Պրոֆեսիոնալ բռնցքամարտի ծանր քաշային կարգի աշխարհի բացարձակ չեմպիոն Ալեքսանդր Ուսիկը պարգևավճարներ է խոստացել այն ուկրաինացի բռնցքամարտիկներին, ովքեր մրցանակային տեղեր կզբաղեցնեն Փարիզում ընթացող ամառային 33-րդ Օլիմպիական խաղերում։ Այդ մասին հայտնել է ուկրաինացի մարզիչ Դմիտրի Սոսնովսկին:
«Նա շատ է օգնում մեր բռնցքամարտիկներին, տարբեր ձևերով։ Ուսիկն ասաց, որ ուկրաինացի բռնցքամարտիկներին կպարգևատրի, եթե նրանք Օլիմպիական խաղերում մեդալներ նվաճեն: Ուսիկը ոսկե մեդալի համար սահմանել է 80 հազար դոլար, արծաթի համար ՝ 70 հազար, բրոնզի համար՝ 50 հազար», - Սոսնովսկու խոսքը մեջբերում է Reuters -ը:
Հիշեցնենք, որ Փարիզ-2024-ի բռնցքամարտի մրցաշարում Ուկրաինան ունի երեք մասնակից, բոլորը՝ տղամարդկանց պայքարում։


