UFC-313-ի չեմպիոնական մենամարտը կկայանա Ալեքս Պերեյրայի ու Մագոմեդ Անկալաևի միջև:
Ալեքս Պերեյրան հարձակվող մարտիկ է, որն օժտված է քիքբռնցքամարտիկի ֆենոմենալ հմտություններով: Պերեյրան հայտնի է բռունցքի հզոր հարվածներով, բայց հրաշալի է գործում նաև ոտքով. հատկապես վտանգավոր են նրա ձախ կողային և հայքիք հարվածները։ Պերեյրան հաճախ է մեկ դիպուկ հարվածով նոկաուտի ենթարկել մրցակիցներին։
Բրազիլացին արդեն հաղթել է Իսրայել Ադեսանյայի, Իրժի Պրոխասկայի ու Ջամալ Հիլի նման բարձրակարգ մարտիկների: Այդպիսի հաղթանակները նրան ինքնավստահություն են տվել, ու կարելի է ենթադրել, որ այս մենամարտում Պերեյրան կունենա հոգեբանական առավելություն:
«Պոատանի» թույլ կողմերից մեկը ըմբշամարտի ու պարտեր դիրքում պայքարի սահմանափակ փորձն է: Պերեյրան խոցելի կդառնա, եթե մենամարտը ընթանա պարտեր դրությունում: Պերեյրան, եթե հայտնվի այնպիսի կարգավիճակում, որ ստիպված լինի պաշտպանվել թեյքդաուններից, կարող է ավելի շուտ հոգնել ու թերանալ պաշտպանական գործողություններում:

Մագոմեդ Անկալաևը բազմակողմանի մարտիկ է: Նա ունի ծանր հարվածներ ու տիրապետում է նաև ըմբշամարտի հնարքների՝ հմտություններ, որոնք նրան դարձնում են շատ վտանգավոր:
Անկալաևը հիանալի է գործում պարտեր դրությունում և կարող է միավորներ վաստակել մրցակցին ճնշելու ու նրա տեղաշարժը վերահսկելու միջոցով: Ռուսաստանը ներկայացնող մարտիկը նաև շատ լավ ֆիզիկական վիճակում է, որը կարող է որոշիչ գործոն լինել:

Մագոմեդը երբեմն սիրում է չափազանց զգույշ լինել և այդ պասիվ մարտաոճից կարող է օգտվել Պերեյրան: Ալեքս Պերեյրան նաև Անկալաևին գերազանցում է հարվածային տեխնիկայով: Հնարավոր է՝ Պերեյրան օգտագործի ցածր հարվածներ, որ սահմանափակի Անկալաևի տեղաշարժը:
Ամենայն հավանականությամբ, «Պոատանը» առաջին երկու ռաունդի ընթացքում կփորձի նոկաուտի ենթարկել Անկալաևին։ Հակառակ դեպքում մրցակիցը կհարմարվի բրազիլացու տեմպին ու կսկսի ավելի վստահ աշխատել: Մագոմեդը տիրապետում է մենամարտը պարտեր դրություն տեղափոխելու արվեստին ու փորձելու է նման խնդիրներ ստեղծել Պերեյրայի համար:
Սա UFC-ի դասական դիմակայություն է հարձակվող ու բազմակողմանի մարտիկների միջև:
UFC Fight Night 313-ը կկայանա մարտի 9-ին և Երևանի ժամանակով 04:00-ից կլինի «Ֆասթ Սպորտ»-ի ուղիղ եթերում և Fast TV հավելվածում (iOS, Android):


