FastNews-ը շարունակում է Fastex Պրեմիեր լիգայի 33-րդ առաջնության աշնանային հատվածում թիմերի ելույթների ամփոփումը: Այսօր կանդրադառնանք գործող չեմպիոն «Փյունիկին»:
1.Անկախության շրջանի հայկական ֆուտբոլի ամենատիտղոսակիր թիմն առաջնության աշնանային հատվածն ավարտեց մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականում՝ 17 հանդիպումներում վաստակելով 37 միավոր (12 հաղթանակ, 1 ոչ-ոքի, 4 պարտություն, խփած և բաց թողած գոլեր՝ 33-13), ինչը հնարավոր միավորների 72,5 տոկոսն է: «Փյունիկը» 3 միավորով հետ մնաց առաջատար «Նոայից», որը մեկ խաղ էլ պակաս է անցկացրել:
Ընդ որում նոյեմբերի 21-ին «Վեստ Արմենիայի» հետ նշանակված խաղը չի կայացել: Մրցակիցը հանդիպմանը չի ներկայացել, ուստի «Փյունիկին» 3-0 հաշվով տեխնիկական հաղթանակ է գրանցվել:
Նախորդ առաջնության աշնանային հատվածի 17 հանդիպումներում վաստակած 45 միավորով (14 հաղթանակ, 3 ոչ-ոքի, խփած և բաց թողած գոլեր՝ 47-10) փյունիկցիները գլխավորում էին մրցաշարային աղյուսակը՝ 10 միավորով գերազանցելով 2-րդ տեղում ընթացող «Արարատ-Արմենիային»:
2. Սեփական դաշտում նախատեսված 8 հանդիպումներում «Փյունիկը» վաստակեց 18 միավոր (6 հաղթանակ, 2 պարտություն, խփած և բաց թողած գոլեր՝ 15-6), ինչը հնարավոր միավորների 75 տոկոսն է: Չեմպիոնը սեփական դաշտում պարտվեց «Ալաշկերտին» (0-2) և «Նոային» (1-3): Հաղթանակներից մեկը գրանցվել է «Վեստ Արմենիայի» հետ չկայացած խաղում:
Հյուրընկալվելիս Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմի օգտին անցկացրած 9 հանդիպումներում 19 միավոր գրանցվեց (6 հաղթանակ, 1 ոչ-ոքի, 2 պարտություն, խփած և բաց թողած գոլեր՝ 18-7), ինչը հնարավոր միավորների 70,3 տոկոսն է:
Մրցակցի դաշտում «Փյունիկը» հաղթել է «Վեստ Արմենիային» (3-1), «Արարատ-Արմենիային» (3-1), «Վանին» (3-1), ԲԿՄԱ-ին (2-1), «Արարատին» (2-0) և «Գանձասարին» (5-0):
3. «Փյունիկը» շատ անհաջող սկսեց առաջնությունը՝ մեկնարկային 2 հանդիպումներում վաստակելով ընդամենը մեկ միավոր, չգտնելով մրցակիցների դարպասի բանալին:
Հետագայում փյունիկցիները բարելավեցին ցուցանիշները: Գործող չեմպիոնը 7 անընդմեջ հաղթանակ տոնեց: Միայն 4 խաղում «Փյունիկին» չհաջողվեց գրավել մրցակիցների դարպասը: Իսկ սեփական դարպասը «Փյունիկը» 7 անգամ անառիկ պահեց:
«Փյունիկն» առաջնությունում խոշոր հաշվով 3 հաղթանակ տոնեց (ԲԿՄԱ՝ 4-1, «Արարատ»՝ 3-0, «Գանձասար»՝ 5-0)՝ չկրելով այդ կարգի ոչ մի պարտություն:
4. «Փյունիկի» մասնակցությամբ հանդիպումներում նշանակվել է 11մ 11 հարված, որից իրացվել է 8-ը: Հայաստանի գործող չեմպիոնի օգտին առաջնությունում բոլորից շատ՝ 8 11մ հարված է նշանակվել, որից իրացվել է 7-ը:
Յուսուֆ Օտուբանջոն առաջնության մասնակիցներից առավել հաճախ՝ 4 անգամ է 11մ հարված կատարել: Նրա հարվածներից 3-ն ավարտվել են Արման Ներսեսյանի (ԲԿՄԱ), Արսեն Բեգլարյանի («Արարատ-Արմենիա») և Տիգրան Ոփանյանի («Գանձասար») պաշտպանած դարպասների գրավմամբ, իսկ «Վանի» դարպասապահ Դանիիլ Պոլյանսկին հետ է մղել գնդակը:
Սերժ Դեբլեն 11մ նշակետից խոցել է արարատցի Տիագո Գոմեսի և գանձասարցի Տիգրան Ոփանյանի պաշտպանած դարպասները: Մեկական դիպուկ հարված են կատարել Եվգենի Կոչուկն ու Էդգար Մալաքյանը՝ գրավելով համապատասխանաբար շիրակցի Դարկո Վուկաշինովիչի և Օգնյեն Չանչարևիչի («Նոա») պաշտպանած դարպասները:
«Փյունիկի» դարպասին նշանակված 11մ 3 հարվածներից միայն մեկն է նպատակին հասել. «Արարատ-Արմենիայի» կիսապաշտպան Տենտոն Յենեն գրավել է Հենրի Ավագյանի պաշտպանած դարպասը: Վերջինս հետ է մղել բանակային Նարեկ Հովհաննիսյանի հարվածը, Ստանիսլավ Բուչնևն էլ հաղթող է դուրս եկել ալաշկերտցի Ժոզե Էմբալուի հետ մենամարտում:
5. Արդյունավետությամբ «Փյունիկն» առաջնության 5-րդ թիմն է՝ զիջելով «Նոային»,«Արարատ-Արմենիային», «Վանին» և «Ուրարտուին»: Խփած 30 գոլերի հեղինակներ դարձան 10 փյունիկցիներ, որոնցից միայն երկուսն են հայ: Եվգենի Կոչուկը, Արտակ Գրիգորյանը, Սանի Բուհարին և Ագդոն Մենեզեսը բացեցին գոլերի հաշիվը «Փյունիկում»:
Առաջնության աշնանային հատվածում «Փյունիկում» ամենաարդյունավետը 11 գոլի հեղինակ դարձած Յուսուֆ Օտուբանջոն է: Նախորդ առաջնության աշնանային հատվածում նրա հաշվին 10 գոլ էր գրանցված:
«Փյունիկի» նիգերիացի հարձակվողը Հայաստանի առաջնություններում խփած 76 գոլով դարձավ ամենաարդյունավետ այլազգի ֆուտբոլիստը՝ մեկ գնդակով գերազանցելով բրազիլացի Մարկոս Պիզելիի ռեկորդային ցուցանիշը:
32-ամյա Օտուբանջոն 2024թ. օրացուցային տարում Fastex Պրեմիեր լիգայում խփած 22 գոլով լեգեոներների շրջանում արդյունավետության տարիքային նոր ռեկորդ սահմանեց: Նա գերազանցեց Սերժ Դեբլեի ռեկորդային ցուցանիշը, որը 2021թ. «Արարատում» այդ տարիքում 14 գոլ էր խփել:
6. Արտակ Գրիգորյանը բացելով գոլերի հաշիվը «Փյունիկում», դարձավ առաջնության աշնանային հատվածում գոլ խփած ամենատարեց ֆուտբոլիստը: Նոյեմբերի 7-ին նա «Գանձասարի» դարպասը գրավել էր 37 տարեկան 19 օրականում: Գրիգորյանն ընդգրկվեց Fastex Պրեմիեր լիգայում «Փյունիկում» գոլ խփած ամենատարեց ֆուտբոլիստների եռյակում:
Ցանկը գլխավորում է Սարգիս Հովսեփյանը (39 տարեկան 281 օրական), որին հաջորդում է Խորեն Հովհաննիսյանը (38 տարեկան 154 օրական):
Էդգար Մալաքյանը 34 տարեկան 63 օրականում 11մ հարվածով գրավելով «Նոայի» դարպասը, ընդգրկվեց Fastex Պրեմիեր լիգայում «Փյունիկում» գոլ խփած ամենատարեց ֆուտբոլիստների տասնյակում՝ ցանկից դուրս մղելով Համլետ Մխիթարյանին (33 տարեկան 219 օրական):
35-ամյա Սերժ Դեբլեն 2024թ. օրացուցային տարում առաջնությունում խփած 6 գոլով արդյունավետության տարիքային նոր ռեկորդ սահմանեց՝ գերազանցելով Սարգիս Հովսեփյանի ցուցանիշը: Վերջինս այդ տարիքում «Փյունիկում» բոլորից շատ՝ 4 գոլ էր խփել: Դեբլեն ընդգրկվեց «Փյունիկում» խաղացած ամենատարեց ֆուտբոլիստների տասնյակում (35 տարեկան 62 օրական): Նա ցանկից դուրս թողեց Անտոն Կոբյալկոյին (34 տարեկան 357 օրական):
Դեբլեի ցուցանիշը նաև լեգեոնականների շրջանում արդյունավետության տարիքային նոր ռեկորդ է: Նա գերազանցեց «Գանձասարի» նախկին հարձակվող Վիրգին Մարշավելայի արդյունավետության տարիքային ռեկորդը: Վերջինս 35 տարեկանում լեգեոնականներից բոլորից շատ՝ 3 գոլ էր խփել:
Սանի Բուհարին (20 տարեկան 262 օրական) ընդգրկվեց Fastex Պրեմիեր լիգայում «Փյունիկում» գոլ խփած ամենաերիտասարդ լեգեոնականների տասնյակում:
7. Առաջնության աշնանային հատվածում «Փյունիկի» դարպասի պաշտպանությունը վստահվել էր երկու դարպասապահի: Հիմնական ծանրաբեռնվածությունն իր ուսերին տարավ Հենրի Ավագյանը՝ անցկացրած 12 խաղում բաց թողնելով 9 գոլ (միջինը մեկ խաղում՝ 0,75 գոլ), 6 խաղում դարպասը պահելով անառիկ: Ստանիսլավ Բուչնևը 4 խաղում նույնքան գոլ բաց թողեց, մեկ խաղում դարպասն անառիկ պահեց:
8. Առաջնության աշնանային հատվածում «Փյունիկում» ելույթ ունեցած ամենատարեց ֆուտբոլիստը 37-ամյա Արտակ Գրիգորյանն էր: Դեկտեմբերի 2-ին «Գանձասարի» հետ մրցավեճը Fastex Պրեմիեր լիգայում վերջին՝ 404-րդ խաղն էր ֆուտբոլային կարիերան ավարտած փորձառու ֆուտբոլիստի համար: Խաղի օրը Գրիգորյանը 37 տարեկան 44 օրական էր: Նա ընդգրկվեց Fastex Պրեմիեր լիգայում «Փյունիկում» խաղացած ամենատարեց ֆուտբոլիստների եռյակում:
Ցանկը գլխավորում է Խորեն Հովհաննիսյանը (40 տարեկան 298 օրական), որին հաջորդում է Սարգիս Հովսեփյանը (39 տարեկան 318 օրական):
Արտակ Գրիգորյանը ֆուտբոլային իր հարուստ կարիերան ավարտեց պատմական նվաճմամբ՝ դառնալով 21-րդ դարում Fastex Պրեմիեր լիգայում 400 և ավելի խաղ անցկացրած առաջին ֆուտբոլիստը:
9. «Փյունիկում» ամենաերիտասարդը 16-ամյա Ժիրայր Աշիկյանն էր: Եղիշե Մելիքյանը հիանալի նվեր մատուցեց պատանի ֆուտբոլիստին՝ ծննդյան օրը՝ նոյեմբերի 7-ին նրան խաղադաշտ դուրս բերելով «Գանձասարի» հետ մրցավեճում: Հատկանշական է նաև, որ Աշիկյանը 73-րդ րոպեին փոխարինել էր թիմի ամենափորձառու ֆուտբոլիստ Արտակ Գրիգորյանին՝ նրանից ստանալով ավագի թևկապը:
Աշիկյանն ընդգրկվեց Fastex Պրեմիեր լիգայում «Փյունիկում» հանդես եկած ամենաերիտասարդ ֆուտբոլիստների տասնյակում: Ցանկը գլխավորում է Խորեն Հովհաննիսյանի որդին՝ Ժորան, որը 2002թ. թիմի կազմում նորամուտը նշել էր 15 տարեկան 18 օրականում:
Բարձրագույն խմբում «Փյունիկում» անցկացրած խաղերի ընդհանուր քանակով (163) թիմի ներկայիս կազմից ամենափորձառուն 34-ամյա Էդգար Մալաքյանն էր, որը նախորդ մրցաշրջանում երկարատև ընդմիջումից հետո վերադարձել էր հարազատ ակումբ, որում սկսել էր պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կարիերան: Նա թիմի ամենափորձառու ֆուտբոլիստների ցանկում զբաղեցնում է 7-րդ տեղը:
150 խաղով այդ ցանկում 8-րդը Տարոն Ոսկանյանն է, որի համար դեկտեմբերի 2-ին «Գանձասարի» հետ կայացած խաղը հոբելյանական՝ 300-րդն էր Fastex Պրեմիեր լիգայում: 31-ամյա Ոսկանյանը «Փյունիկում» անցկացրած խաղերի ընդհանուր քանակով տարիքային նոր ռեկորդ սահմանեց՝ գերազանցելով թիմի նախկին պաշտպան Արթուր Մկրտչյանի 20-ամյա վաղեմության լավագույն ցուցանիշը: Վերջինս այդ տարիքում թիմի կազմում բոլորից շատ՝ 145 խաղ էր անցկացրել:
10. Առաջնության աշնանային հատվածում Եղիշե Մելիքյանը խաղադաշտ դուրս բերեց 32 ֆուտբոլիստների, որոնցից 18-ն այլազգի էին: Երկու ցուցանիշով էլ «Փյունիկը» ռեկորդակիր է առաջնության մասնակից թիմերի մեջ: Ընդ որում 14 հայ ֆուտբոլիստներից միայն 5-ն են բավարար խաղաժամանակ ստացել, մյուսները 1-5 խաղի են մասնակցել:
11 ֆուտբոլիստներ՝ Ալեմաոն, Մարտիմ Մայան, Բրայան Ալսեուսը, Սանի Բուհարին, Ագդոն Մենեզեսը, Ժոաո Պարեդեսը, Իշխան Դարբինյանը, Արթուր Մանուկյանը, Համլետ Ալեքսանյանը, Սամսոն Հակոբյանը և Ժիրայր Աշիկյանը նորամուտը նշեցին «Փյունիկում»:
«Փյունիկն» առաջնության աշնանային հատվածի ամենակարգապահ թիմն է: Փյունիկցիները 28 անգամ զգուշացվել են, Խամես Սանթոսն էլ հեռացվել է խաղադաշտից: Առավել հաճախ՝ 3-ական անգամ դեղին քարտի են արժանացել Խամես Սանթոսը, Ագդոն Մենեզեսը, Անտոն Բրատկովն ու Յուսուֆ Օտուբանջոն:
FastNews-ը ներկայացնում է «Փյունիկի» ֆուտբոլիստների ցուցանիշներն ընթացիկ առաջնության աշնանային հատվածում:
Ֆուտբոլիստներ |
Խաղ |
Գոլ |
Զ (Հ) |
1. Սանի Բուհարի |
15 |
2 |
2 |
2. Յուսուֆ Օտուբանջո |
14 |
11 |
3 |
3. Էդգար Մալաքյան |
14 |
1 |
1 |
4. Տարոն Ոսկանյան |
14 |
- |
- |
5. Բրայան Ալսեուս |
13 |
- |
1 |
6. Ալեմաո |
13 |
- |
2 |
7. Սոլոմոն Իմե Ուդո |
13 |
- |
1 |
8. Հենրի Ավագյան |
12 |
-9 |
- |
9. Ագդոն Մենեզես |
12 |
5 |
3 |
10. Խամես Սանթոս |
12 |
2 |
3 (1) |
11. Անտոն Բրատկով |
12 |
- |
3 |
12. Միխայիլ Կովալենկո |
12 |
- |
2 |
13. Սերժ Դեբլե |
11 |
5 |
- |
14. Արտակ Գրիգորյան |
11 |
1 |
2 |
15. Ժունինյո |
11 |
1 |
1 |
16. Խոսե Կառաբալյո |
10 |
1 |
1 |
17. Սերգեյ Վակուլենկո |
10 |
- |
2 |
18. Արման Հովհաննիսյան |
7 |
- |
- |
19. Ժոաո Պարեդես |
6 |
- |
- |
20. Դավիդ Դավիդյան |
5 |
- |
1 |
21. Մարտիմ Մայա |
5 |
- |
- |
22. Լևոն Պետրոսյան |
5 |
- |
- |
23. Ստանիսլավ Բուչնև |
4 |
-4 |
- |
24. Խուան Բրավո |
4 |
- |
- |
25. Եվգենի Կոչուկ |
2 |
1 |
- |
26. Պետրոս Ալեքյան |
1 |
- |
- |
27. Նարեկ Բարոյան |
1 |
- |
- |
28. Իշխան Դարբինյան |
1 |
- |
- |
29. Արթուր Մանուկյան |
1 |
- |
- |
30. Համլետ Ալեքսանյան |
1 |
- |
- |
31. Սամսոն Հակոբյան |
1 |
- |
- |
32. Ժիրայր Աշիկյան |
1 |
- |
- |