Մեծահասակների աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Մալխաս Ամոյանը (77 կգ) նվաճեց Իսպանիայի Պոնտևեդրա քաղաքում հոկտեմբերի 17-ին մեկնարկած հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի մինչև 23 տարեկանների առաջնության եզրափակիչի ուղեգիր։
Կիսաեզրափակիչում Հայաստանի ներկայացուցիչը տպավորիչ հաղթանակ տարավ ճապոնացի Նաո Կուսակայի նկատմամբ: Առաջին մրցափուլից հետո Ամոյանը պարտվում էր 0-5 հաշվով, սակայն կարողացավ կամային հատկանիշներ դրսևորել ու հաղթել 9-5 հաշվով:
Հոկտեմբերի 18-ին կայանալիք եզրափակիչում Մալխասի մրցակիցը կլինի մոլդովացի Ալեքսանդրին Գուտուն:
Հիշեցնենք, որ 23-ամյա Ամոյանը պայքարն սկսել էր որակավորման փուլից՝ հաղթելով Իրանի ներկայացուցիչ Մոհամադ Մոխտարիին (1-1), մեքսիկացի Ալեքսիս Բենիտես Կաստրոյին (3-0) ու ղրղզ Ակիլբեկ Տալանտբեկովին (2-1):
Ավելի վաղ եզրափակիչի ուղեգիր էր նվաճել նաև Գևորգ Թադևոսյանը (87 կգ), որը հոկտեմբերի 17-ին տարել է 3 հաղթանակ։
1/8 եզրափակիչից պայքարը սկսած ու մոլդովացի Վիտալի Երյոմենկոյին հաղթած Հրաչյա Պողոսյանը (63 կգ) երկրորդ գոտեմարտում 1-3 հաշվով պարտվել էր վրացի Գիորգի Շոթաձեին, որը նվաճել է եզրափակիչի ուղեգիր։ Հրաչյա Պողոսյանը հնարավորություն է ստացել պայքարել բրոնզե մեդալի համար ու հոկտեմբերի 18-ին սփոփիչ գոտեմարտ կանցկացնի իսրայելցի Աբերե Ֆետենեի հետ։
Հիշեցնենք, որ հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի Մ23 հավաքականի կազմում մրցավայր են մեկնել նաև Տիգրան Մինասյանը (60 կգ), Սահակ Հովհաննիսյանը (67 կգ), Շանթ Խաչատրյանը (72 կգ), Գագիկ Հակոբյանը (82 կգ) և Հայկ Խլոյանը (97 կգ)։


