Աշխարհի առաջին ռակետ, իսպանացի թենիսիստ Կառլոս Ալկարասը խոստովանել է, որ «Մեծ սաղավարտի» տարվա երրորդ մրցաշար «Ուիմբլդոնի» հաղթական եզրափակիչից առաջ և հետո հաղորդագրություն է ստացել իր լեգենդար հայրենակից Ռաֆայել Նադալից:
«Նա ինձ հաղորդագրություններ էր ուղարկել: Եզրափակիչից առաջ հաջողություն էր մաղթել: Եզրափակիչից հետո նա գրել էր՝ «Շնորհավորում եմ հաղթանակի կապակցությամբ։ Վայելիր, քանի որ այս պահերը կախարդական են և եզակի»:
Նրա նման մարդը, խաղացողը, որը եղել և մնում է իմ կուռքը, ինձ հաջողություն է մաղթում կյանքիս ամենակարևոր պահին, հիասքանչ է»,- 20-ամյա թենիսիստի խոսքը մեջբերում է Marca-ն:
Հիշեցնենք, որ Ալկարասը նախորդ շաբաթ «Ուիմբլդոնի» եզրափակիչում առավելության էր հասել «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 23-ակի հաղթող, աշխարհի երկրորդ ռակետ, սերբ Նովակ Ջոկովիչի նկատմամբ:
«Մեծ սաղավարտի» մրցաշարերի 22-ակի հաղթող, 37-ամյա Նադալը կորտ կվերադառնա 2024 թվականին: