Fastex Պրեմիեր լիգայի 33-րդ առաջնության 159 հանդիպումներում 11 թիմերի կազմում ընդհանուր առմամբ խաղադաշտ են դուրս եկել 351 ֆուտբոլիստներ, որոնցից 180-ն (51,2 տոկոսը) ազգությամբ հայ են:
14 ֆուտբոլիստներ՝ Արթուր Քարտաշյանը («Ալաշկերտ», «Վեստ Արմենիա»), Միշել Այվազյանը («Արարատ-Արմենիա», ԲԿՄԱ), Հենրի Ավագյանը («Փյունիկ», «Արարատ-Արմենիա»), Խամես Սանթոսը («Փյունիկ», «Նոա»), Իշխան Դարբինյանը («Փյունիկ», «Վեստ Արմենիա»), Հայկ Ղազարյանը («Ուրարտու», ԲԿՄԱ), Արման Ղազարյանը («Ուրարտու», «Ալաշկերտ»), Գևորգ Տարախչյանը («Ուրարտու», «Ալաշկերտ»), Վասպուրակ Մինասյանը («Ալաշկերտ», «Գանձասար»), Վահագն Հայրապետյանը («Ալաշկերտ», «Գանձասար»), Արթուր Գրիգորյանը («Արարատ», «Փյունիկ»), Արսեն Բեգլարյանը («Արարատ-Արմենիա», «Վան»), Անատոլի Այվազովը («Վեստ Արմենիա», «Վան») և Արմեն Սարգսյանն («Վեստ Արմենիա», «Վան») առաջնությունում խաղացել են 2 թիմի կազմում:
Միայն 4 ֆուտբոլիստի է հաջողվել մասնակցել իրենց թիմերի անցկացրած բոլոր հանդիպումներին: Դանիել Աղբալյանն ու Նարեկ Հովհաննիսյանը խաղադաշտ են դուրս եկել ԲԿՄԱ-ի անցկացրած բոլոր 30 խաղերում էլ: «Արարատ-Արմենիայի» ավագ Արմեն Համբարձումյանը մասնակցել է իր թիմի բոլոր 29 հանդիպումներին, իսկ Օֆոեկե Չիբուիկե Էմանուելը «Գանձասարի» կազմում է եղել բոլոր 28 խաղերում:
Հայ ֆուտբոլիստների քանակով մրցակցությունից դուրս է ամբողջությամբ հայերով համալրված ԲԿՄԱ-ն: Թիմում հանդես եկած 25 ֆուտբոլիստներից միայն 3-ն են առաջնությունում մասնակցել 1-5 խաղի:
Մնացած 10 թիմերում հայերի ընդհանուր թիվը 155 է: Նրանցից 43-ն առաջնությունում մասնակցել են 1-5 խաղի: Ստացվում է, որ 10 թիմերի կազմերում բավարար խաղաժամանակ են ստացել ընդամենը 115 հայ ֆուտբոլիստներ, ինչը չի կարող գոհացուցիչ լինել:
ԲԿՄԱ-ից հետո ամենամեծ թվով հայ ֆուտբոլիստներ (22) հանդես են եկել «Գանձասարում», որի կազմում խաղադաշտ են դուրս եկել բոլորից շատ՝ 42 ֆուտբոլիստներ: Սակայն հայ ֆուտբոլիստներից միայն 3-ը՝ Աշոտ Քոչարյանը (16 խաղ), Սարգիս Շահինյանն (15 խաղ) ու Վահե Մուրադյանն (14 խաղ) են մասնակցել թիմի անցկացրած խաղերի 50 և ավելի տոկոսին: Իսկ 5 հայ ֆուտբոլիստներ ընդամենը 1-5 խաղ են անցկացրել: Բացի այդ էլ, հայ ֆուտբոլիստներից 9-ը թիմի կազմում խաղացել են միայն առաջնության աշնանային հատվածում, 6-ը՝ միայն գարնանը:
Բավարար խաղաժամանակ ստանալու առումով ԲԿՄԱ-ից հետո առաջնության ամենահայկական թիմեր պետք է համարել «Ալաշկերտին» և «Շիրակին»: Ալաշկերտցիների կազմում խաղադաշտ դուրս եկած 38 ֆուտբոլիստներից 21-ը հայ են, որոնցից միայն 3-ն են 1-5 խաղ անցկացրել: Թիմի խփած 21 գոլերից 14-ի հեղինակներ են դարձել 6 հայ ֆուտբոլիստներ, որոնցից Սարգիս Մեթոյանը 8 գնդակով դարձավ «Ալաշկերտի» լավագույն ռմբարկուն:
«Շիրակում» ամենաքիչ թվով այլազգի ֆուտբոլիստներ են խաղացել՝ ընդամենը 7-ը, որոնցից 4-ն ընդհանուր առմամբ 11 գոլ են խփել: Իսկ թիմում հանդես եկած 20 հայ ֆուտբոլիստներից 6-ի հաշվին ընդհանուր առմամբ 16 գոլ է գրանցվել: Գյումրեցիներից 6-ը մասնակցել են ընդամենը 1-5 խաղի:
Ամենակայուն կազմով աչքի են ընկել ԲԿՄԱ-ն և «Արարատ-Արմենիան», որոնք ասպարեզ են դուրս բերել 25-ական ֆուտբոլիստի: «Արարատ-Արմենիայի» կազմում 12 հայ ֆուտբոլիստ է խաղացել, որոնցից 5-ի հաշվին ընդհանուր առմամբ 16 գոլ է գրանցվել:
26 ֆուտբոլիստ խաղադաշտ դուրս բերած «Վանում» բոլորից քիչ՝ 10 հայ ֆուտբոլիստ է խաղացել, սակայն նրանցից 8-ը բավարար խաղաժամանակ է ստացել: Նրանցից 4-ի հաշվին գրանցվել է թիմի խփած 56 գոլերից 11-ը:
«Նոայում» 36 ֆուտբոլիստներից 15-ն են հայ, որոնցից միայն 7-ն են բավարար խաղաժամանակ ստացել: Ընդ որում Արտյոմ Ավանեսյանը վնասվածքի պատճառով գարնանն այդպես էլ խաղադաշտ դուրս չեկավ, իսկ Արտակ Դաշյանն առաջնության 2-րդ հատվածում ընդամենը 4 խաղի մասնակցեց: Հայ ֆուտբոլիստներից 5-ն էլ թիմում նորամուտը նշեց «Ալաշկերտի» հետ կայացած առաջնության ավարտական խաղում:
Ռուի Մոտայի գլխավորած թիմի հաջողություններում իրենց մեծ ներդրումն ունեցան այլազգի ֆուտբոլիստները: «Նոայում» խաղադաշտ դուրս եկած այլազգի 21 ֆուտբոլիստներից 13-ն ընդհանուր առմամբ 76 գոլ խփեցին: Պորտուգալացի Գոնսալու Գրեգորիուն էլ 20 գնդակով դարձավ առաջնության լավագույն ռմբարկուն:
«Ուրարտուի» կազմում 33 ֆուտբոլիստներից 16-ն են հայ, նրանցից 12-ը բավարար խաղաժամանակ են ստացել: 10 հայ ֆուտբոլիստներ ընդհանուր առմամբ 24 գոլ են խփել: Այդ գոլերից 10-ն իր օգտին է գրանցել Կարեն Մելքոնյանը, որը բանակային Արայիկ Էլոյանի հետ դարձավ առաջնության ամենաարդյունավետ հայ ֆուտբոլիստը:
Այլազգի ֆուտբոլիստների քանակով (24) յուրօրինակ ռեկորդակիրը «Փյունիկն» է, որը խաղադաշտ է դուրս բերել 41 խաղացողի: Լեգեոնականներից 13-ն ընդհանուր առմամբ 50 գոլ են խփել: 17 հայ ֆուտբոլիստներից միայն 8-ն են բավարար խաղաժամանակ ստացել: Իսկ գոլերի հեղինակներ են դարձել միայն Էդգար Մալաքյանը, Արտակ Գրիգորյանն ու Տարոն Ոսկանյանը:
FastNews-ը ներկայացնում է Fastex Պրեմիեր լիգայի 33-րդ առաջնության մասնակից թիմերում հանդես եկած ֆուտբոլիստների ընդհանուր քանակը, ինչպես նաև հայ և այլազգի խաղացողների թիվը: Փակագծում նշված է, թե հայ ֆուտբոլիստներից քանիսն են բավարար խաղաժամանակ ստացել:
Թիմեր |
Ֆուտբոլիստներ |
Հայ |
Այլազգի |
1. ԲԿՄԱ |
25 |
25 (22) |
- |
2. «Գանձասար» |
42 |
22 (18) |
20 |
3. «Ալաշկերտ» |
38 |
21 (18) |
17 |
4. «Շիրակ» |
27 |
20 (14) |
7 |
5. «Վեստ Արմենիա» |
37 |
19 (11) |
18 |
6. «Փյունիկ» |
41 |
17 (8) |
24 |
7. «Ուրարտու» |
33 |
16 (12) |
17 |
8. «Նոա» |
36 |
15 (7) |
21 |
9. «Արարատ» |
35 |
15 (12) |
20 |
10. «Արարատ-Արմենիա» |
25 |
12 (11) |
13 |
11. «Վան» |
26 |
10 (8) |
16 |