«Մեծ սաղավարտի» տարվա երրորդ մրցաշար «Ուիմբլդոնի» նորընծա հաղթող, իսպանացի Կառլոս Ալկարասն ու եզրափակիչի մասնակից, սերբ Նովակ Ջոկովիչը մրցավեճից հետո կորտում արտահայտել են իրենց տպավորությունները:
Կառլոս Ալկարաս
«Սա երազանքի իրականացում է: Իհարկե, հիանալի է հաղթելը, սակայն նույնիսկ պարտության դեպքում կհպարտանայի ինձնով: Ինձ համար անհավանական է այս հիասքանչ մրցաշարի պատմության մաս դառնալը, լեգենդար մարզաձևի եզրափակիչում խաղալը:
20-ամյա տղայի համար «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 2 տիտղոսն ունենալն անիրական է: Չէի սպասում, որ այսպես արագ կհասնեմ նման արդյունքի: Հպարտանում եմ մեր թիմի կատարած աշխատանքով»,- ասել է Ալկարասը:
Նովակ Ջոկովիչ
«Բարի օր բոլորին: Իհարկե, այն ինձ համար այնքան էլ բարի չէ, սակայն Կառլոսի դեպքում՝ հաստատ: Ցանկանում եմ գովեստի խոսքեր ասել մրցակցիս ու նրա թիմի հասցեին: Ալկարասը հիանալի մատուցումներ ու որակյալ հարվածներ ունի: Դու արժանիորեն հաղթեցիր: Հիանալի է:
Չէի կարծում, թե քեզ հետ խնդիրներ կունենամ խոտածածկի վրա (ժպտում է): Առայժմ դժվար կլինի ընդունել պարտությունը, սակայն ամեն ինչ առջևում է»,- ասել է Ջոկովիչը:
Հիշեցնենք, որ «Ուիմբլդոնի» եզրափակիչում Կառլոս Ալկարասը 1-6, 7-6 (8-6), 6-1, 3-6, 6-4 հաշվով պարտության էր մատնել Նովակ Ջոկովիչին՝ «Մեծ սաղավարտի» մրցաշարերում նվաճելով երկրորդ տիտղոսը:


