Ամերիկահայ գործարար Ալեքսիս Օհանյանը Փարիզում հետևում է 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի ընթացքին: Լեգենդար ամերիկացի թենիսիստուհի Սերենա Ուիլյամսի ամուսինը լուսանկար և տեսանյութ է հրապարակել Հայաստանի օլիմպիական հավաքականի անդամներ, բռնցքամարտիկ Դավիթ Չալոյանի և աթլետ Երվանդ Մկրտչյանի հետ:
«Ես այստեղ եմ. կանգնեցնում եմ ինձ հանդիպած յուրաքանչյուր հայ մարզիկի և հաջողություն մաղթում»,- գրել է Օհանյանը X-ի միկրոբլոգում:
Հիշեցնենք, որ 2021թ. աշխարհի փոխչեմպիոն Դավիթ Չալոյանը հուլիսի 29-ին Փարիզ-2024-ում կանցկացնի առաջին մենամարտը, գյումրեցին 1/8 եզրափակիչում կմրցի բրիտանացի Օրի Դելիշիուսի դեմ: Մենամարտը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:36-ին:
Վազորդ Երվանդ Մկրտչյանն օգոստոսի 7-ին հանդես կգա 800 մետր մրցատարածության որակավորման փուլում:
Օլիմպիական խաղերում Հայաստանի ներկայացուցիչներից պայքարն արդեն ավարտել են լողորդ Վարսենիկ Մանուչարյանը և հրաձիգ Էլմիրա Կարապետյանը, որոնք չէին կարողացել հաղթահարել որակավորման փուլը, իսկ մարմնամարզիկներ Արթուր Դավթյանը (հենացատկ) և Վահագն Դավթյանը (օղակների վարժություն) դուրս են եկել առանձին գործիքների եզրափակիչ ու օգոստոսի 4-ին պայքարելու են մեդալների համար։
I'm out here stopping every Armenian athlete I find and wishing them luck 💪🇦🇲 #OlympicVillage pic.twitter.com/sZhIDlxBZq
— Alexis Ohanian 🇦🇲 (@alexisohanian) July 28, 2024


