Աշխարհի երկրորդ ռակետ, իսպանացի Կառլոս Ալկարասը, որն Ինդիան-Ուելսում ընթացող «Մասթերս» շարքի մրցաշարի տղամարդկանց մենախաղի եզրափակիչում կմրցի ռուս Դանիիլ Մեդվեդևի հետ, գովեստի խոսքեր է ասել մրցակցի հասցեին:
«Անկասկած, ուզում եմ խաղալ լավագույնների հետ: Միշտ կարծել եմ, որ եթե ցանկանում ես դառնալ լավագույնը, պետք է մրցես լավագույնների հետ: Դանիիլն այս պահին աշխարհի լավագույն թենիսիստն է: Նա անհավանական հաղթական շարք ունի: Դժվար հանդիպում կլինի, սակայն պատրաստ եմ»,- Ալկարասի խոսքը մեջբերում է ATP-ի մամուլի ծառայությունը:
Հիշեցնենք, որ Դանիիլ Մեդվեդևը 19-րդ անընդմեջ հաղթանակն էր տարել՝ կիսաեզրափակիչում 7-5, 7-6 (7-4) հաշվով առավելության հասնելով ԱՄՆ-ի ներկայացուցիչ Ֆրենսիս Տիաֆոյի նկատմամբ:
Ալկարաս - Մեդվեդև հանդիպումը կմեկնարկի մարտի 20-ին՝ Երևանի ժամանակով 03:00-ին:
Ինդիան-Ուելսի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 8.8 միլիոն դոլար է: Մրցաշարի գործող հաղթողն ԱՄՆ-ի առաջին ռակետ Թեյլոր Ֆրիցն է:


