Logo

Ամառային արձակուրդները ՀՊԼ-ում. Ինչպես անցան նախապատրաստական շրջանը հայկական թիմերը (Մաս 2)

Հեղինակ
Ռաֆայել Խալաթյան
16:45 / 18.08.2023Ֆուտբոլ
null

Ֆուտբոլի Հայաստանի 32-րդ առաջնության նախապատրաստական շրջանի մասին պատմող անդրադարձի առաջին մասում VNews-ը ներկայացրել է նախորդ մրցաշրջանի լավագույն քառյակի թիմերի աշխատանքները: Երկրորդ մասում անդրադառնում ենք նրան, թե մնացած 6 թիմերից որոնք կարող են պայքարել եվրագավաթների մասնակիցների հետ, որոնց է հատկացված միջակի դերն առաջնությունում, և ովքեր են պայքարելու Պրեմիեր լիգայում իրենց տեղը պահպանելու համար:

«Նոա»

Հերթական անգամ մրցաշրջանից առաջ փոխելով զարգացման կուրսը՝ Երևանի «Նոան» այժմ հավակնում է պայքարել նախորդ առաջնության լավագույն քառյակի հետ՝ եվրագավաթային գոտի մտնելու համար: 2022/23 մրցաշրջանը «Նոան» անցկացրեց երիտասարդ կազմով, իսկ ընթացիկ առաջնությունից առաջ հրաժեշտ տվեց ևս մի քանի լեգեոնականների. Ադամս Ֆրայդեյը գնաց Ռումինիա, Պրինս Էբենեզերը՝ Բուլղարիա, Գուդնյուզ Իգբոկվեն՝ Իսրայել: Հիմնական կազմի մյուս խաղացողներից հեռացավ նաև Հայկ Մուսախանյանը, թեև վերջինս առաջնության երկրորդ հատվածում կորցրել էր տեղը մեկնարկային կազմում:

Փոխարենը թիմի կազմը համալրվեց 19 նորեկներով, որոնցից յուրաքանչյուրին Հայաստանի առաջնության մակարդակով լուրջ համալրում կարելի է համարել: Նրանցից մի քանիսը Հայաստանում հաջող ելույթ ունենալու հարուստ փորձ ունեն՝ Ռումյան Հովսեփյանը, Արթուր Միրանյանը, Էդգար Մովսեսյանը, Վասպուրակ Մինասյանը, Ալեքսանդր Միլկովիչը, թիմ վերադարձած Վալերիո Վիմերկատին, մնացածը խաղացել են հոլանդական, պորտուգալական ամուր թիմերում: Բնական է, որ սկզբում խաղակցվածության պակասը կզգացվի, սակայն աստիճանաբար «Նոան» պետք է լուրջ ուժ դառնա առաջնությունում: 

«Նոային» հետաքրքիր է հետևել նաև թիմի մարզիչ Ռոբերտ Արզումանյանի համար: Նախորդ մրցաշրջանում թիմն անհրաժեշտ մակարդակ չուներ մարզչի մտահղացումներն իրականացնելու համար, այժմ նոր կազմով Արզումանյանը պետք է ավելի լավ արդյունքներ ցույց տա: Միևնույն ժամանակ, թանկարժեք ձեռքբերումներից հետո ակումբի ղեկավարությունն էլ կսկսի ավելի անհամբեր գտնվել, այնպես որ, երիտասարդ մարզիչը պետք է նաև կարողանա արդյունք ապահովել մրցաշրջանի ընթացքում:

«Արարատ»

Նախամրցաշրջանային հատվածում «Արարատն» ազատվեց մի շարք պահեստային ֆուտբոլիստներից, նրանց փոխարեն ձեռք բերեց նոր խաղացողների՝ կազմի խորության համար: Կորուստներից կարելի է առանձնացնել Ալեքսանդր Գլիշիչի տեղափոխությունը «Նոա»: «Արարատից» հեռացան երիտասարդ կոտդիվուարցիները, նրանց ակումբը փոխարինում է Մալիից երիտասարդ խաղացողներով: Թե ինչպես դա կազդի թիմի խաղի որակի վրա, կերևա մրցաշրջանի ընթացքում: Երևանյան ակումբի կազմը համալրել են նաև երիտասարդ հայ ֆուտբոլիստներ՝ Վոլոդյա Սամսոնյանը, Արսեն Գալստյանը, Արմեն Նահապետյանը, Նարեկ Սիմոնյանը, Համլետ Մինասյանը, որոնցից առայժմ միայն Սամսոնյանն է կայուն խաղաժամանակ ստանում: Նախորդ մրցաշրջանի համեմատ «Արարատի» ներուժը գրեթե չի փոխվել, կազմի ընտրության առումով թիմն առայժմ զիջում է առաջատար քառյակին, խաղային աճի համար երիտասարդ նորեկները պետք է իրենց լավագույն կողմերով դրսևորեն:

Փյունիկ-Արարատ-2023

«Շիրակ»

Գյումրիի ակումբը նախորդ մրցաշրջանում շատ մոտ էր գավաթակիր դառնալուն, սակայն եզրափակիչում պարտվելուց հետո ակումբի ղեկավարությունը որոշեց լուրջ փոփոխություններ չանել: Թիմից հեռացան փորձառու պաշտպաններ Մարկո Պրլևիչը, Արտյոմ Միքայելյանն ու Ռոբերտ Հակոբյանը, ինչպես նաև հարձակողական ոճի կիսապաշտպան Մուսա Փոլ Բակայոկոն: Վերջինիս կորուստն ամենացավալին է: Համալրումներ գրեթե չեղան. հարազատ ակումբ վերադարձավ Հրայր Մկոյանը, «Վեստ Արմենիայից» տեղափոխվեց երիտասարդ Արտյոմ Կիբան: «Շիրակը» շեշտը դնում է երիտասարդ ֆուտբոլիստների զարգացման վրա, և այս մրցաշրջանում լուրջ ակնկալիքներ թիմից չկան: 

«Վան»

Չարենցավանի թիմը հերթական անգամ մրցաշրջանից առաջ էականորեն փոխեց կազմը, ընդ որում՝ նաև մարզչական: Նման անկայունության պայմաններում, իհարկե, լուրջ խնդիրներ լուծելը դժվար է։ Մյուս կողմից, թիմի կազմը թույլ է տալիս կռիվ տալ յուրաքանչյուր խաղում, իսկ գլխավոր մարզիչ Սևադա Արզումանյանը կարող է ունեցած ռեսուրսներից առավելագույնը քաղել, բայց դա կարող է բավարար լինել միայն մրցաշարային աղյուսակի երկրորդ մասում բարձր տեղ զբաղեցնելուն: Կորուստներից կարելի է առանձնացնել կիսապաշտպան Պավել Գորելովի տեղափոխությունը ռուսական «ԿաՄԱԶ», Էդգար Մովսեսյանի, Ռումյան Հովսեփյանի ու Վասպուրակ Մինասյանի հեռանալը։ Փոխարենը «Վանում» են սկսել ելույթ ունենալ երիտասարդ հայ ֆուտբոլիստներ Կարեն Մուրադյանը, Արսեն Եղիազարյանը, դարպասապահ Արման Մելիքսեթյանը, «Փյունիկից» վարձավճարով տեղափոխվել է հարձակվող Վրեժ Չիլոյանը:

«Վեստ Արմենիա»

Առաջնության նորեկն այս պահին Պրեմիեր լիգայից դուրս մնալու ամենաիրական թեկնածուն է: Թիմը հիմնականում պահեց Առաջին դիվիզիոնի չեմպիոնական կազմը, որին ավելացան փորձառու դարպասապահ Գոռ Մանուկյանը, ռուսաստանցիներ Զախար Տարասենկոն, Զալիմ Մակոևը, Միխայիլ Ստրելնիկը, տանզանիացիներ Էդսինյոն ու Յուսուֆ Ատումանը, ինչպես նաև «Սևանի» և «Փյունիկի» նախկին հարձակվող Անդրե Մենսալաոն: Գլխավոր մարզիչ Խորեն Վերանյանը մեծ աշխատանք ունի կատարելու պաշտպանությունում թիմի խաղը կարգավորելու համար, որպեսզի «Վեստ Արմենիան» կարողանա լուծել առաջնությունից դուրս չմնալու խնդիրը:

ԲԿՄԱ

Բանակային ակումբը, որը մրցաշրջանում մրցաշարային խնդիրներ չի լուծում, կարող է էականորեն խառնել ֆավորիտների խաղաքարտերը: Ռաֆայել Նազարյանը նախորդ մրցաշրջանի երկրորդ հատվածում կարողացավ կարգավորել ԲԿՄԱ-ի խաղը, և թիմը նոր մրցաշրջան է մտել որպես լավ աշխատող մեխանիզմ, որը կարող է քայքայել առաջատարների նյարդերը: Ուրախացնում է թիմում առանձին ֆուտբոլիստների խաղային աճը: Կարելի է առանձնացնել դարպասապահ Գոռ Մատինյանին, պաշտպաններ Արգիշտի Պետրոսյանին ու Նորայր Նիկողոսյանին, կիսապաշտպաններ Նարեկ Ալավերդյանին ու Դանիել Աղբալյանին, հարձակվող Գրենիկ Պետրոսյանին, որոնք, մշտական խաղաժամանակ ստանալով, կարողանում են բարելավել իրենց խաղային որակները: Միջմրցաշրջանում հեռացավ թիմի առաջատար Միքայել Միրզոյանը, բայց դա հնարավորություններ է բացում նորեկներից Կառլեն Հովհաննիսյանի համար: ԲԿՄԱ-ի ելույթներին միշտ հետաքրքիր է հետևել, քանի որ թիմում խաղում են բացառապես հայ ֆուտբոլիստներ, որոնց մեծ մասը Հայաստանի երիտասարդական ու Մ19 հավաքականի թեկնածուներ են, և նրանց առաջընթացից կշահի ամբողջ հայկական ֆուտբոլը:

null

Ամառային արձակուրդները ՀՊԼ-ում. Ինչպես անցան նախապատրաստական շրջանը հայկական թիմերը (Մաս 1)

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ