Ֆրանսիացի դերասան, գեղեցկության չափանիշ Ալեն Դելոնը տարիներ առաջ չափազանց անկեղծ հարցազրույց էր տվել ֆրանսիական հայտնի Paris Match ամսագրին, որի ժամանակ խոստովանել էր, որ առանց ափսոսանքի կլքի «այս անիծյալ աշխարհը»։ Դելոնն անթաքույց տխրությամբ ու հուսահատությամբ ամփոփել է իր ամբողջ կյանքը մի զրույցում՝ ցավով փաստելով, որ կեղծ արժեքներն են իշխում այս աշխարհում:
«Ժամանակակից աշխարհում ամեն ինչ կեղծ է, քանի որ ամեն ինչ կախված է փողից», - խոստովանել է Դելոնը, որը մենակ է ապրում Փարիզի մոտ գտնվող իր տանը: Ամենահավատարիմ ընկերը, ըստ նրա, իր շունն է, և հեռանալիս այս աշխարհից դերասանը ցանկանում է, որ շունը «հեռանա իր հետ, որպեսզի միայնակ չմնա իր գերեզմանի մոտ»:

Ծերության ժամանակ միայնությունը չի խնայում նույնիսկ ամենաուժեղին և ու տաղանադավորին. «Ես առանց ափսոսանքի կհեռանամ այս աշխարհից, ես արդեն ամեն ինչ տեսել եմ, ամեն ինչ զգացել: Բայց գլխավորն այն է, որ ես ատում եմ այս ժամանակները, սիրտս ուղղակի խառնում է: Ամեն ինչ կեղծ է, բոլոր զգացմունքները վիրավորված են, չկա ոչ հարգանք, ոչ խոստում, միայն փողն է կարևոր այս աշխարհում»:
Դելոնը միշտ ապրել է իր ուզածի պես՝ չթաքցնելով, որ սիրում է փող, ալկոհոլ, զենք և, իհարկե, կանանց։ Նա միշտ շրջապատված է եղել գեղեցիկ, կրքոտ ու տաղանդավոր կանանցով։

Գեղեցկությունը նաև խանգարել է Դելոնին. նրանից մեծ ջանքեր են պահանջվել, որպեսզի ռեժիսորները նկատեն նրա տաղանդը՝ որպես խորը դրամատիկ դերասան։ Դելոնի կարիերան միանգամից չի կայացել, քանի որ բոլորը կարծում էին, որ նա չափազանց ... գեղեցիկ է կինոյի համար։
Դելոնը՝ սիրո և կանանց մասին

- Ինձ համար դա Ընկերություն է՝ մեծատառով։ Ո՛չ սեր: Ես այլևս չեմ հավատում սիրուն։ Ես հավատում եմ միայն կրքին, որը երկար չի տևում: Ես հավատում եմ բազմաթիվ կրքերի. Ես դրանք վերապրում եմ մինչև վերջ, մինչև դրանք անհետանան:
- Ես երբեք չեմ գայթակղել կանանց, նկատի ունեմ, ֆլիրտ չեմ արել նրանց հետ, միշտ կինն է ամեն ինչ որոշել: Իմ խոսքերը կարող են զարմացնել ձեզ, քանի որ ինձ ճանաչում են՝ որպես պրոֆեսիոնալ գայթակղիչի։ Ես նույնիսկ մի փոքր ամաչում եմ խոսել այդ մասին: Ամեն մարդ իր մասին ամեն ինչ գիտի։ Ես մեղավոր չեմ, որ ծնվել եմ գեղեցիկ և գրավիչ։ Մա՛յրս է ինձ այսպիսին ծնել:
- Մի իմաստուն մարդ ասել է. «Ամուսնությունը չարիք է, բայց անհրաժեշտ չարիք»: Ես հաճախ եմ մտածում այս մասին. Ամենայն հավանականությամբ, ոչ թե ամուսնությունն է չարիք, այլ կինը։ Այսինքն՝ կինն անհրաժեշտ, խիստ անհրաժեշտ ու պարտադիր չարիք է։
- Ես ուզում եմ սիրված լինել այնպես, ինչպես ինքս եմ սիրել՝ հոգուս ամբողջ կրքով։
Իր մասին

- Ես Կարիճ եմ, զզվելի և բավականին կռվարար բնավորություն ունեմ։ Այդ պատճառով էլ կյանքումս շատ դժվարություններ են առաջանում:
- Ես ոչ մեկին չեմ սիրաշահում և ոչ մեկից չեմ թաքնվում։ Ես այն եմ, ինչ կամ: Դուք լիովին իրավունք ունեք ինձ ընդունելու կամ մերժելու: Բայց ես նաև շատ զգայուն ու զգացմունքային եմ։ Ես ունեմ դրա իրավունքը։ Այլապես չէի կարողանա դերասան դառնալ, այն էլ՝ մեծ դերասան: Ես մյուսներից ավելի շատ եմ երջանկություն և տառապանք զգում:
- 3 բան, որ կարողանում եմ անել ամենից լավ՝ աշխատանք, հիմարություններ և երեխաներ:
- Իմ արտաքին տվյալների հետ համակերպվեցի միայն այն բանից հետո, երբ էկրաններ դուրս եկավ իմ ամենահայտնի ֆիլմերից մեկը՝ «Լողավազանը»: Ես 33 տարեկան էի։ Հետո հանկարծ հասկացա՝ Քրիստոսի տարիքը, սամուրայի ոգին և հերոս-սիրեցյալի տեսքը՝ սա է իմ հակասությունը և միաժամանակ դերասանական հաղթաթուղթը։

Երջանկության մասին
Ի՞նչ է ձեզ համար բացարձակ երջանկությունը:
- Այն գոյություն չունի։ Լինում են երջանկության ակնթարթներ, պահեր, բայց տևական երջանկություն, իմ կարծիքով, չկա։


