Logo

Ալեքս Ջունիոր. ««Արարատ-Արմենիան» կարիերայիս լավագույն ակումբն է»

21:43 / 26.04.2024Ֆուտբոլ
null

«Արարատ-Արմենիայի» և Կապանի «Գանձասարի» նախկին պաշտպան, հայիթցի Ալեքս Քրիստիան Ջունիորը, որն այս տարվա հունվարից ազատ գործակալ է, ղազախական meta-ratings-ի հետ հարցազրույցում անդրադարձել է Հայաստանում հանդես գալու ժամանակահատվածին և Ղազախստանում ու Վրաստանում հայ մարզիչներ Արամ Ոսկանյանի և Վարդան Մինասյանի գլխավորությամբ խաղալուն:

««Արարատ-Արմենիայում» խաղալու ընթացքում հրավեր ստացա «Ատիրաուի» գլխավոր մարզիչ Արամ Ոսկանյանից և տեղափոխվեցի Ղազախստան: Մինչև տեղափոխվելս մի քանի տարի մտածում էի Ղազախստանում խաղալու մասին:

«Ատիրաուից» հետո խաղացի նաև «Տարազում»: Այնտեղ էլ սկզբում ամեն ինչ լավ էր, բայց ակումբի ղեկավարությունը մեծ պահանջներ ուենր: Նրանք ցանկանում էին, որ մենք տեղ զբաղեցնենք լավագույն քառյակում (խմբ.«Տարազի» գլխավոր մարզիչը Վարդան Մինասյանն էր):

Ինձ համար ծանր ժամանակահատված էր, քանի որ երկար ժամանակ չէի տեսել ընտանիքիս: Ցանկանում էի վերադառնալ ԱՄՆ, բայց գործակալս ասաց, որ դեռ պետք է մնալ Եվրոպայում: Այդպես տեղափոխվեցի վրացական «Թելավի» (գլխավոր մարզիչը Մինասյանն էր), հետո էլ պայմանագիր կնքեցի ղազախական մեկ այլ ակումբի՝ «Ակսուի» հետ:

«Ակսուն» վատագույն ակումբն է, որտեղ երբևէ խաղացել եմ: Մենք շաբաթ օրը խաղ էինք ունենում, բայց հինգշաբթի և ուրբաթ մարզումներին անգամ 11 ֆուտբոլիստ չէր գալիս: Միայն խաղի օրն էին բոլորը ներկայանում: Նրանք 6 ամսվա ընթացքում միայն մեկ անգամ են աշխատավարձ տվել (խմբ. վերջերս «Ակսուում» էին խաղում նաև «Արարատ Արմենիայի» պատմության լավագույն ռմբարկու Մաիլսոն Լիման,նաև «Նորավանքի» և «Ուրարտուի» նախկին ֆուտբոլիստ Եվգենի Կոբզարը):

«Արարատ-Արմենիայում» ավելի բարձր աշխատավարձ էի ստանում, քան «Ատիրաուում» և «Տարազում»: Ղազախստանում միշտ ապրում էի ակումբների բազայում: Կինս հետս չէր, և դա շատ լուրջ խնդիր էր ինձ համար:

ԱՄՆ-ում ես հիմնականում Երկրորդ լիգան ներկայացնող ակումբներում եմ խաղացել: Ղազախստանի առաջնության մակարդակը մի քանի անգամ ավելի բարձր է, բայց խաղացել եմ նաև Պորտուգալիայում, որտեղ մակարդակը մի քանի անգամ գերազանցում է Ղազախստանի առաջնությանը:

«Գանձասարը» Հայաստանի առաջնության չափանիշով համեստ ակումբ էր, սակայն ուներ բավականին ուժեղ ֆուտբոլիստներ: Մենք դարձանք բրոնզե մեդալակիր և գավաթակիր, այնուհետև տեղափոխվեցի «Արարատ-Արմենիա»:

Խոստովանում եմ՝ «Արարատ-Արմենիան» կարիերայիս լավագույն ակումբն է և ոչ միայն նրա համար, որ ուժեղ թիմ էր: Ինձ համար կարևոր է զգալ մարզիչի և թիմակիցներիս 100-տոկոսանոց վստահությունը: Այդ ամենը ես զգում էի, և հենց դրա համար էլ «Արարատ-Արմենիան» իմ սրտում յուրահատուկ տեղ ունի»,- նշել է 30-ամյա ֆուտբոլիստը:

Հիշեցնենք, որ Ալեքս Քրիստիան Ջունիորը «Գանձասարի» կազմում 2018-ին նվաճել էր Հայաստանի գավաթը, իսկ «Արարատ-Արմենիայի» կազմում 2018/2019, 2019/2020 մրցաշրջաններում դարձել էր Հայաստանի չեմպիոն: Ի դեպ, «Արարատ-Արմենիան» այդ ժամանակ նույնպես գլխավորում էր Վարդան Մինասյանը:

Ջունիորը «Գանձասարի» կազմում մասնակցել է 52 հանդիպման, դարձել 10 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ, «Արարատ-Արմենիայում» անցկացրած 45 խաղում էլ կատարել է 6 ասիստ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա