նաև հայտնել է, որ թիմում իրենց մրցելույթները շարունակելու են Գոռ Մալաքյանը և Էդգար Մալաքյանը: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Ստալը» մարզելու է ակումբի երիտասարդական թիմի նախկին մարզիչ Եղիշե Մելիքյանը:
«Ուրալն» ընկերական խաղում 1-0 հաշվով առավելության է հասել «Անկարանի» նկատմամբ: Էդգար Մանուչարյանը չի հայտնվել թիմի հայտացուցակում: Գլխավոր մարզիչ Ալեքսանդր Թարխանովը նշել է, որ հայ հարձակվողն, ամենայն հավանականությամբ, արդեն վաղը կսկսի մարզվել ընդհանուր խմբի հետ:
Արգենտինայի առաջնության 30-րդ տուրում «Տեմպերլեյը» մրցակցի հարկի տակ գոլազուրկ ոչ-ոքի է խաղացել «Վելես Սարսֆիլդի» հետ: Մաուրո Գևգեոզյանը մասնակցել է ամբողջ հանդիպմանը: «Տեմպերլեյը» 30 թիմերի պայքարում ընթանում է 18-րդ հորիզոնականում:
«Զիրկան» ընկերական հանդիպում է անցկացրել Կիրովոգրադի մարզի հավաքականի հետ և հաղթանակ տոնել 3-1 հաշվով: Թիմի նորեկ Արման Հովհաննիսյանը մասնակցել է առաջին խաղակեսին: Ուկրաինայի Պրեմիեր լիգայի ակումբում փորձաշրջան է անցնում «Շիրակում» Հովհաննիսյանի նախկին խաղընկեր Ռումյան Հովսեփյանը:
Էդգար Բաբայանը հիմնական հիմունքներով պայմանագիր է ստորագրել դանիական «Հոբրոյի» հետ: Նա վերջին մրցաշրջանի երկրորդ հատվածում ակումբի կազմում մասնակցել է 9 խաղի՝ դառնալով 2 գոլի և 1 արդյունավետ փոխանցման հեղինակ: «Հոբրոն» ձեռք է բերել Դանիայի Բարձրագույն լիգայում հանդես գալու իրավունք:

«Վորսկլայի» նորեկ Գեղամ Կադիմյան. «Շատ վաղուց եմ հետևում այս թիմի ելույթներին: Ինձ դուր է գալիս նրա արագ ֆուտբոլը: Գլխավոր մարզիչ Վասիլի Սաչկոն էր ինձ ցանկանում տեսնել թիմում: Սա ինձ համար կարողություններս ցուցադրելու հիանալի հնարավորություն է, ինչի համար էլ որոշել եմ դառնալ «Վորսկլայի» ֆուտբոլիստ»:
«Մարսելը» վերսկսել է իր մարզումները: Գաել Անդոնյանը, ով նախորդ մրցաշրջանի երկրորդ հատվածը վարձավճարով անցկացրել էր հունական «Վերիյայում», թիմին կմիանա հուլիսի 5-ին:
Մոսկվայի «Արարատի» գլխավոր մարզիչ Սերգեյ Բուլատով. «Ավստրիայում հավաքն ըստ նախատեսվածի է ընթանում: Մեր թիմը խաղալու է ֆուտբոլ, որը պետք է հաղթանակների բերի, բայց պետք է նաև գրավիչ լինի հանդիսատեսի համար: Կարևոր է, որ կարողանանք մեր դարպասն անառիկ պահել, բայց հարձակման գծում թիմը պետք է մարտունակ լինի»:
ՉԼ որակավորման 1-ին փուլում Էստոնիայի «Ինֆոնետ Տալինը» հյուրընկալվելիս 0-2 հաշվով պարտություն է կրել «Հիբերնիանսից»: Սերգեյ Թումասյանը չի հայտնվել թիմի հայտացուցակում, իսկ Ալեքսանդր Թումասյանը խաղադաշտ է մտել 84-րդ րոպեին:

