Logo

Անսովոր մեթոդներ, արգելքներ, բայց փայլուն արդյունք. Ալոնսոն փոխում է Անչելոտիի սցենարը

Հեղինակ
Իշխան Մելքոնյան
17:27 / 31.10.2025Ֆուտբոլ
Բացառիկ
null

Նախորդ շաբաթ «Ռեալը» 2 կարևոր հաղթանակ տարավ «Յուվենտուսի» ու «Բարսելոնայի» դեմ խաղերում: Չաբի Ալոնսոյի համար հաղթանակները շատ էին ու ոչ միայն խաղադաշտում: Այդ հաղթանակներն ամրապնդեցին բասկ մասնագետի նախագիծը, արդարացրին նրա՝ մինչև այս պահը կիրառած բոլոր մեթոդները: 

Կարելի է պարզապես նայել Չեմպիոնների լիգայի ու Լա լիգայի մրցաշարային աղյուսակներին և զգալ այն ահռելի տարբերությունը, որ կա՝ նախորդ մրցաշրջանի համեմատ: Այդ առաջընթացի տակ թաքնված են Ալոնսոյի՝ 3-4 ամիսների ընթացքում կատարած փոփոխությունները և այն փոքրիկ հաղթանակները, որոնք գումարվում են իրար ու կերպարանափոխում «Ռեալը»:

Լավագույն Բելինգհեմը վերադարձավ

Երբ Ալոնսոն նոր էր ժամանել Մադրիդ, նրա առջև դրված գլխավոր խնդիրը հետևյալն էր՝ ո՛ր դիրքում պետք է խաղար Ջուդ Բելինգհեմը: «Յուվենտուսի» ու հատկապես «Բարսելոնայի» դեմ խաղում տեսանք այն լուծումը, որ գտել էր Չաբին Ջուդի համար: Իսկ Ջուդն այսքան Ջուդ վաղուց չէր եղել: Տպավորություն էր, թե նա իր ներկայությամբ ու երկար ոտքերով ծածկում է ամբողջ խաղադաշտը: 

Առաջին գոլի դրվագում Ջուդը ցուցադրեց փլեյմեյքերի իր լավագույն հատկանիշները. մարմնի գրագետ տեղաշարժ, ինչի արդյունքում Պեդրին անհետանում է դրվագից, այնուհետև այնպիսի փոխանցում Մբապեին, որ գնդակը հասներ ֆրանսիացուն, իսկ «Բարսելոնայի» պաշտպանները չհասցնեին խաղից դուրս վիճակ ստեղծել: Զիդանն էլ «Ռեալում» խաղում էր «5» համարի մարզաշապիկով, բայց կատարում էր «10 համարին» բնորոշ փոխանցումներ:

Երկրորդ գոլի դրվագում Ջուդը ցույց տվեց արդեն կենտրոնական հարձակվողի հմտությունը, որ ձեռք բերեց Մադրիդում իր առաջին մրցաշրջանում: Ինչպես «Յուվենտուսի» դեմ խաղում, այս անգամ էլ նա ճիշտ պահին ճիշտ տեղում էր:

Real Madrid win 2-1 over Barcelona in El Clásico - Alexander Magazine

Բելինգհեմը գտել է իր դիրքը՝ Մբապեի թիկունքում ու Գյուլերի առջև, բայց ազատ տեղաշարժերում, ազատ իր որոշումներում՝ մեկտեղելով ստեղծագործական միտքն ու քրտնաջան աշխատանքը: 

Կամավինգան նոր դիրքերում է իրեն բացահայտում

«Էլ Կլասիկոյի» ժամանակ Ալոնսոն նոր դիրք հորինեց «Ռեալի» սխեմայում՝ կեղծ աջ վինգեր: Վինգեր ասվածն այս դեպքում մի փոքր չափազանցված է, ավելի ճիշտ կլիներ ասել՝ աջ կիսապաշտպան, ամեն դեպքում այս գաղափարը ոչ միայն անակնկալի բերեց Հանսի Ֆլիկին, այլ նաև Կամավինգային: 

Կամավինգան նախաձեռնում էր «Ռեալի» գրոհները խորքից և, ունենալով բազմաթիվ տարբերակներ, մրցակցի համար ստեղծում էր անկանխատեսելիություն, հետևաբար առաջանում էին ազատ գոտիներ: Իսկ երբ գրոհում էր մրցակիցը, Կամավինգան նույն եզրով հետ էր քաշվում՝ օգնելով թե՛ Չուամենիին, թե՛ Ֆեդե Վալվերդեին: Այս նորամուծությունը դժվար թե կիրառվի բոլոր խաղերում, բայց այն արդեն Ալոնսոյի նոթատետրում է՝ որպես այլընտրանքային, հետաքրքիր ու արդեն աշխատած լուծում:

Բարձր պրեսինգ

Այս «Ռեալի» գլխավոր առանձնահատկությունը բարձր պրեսինգն է, որն Ալոնսոն իր հետ բերել է Լևերկուզենից: Կառլո Անչելոտիի ժամանակաշրջանում էլ թիմը փորձում էր բարձրից դիմավորել մրցակցին, բայց դա ունենում էր հակառակ ազդեցություն՝ թիմը շատ էր գոլեր ընդունում: Ալոնսոն իր մոտեցումներն է ցուցաբերում, ու դրա շնորհիվ «Ռեալը» խլում է գնդակը մրցակցի կիսադաշտում միջին հաշվարկով մեկ խաղում 9 անգամ: Այդ խլումների 40 տոկոսն ավարտվում է հարվածով, 5 տոկոսը՝ գոլով: 

Ալոնսոյի «Ռեալը» նաև անհամեմատ սոլիդ է պաշտպանությունում: ՉԼ-ում բաց թողած ընդամենը 1 գոլ, Լա լիգայում էլ ամենաքիչ գոլ ընդունած թիմերից է, ու դա էլ շնորհիվ խլումների կամ գնդակը կորցնելուց հետո արագ վերարդարձնելու: Արագ ու էֆեկտիվ գործելու կարողությունը թույլ է տալիս «Ռեալին» հաղթել՝ չունենալով գնդակի մեծ վերահսկողություն:

3-ը 1-ում Գյուլերը

Ի տարբերություն նախորդ մրցաշրջանի՝ այս տարի կարևոր են ու խաղաժամանակ են ստանում բոլորը: Անչելոտին ուներ իր վստահելի 13-14 ֆուտբոլիստներին, իսկ Ալոնսոն հնարավորություն է տալիս գրեթե բոլորին, իսկ եթե չեն արդարացնում սպասելիքները, նրանց այնպիսի դիրքերում է օգտագործում կամ այնպիսի դեր է տալիս, որ բոլորն էլ օգուտ տան թիմին: 

Արդա Գյուլերը նախորդ երկու մրցաշրջաններում ոչ թե երկրորդական դերակատար էր, այլ պարզապես ֆոն ապահովող կերպար: Ալոնսոն հաշված շաբաթների ընթացքում ցույց տվեց, որ խնդիրը ոչ թե Գյուլերն էր, այլ նրան ճիշտ չօգտագործելը. «Գյուլերը Օզիլի, Գուտիի և Վիրցի խառնուրդն է»,- ասում է Չաբին և փորձում Գյուլերից ստանալ այդ երեք ֆուտբոլիստներից որոշ դետալներ: Գյուլերը խաղում է խորքից, ինչպես Գուտին, կարդում է կենտրոնական հարձակվողի տեղաշարժը ու գնդակ մատակարարում նրան, ինչպես Օզիլը (Գյուլերն ու Մբապեն միասին այս մրցաշրջանում 5 գոլ են կառուցել), և սողում է մրցակցի պաշտպանական շերտերի միջև՝ ջարդուփշուր անելով դրանք, ինչպես Վիրցը:

Չուամենին՝ Ալոնսոյի Ալոնսոն

Մեկ այլ «բացահայտում» է Օրելյան Չուամենին: Այս դեպքը նման է իրավիճակի, երբ ինչ-որ հիմնարկ է բերվում թանկարժեք տեխնիկա, բայց այն կիրառել չկարողանալու/չիմանալու հետևանքով այդ տեխնիկան դառնում է անպիտան իր՝ մնալով նկուղում ինչ-որ մի տեղ:

Ալոնսոն այն մասնագետն է, որը գիտի՝ Չուամենիի ո՛ր կոճակները պիտի սեղմի՝ նրան լավագույն կերպով օգտագործելու համար: «Բեռնաբեուում» սուլոցները փոխակերպվել են ծափահարությունների: Ու գուցե դրա գլխավոր շարժառիթն այն է, որ Չուամենին Ալոնսոյի Ալոնսոն է խաղադաշտում՝ այն կիսապաշտպանը, որն Ալոնսոն էր, երբ դեռ ֆուտբոլ էր խաղում: Հավասարակշռություն մտցնող ֆիգուրը՝ քանդելով մրցակցի գրոհներն ու սկսելով իր թիմինը:

Xabi Alonso has 'new ideas' for Aurelien Tchouameni as 'things are going  well' for midfielder under Real Madrid coach | Goal.com Singapore

Անդրդվելի Մբապեն

Անպատկերացնելի ու անհավատալի է թվում, բայց նախորդ տարի այս հատվածում կային մարդիկ (ու շատ), որ կասկածում էին Կիլիան Մբապեի որակների վրա, կային ավելի համարձակներ, որ հարցականի տակ էին դնում Մբապեի՝ «Ռեալ» տեղափոխության նպատակահարմարությունը: 

Մբապեն մրցաշրջանի գոնե այս հատվածում Ռոնալդուի տեմպն է հավաքել: Ճանապարհին նա ում տեսնում՝ գոլ է խփում: Կա՞ դարպաս, որը ցանցով է, ուրեմն՝ Մբապեն գնդակ կդնի այնտեղ: Անչելոտին ասում էր՝ երբ Ռոնալդուն դաշտում է, խաղը սկսվում է 1-0 հաշվով: Ալոնսոյի Ռոնալդուն Մբապեն է: Կիլիանն արդեն 16 գոլ է խփել՝ գրանցելով իր կարիերայի լավագույն մեկնարկը: Նրա արդյունավետությունը սկանդալային է, ահարկու, հիստերիկ ու անկառավարելի: 

Squawka on X
Կարգապահությունը՝ ամեն ինչից վեր

Վինիսիուսի փոխարինման հանրահայտ դրվագն առիթ դարձավ, որ իսպանական մամուլը կարևոր դետալներ հրապարակի Ալոնսոյի աշխատանքային մեթոդների վերաբերյալ:

Գրում են, որ «Ռեալի» ֆուտբոլիստները «Արսենալի» դեմ ՉԼ քառորդ եզրափակիչի խաղից հետո գիտակցել են՝ որքան քիչ է եղել իրենց տակտիկական պատրաստվածությունն այդ հանդիպման համար: Տակտիկական կողմից զատ, Ալոնսոն մտել է հանդերձարան ու նկատել «վատ սովորություններ»: Պարզվում է, որ

-Ալոնսոն արգելել է ֆուտբոլիստների ընտանիքների անդամներին գալ փակ մարզումներին՝ խաղային տեղեկությունները որքան հնարավոր է փակ պահելու համար,

-Ֆուտբոլիստները նույնիսկ իրենց գործակալներին չպետք է մանրամասներ հայտնեն թիմի մարզումային ծրագրերից,

-«Լիվերպուլի» դեմ խաղի վերջին մարզումը «Ռեալը» ոչ թե կանցկացնի «Էնֆիլդում», ինչպես միշտ է արել, այլ Վալդեբեբասում: Այս մեթոդը ժամանակին կիրառում էր Ժոզե Մոուրինյոն,

-«Ռեալի» մեկնարկային կազմն այլևս ժամանակից շուտ չի հրապարակվում. դա արգելված է,

-Ալոնսոն ֆուտբոլիստներից առավելագույն կենտրոնացում է պահանջում և ուզում է վերահսկել նույնիսկ այն, թե ինչպես և երբ են նրանք գնում քնելու,

-Մարզիչ - ֆուտբոլիստ հարաբերությունները ոչ թե ընկերական են, այլ աշխատանքային՝ ի տարբերություն Անչելոտիի ժամանակաշրջանի:

Xabi Alonso takes drastic action after watching Real Madrid players in  training ahead of Club World

Գրում են նաև, որ թիմի աստղերից ոմանց դուր չեն գալիս Ալոնսոյի մեթոդները, բայց ակումբը, ինչպես Վինիսիուսի դրվագի դեպքում, մարզչի կողմից է, քանի որ կատարված աշխատանքը, արդեն իսկ տեսանելի փոփոխություններն ամուր հիմք են դարձել Չաբիի համար: Ալոնսոն չի եկել «Ռեալ»՝ ֆուտբոլիստներին դուր գալու համար. նա ունի խնդիր՝ աստղաբույլից ստեղծել ԹԻՄ, և նա սկսել է այդ ճանապարհը...

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ