Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը հեռացվել է զբաղեցրած պաշտոնից, հաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան նման որոշում է կայացրել Ազգերի լիգայի C դիվիզիոնի չորրորդ խմբի չորրորդ տուրում Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականից 0-2 հաշվով կրած տնային պարտությունից հետո։
Ուկրաինացի մասնագետը 2023թ․ հունվարից էր գլխավորում Հայաստանի հավաքականը, որը նրա գլխավորությամբ անցկացրել է 18 հանդիպում, տարել 4 հաղթանակ, կրել 10 պարտություն ու գրանցել 4 ոչ-ոքի։
Ազգերի լիգայի C դիվիզիոնի չորրորդ խմբում Հայաստանի հավաքականը չորս խաղից հետո չորս միավորով երկրորդն է և կորցրել է առաջին տեղ գրավելու շանսերը։ Հայաստանի հավաքականն Ազգերի լիգայում հաջորդ հանդիպումը կանցկացնի նոյեմբերի 14-ին՝ ընդունելով Ֆարերյան կղզիներին։ Այդ խաղից երեք օր անց հայ ֆուտբոլիստները մրցաշարը կավարտեն Լատվիայի հավաքականի դեմ արտագնա հանդիպումով։