Logo

Ալեքսանդր Պետրակով․ «Թուրքիայի դեմ խաղում եղան մանկական սխալներ» (տեսանյութ)

19:33 / 27.03.2023Հայկական ֆուտբոլ
null

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը Երևանում կայացած նախախաղային ասուլիսում անդրադարձել է Կիպրոսի հավաքականի դեմ ընկերական հանդիպմանը և խոսել Եվրո-2024-ի ընտրական մրցաշարի առաջին տուրում թուրքերից կրած պարտության մասին։

«Վերականգնման մասին կասեմ, որ երեկ մենք աշխատել ենք երկու խմբով։ Խաղին մասնակցած տղաները վերականգնվում էին, իսկ մյուսներն անցկացրին ամբողջական մարզում։ Թե ինչպես են խաղացողները վերականգնվել, այսօր կտեսնենք նախախաղային մարզմանը։ Մենք ունենք հատուկ սարքեր և մասնագետ, որը զբաղվում է այդ ամենով։ Մեկնարկային կազմի մասին ոչինչ չեմ ասի։

Կիպրոսի հավաքականը եվրոպական միջակ թիմ է։ Դիտել եմ նրանց խաղերը։ Շոտլանդիայի հավաքականի դեմ նրանք լավ էին խաղում պաշտպանությունից, 0-1 պարտվում էին և վերջնամասում նետվեցին առաջ՝ հավասարեցնելու հաշիվը, սակայն բաց թողեցին ևս երկու գոլ։ Այնպես չէր, որ նրանք ջախջախվեցին։ Մրցակցի վրացի մարզիչ Թեմուր Քեցբայան գրագետ աշխատանք է կատարում։

Վաղվա խաղում սպասվում են փորձարկումներ, կլինեն փոփոխություններ։ Կանոնակարգի համաձայն՝ թիմերը կարող են կատարել 6-ական փոխարինում։ Իհարկե, կա ցանկություն գործի մեջ տեսնել նոր խաղացողների, որպեսզի նրանք համապատասխանեն ազգային հավաքականի մակարդակին․ դա է ամենակարևորը։ Ես հրավիրել եմ խաղացողների, և ցանկանում եմ նրանց տեսնել գործի մեջ։ Հոգեբանական առումով մեկ բան է խաղալ Հայաստանի առաջնությունում և այլ բան՝ միջազգային խաղերում։ Հավաքականը դա հոգեբանություն է, տեսնենք, թե ինչպես դա կհաղթահարեն տղաները։ Խաղից առաջ շատ էի խոսել Գեորգի Հարությունյանի հետ։ Նա 18 տարեկան է և շատ էր անհանգստանում։ Սակայն նա գլուխ հանեց, թեև սխալներ ևս եղան։ Մարզիչի համար ամենակարևորն այն է, որ նայելով խաղացողի աչքիերին՝ տեսնի վստահություն։ Որպեսզի զգաս, որ նա հասկանում է քեզ։

Պետք է օբյեկտիվ լինել, Թուրքիայի հավաքականում հավաքված են շատ լավ խաղացողներ։ Այսօր Թուրքիայի հավաքականի յուրաքանչյուր խաղացող անհատապես գերազանցում է Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներին, բայց մեր տղաները ցուցադրեցին նվիրվածություն ու խաղային կարգապահություն։ Մենք 8 օր ենք մարզվել միասին, կատարել տակտիկական վարժություններ, սակայն ամեն բան չէր, որ ստացվում էր։ Նրանք ուշադիր լսում էին և կատարում ու կարողացան մրցակցի կարգի տարբերությունը նվազեցնել նվիրվածության ու մեծ ցանկության շնորհիվ։

Իհարկե, պարտությունն իր հետքը թողեց նաև ինձ վրա, քանի որ ես իմ կյանքում շատ չեմ պարտվել։ Դուք գուցե չեք քննադատում և նշում եք, որ վատ խաղ չէր, սակայն ինձ համար միշտ կարևոր է լուսատախտակի հաշիվը։ Խաղը մոռացվում է, իսկ հաշիվը միշտ մնում է։ Ակնհայտ է, որ ոչ-ոքիի խաղ էր՝ 1-1 կամ 2-2։

Դիտել եմ Տարոն Ոսկանյանի մասնակցությամբ դրվագը և զարմացած եմ, որ չնշանակվեց 11-մետրանոց հարված։ Նկատել եմ, որ կարգով ավելի ցածր թիմերի օգտին որոշումները քիչ են լինում։ Կա VAR համակարգ, սակայն մրցավարը չդիտեց դրվագը։ Կարծում եմ, որ եթե նույնի լիներ մեր դարպասի մոտ, Թուրքիայի հավաքականի ամբողջ պահեստայինների նստարանը կվազեր դեպի մրցավարը, սակայն մենք այդպես չարեցինք։ Ուշադիր նայել եմ, համարում եմ, որ կար 11-մետրանոց։

Տղաները թույլ տվեցին մանկական սխալներ։ Եղան անհասկանալի բաներ, սակայն ոչինչ չես վերադարձնի։ Իսկ թե ինչու Տիգրան Բարսեղյանը չփոխարինվեց այդ խաղում, ես գլխավոր մարզիչն եմ, և դա իմ որոշումն է։ Ինչո՞ւ ես պետք է բացատրեմ ձեզ։ Ես ասացի, որ գլխավոր մարզիչն եմ։ Ես նման որոշում եմ կայացրել, եթե կարող եք, ներեք ինձ դրա համար։

Կարճ ու միջին փոխանցումներով խաղալու համար հավաքականում անհրաժեշտ են համապատասխան ֆուտբոլիստներ։ Այդպես չի լինում, որ գալիս է նոր մարզիչ և ցանկանում խաղալ կարճ ու միջին փոխանցումներով, պաշտպանությունից դուրս գալ միայն փոխանցումով և այլն։ Դրա համար պետք են համապատասխան մակարդակի խաղացողներ։ Այդպես մենք պարզապես գոլեր կբերենք մեր դարպասին։ Մենք դեռ պատրաստ չենք։ Ես նույնպես սիրում եմ կարճ ու միջին փոխանցումներով և մեկ հպումով խաղը, և որ խաղաժամանկի 75 տոկոսը գնդակը լինի մեզ մոտ։ Այդպես խաղալու համար մի քիչ ժամանակ է հարկավոր։

Մենք հրավեր ուղարկել էինք Կոլումբիայում խաղացող Մոնրոյ Արարատին։ Նա չհրաժարվեց, սակայն ասաց, որ իր համար կարևոր շրջան է և ցանկանում է ամրապնդվել ակումբում։ Նա նշեց, որ հաջորդ անգամ, երևի, կգա, իսկ ես ասացի, որ հաջորդ անգամ կարող է չլինել այդպիսի վերաբերմունքով։

Ինչ վերաբերում է Ժիրայր Շաղոյանի և Արթուր Սերոբյանի՝ հայտացուցակից դուրս մնալուն, նրանք երիտասարդ տղաներ են, ես զրուցեցի նրանց հետ և ամեն ինչ բացատրեցի։ Շատ լավ տղաներ են, նրանք հասկացան ինձ և չնեղացան։ Մոտեցումն ու մարդկային որակները շատ դուր եկան ինձ։ Ցանկանում էի տեսնել նաև Էդգար Բաբայանին, որը եկել էր Դանիայից։ Նա արդեն վերադարձել է, քանի որ այսօր կինը ծննդաբերում է։ Նա չխաղաց, քանի որ ակումբում խաղային պրակտիկա չունի»,- նշել է ուկրաինացի մասնագետը։

Հիշեցնենք, որ Հայաստան - Կիպրոս հանդիպումը կկայանա մարտի 28-ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում և կմեկնարկի ժամը 19:00-ին: Կիպրոսի հավաքականը 110-րդ տեղում է ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում (Հայաստանը 95-րդն է)։

Մարտի 25-ին Հայաստանի հավաքականն Ալեքսանդր Պետրակովի նորամուտի խաղում անհաջող էր մեկնարկել Եվրո-2024-ի ընտրական փուլում՝ Երևանում 1-2 հաշվով պարտվելով Թուրքիայի թիմին, որը տարել էր կամային հաղթանակ։ Ընտրական A խմբում ընդգրկված Կիպրոսի հավաքականը մեկնարկել էր շոտլանդացիներից 0-3 հաշվով կրած պարտությամբ։

Վահան Բիչախչյան․ «Մարտական ենք տրամադրված Կիպրոսի դեմ խաղին» 

Կիպրոսի հավաքականի մարզիչն ու ֆուտբոլիստը՝ Հայաստանի դեմ խաղի մասին

Հայաստանի հավաքականի մրցակիցը մարզվեց Երևանում․ VNews-ի ֆոտոշարքը

Հայաստան - Կիպրոս հանդիպման մրցավարները

Հայաստանի հավաքականի 5 ֆուտբոլիստներ բաց կթողնեն Կիպրոսի դեմ խաղը

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա