ԱՄՆ-ում շարունակվող Ամերիկայի գավաթի խաղարկության D խմբից պայքարը փլեյ-օֆֆում կշարունակեն Կոլումբիայի ու Բրազիլիայի հավաքականները:
Խմբային փուլի երրորդ տուրում Կոլումբիայի ու Բրազիլիայի հավաքականները բաժանվեցին խաղաղությամբ՝ 1-1: Հանդիպման երկու գոլերն էլ գրանցվեցին առաջին խաղակեսում: Հաշիվը 11-րդ րոպեին բացեց կատալոնական «Բարսելոնայի» վինգեր Ռաֆինիան, որի գոլի կոլումբացիները պատասխանեցին անգլիական «Քրիսթալ Փելասի» պաշտպան Դանիել Մունյոզի դիպուկ հարվածով:
Կոլումբիայի հավաքականը շարունակեց անպարտելի խաղերի շարքը և, վաստակելով 7 միավոր, առաջին տեղով դուրս եկավ քառորդ եզրափակիչ, որտեղ կմրցի Պանամայի հետ: Բրազիլացիները 5 միավորով երկրորդն են, իսկ կիսաեզրափակիչի ուղեգիրը կվիճարկեն խմբային փուլը 100 տոկոսանոց ցուցանիշով ավարտած Ուրուգվայի հավաքականի հետ:
D խմբի մյուս խաղում Կոստա Ռիկայի հավաքականը 2-1 հաշվով հաղթեց Պարագվային ու ելույթն ավարտեց 4 միավորով: Պարագվայցիները պարտվեցին բոլոր՝ երեք խաղերում:
Հիշեցնենք, որ քառորդ եզրափակիչի մյուս զույգերն են՝ Արգենտինա - Էկվադոր, Վենեսուելա - Կանադա։ Մրցաշարի գործող հաղթողն աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականն է:
Ամերիկայի գավաթ, խմբային փուլ, երրորդ տուր
D խումբ
Բրազիլիա - Կոլումբիա՝ 1-1
Ռաֆինիա, 11 - Դանիել Մունյոզ, 45+4
Կոստա Ռիկա - Պարագվայ՝ 2-1
Ֆրանսիսկո Կալվո, 3, Խոսիմար Ալկոսեր, 7 - Ռամոն Սոսա, 55