«Խատուտիկի գինին» առանձնահատուկ է Ռեյ Բրեդբերիի գրական ստեղծագործությունների շարքում։ Գիրքը մեծապես ինքնակենսագրական է, որի իրադարձությունները տեղի են ունենում 1928 թվականի ամռանը՝ հորինված քաղաք Գրին Թաունում։ Քաղաքի նախատիպն ԱՄՆ Իլինոյս նահանգի Ուոկիգան քաղաքն է (Ռեյ Բրեդբերիի ծննդավայրը)։
Սյուժեի կենտրոնում Սպոլդինգ եղբայրներն են՝ Դուգլասը (12 տարեկան) և Թոմը (10 տարեկան)։ Վիպակը կազմված է պատմությունների շարանից, որոնք տեղի են ունենում փոքր քաղաքում, ամռան 3 ամիսների ընթացքում՝ երկու եղբայրների, նրանց բարեկամների, հարևանների, ընկերների և ծանոթների հետ։
Ներկայացնում ենք մեջբերումներ Բրեդբերիի սիրված գրքից․
**
Եվ հետո՝ սովորական տղամարդը գլխապատառ փախչում է, հենց որ խելքի նշույլ է հայտնաբերում կնոջ մեջ:
**
Կինը գիշերանոցով նստեց ճոճանակին՝ ամուսնու կողքին. նրբիրան չէր դեռ սեր չտեսած տասնյոթամյա աղջկա նման, ոչ էլ հաստամարմին՝ արդեն չսիրված հիսնամյա տիկնոջ նման, այլ իսկն էր, որ կար՝ գիրգ ու պնդակազմ, ինչպես կինը ցանկացած տարիքում, մտածեց Լեոն, երբ սերը խնդիր չէ:
**
- Ինչ որ կաս` դա եղիր, իսկ ինչ որ արդեն դու չես` մոռացության տուր,-ասում էր նա։ -Հին տոմսակները խաբկանք են։ Այո, հնություններ պահելը աճպարարական խաբկանքի է նման` հայելիներով արվող աճպարարության:
**
Տասնյոթ տարեկանում ամեն ինչ գիտես: Երբ քսանյոթ ես և առաջվա պես ամեն ինչ գիտես, ուրեմն դեռ տասնյոթ ես:
**
Նա քաշեց բացեց ջեռոցի դռնակը: Ծխի քուլաները լցվեցին խոհանոց:
- Երջանկությո՜ւն,- հեծեծեց նա:- Կես տարվա մեջ առաջին անգամ դրա պատճառով վիճո՜ւմ ենք իրար հետ: Երջանկությո՜ւն: Քսան տարվա մեջ առաջին անգամ ընթրիքին ոչ թե հաց կլինի, այլ ածո՛ւխ:
**
- Ավտոբուսո՜վ՝ դպրոց:- Չարլին քայլեց դեպի մայթեզրը:- Մարդ արդեն դպրոցից ուշանալու իրավո՜ւնք էլ չի ունենա: Ավտոբուսը կգա, հենց տան դռնից կտանի: Էլ ոչ մի տեղից կյանքում չենք ուշանա: Պատկերացրու՝ ինչ ահավոր բան, Դագ, դե պատկերացրու, էլի:
**
Իսկ այնտեղ շարք-շարք կանգնած կլինեն խատուտիկի գինու շշերը լուսածագին բացվող ծաղիկների մեղմ ցոլցլանքով և փոշու բարակ շերտի տակ առկայծող հունիսյան արևալույսով: Այդ գինու միջով նայիր ձմեռնաշունչ օրվան, և ձյունը կհալվի՝ երևան բերելով խոտը, թռչունները նորից կթառեն ծառերին, սաղարթն ու ծաղկունքը բյուրավոր թիթեռների պես կդողդողան քամուց: Եվ այդպես նայելիս երկնքի պողպատագույնն էլ կփոխվի լազուրի:
**
- Թոմ,- ասաց մեծ տատը նվաղկուն, հեռավորիկ մրմունջով,- հարավային ծովերում ամեն մի տղամարդու կյանքում գալիս է մի օր, երբ նա հասկանում է, որ ժամանակն է հրաժեշտ տալու բոլոր ընկերներին ու նավարկության ելնելու, և նա հենց էդպես էլ անում է, ու դա բնական է, քանի որ եկել է նրա ժամը: Հիմա էլ՝ նույնը: Ես ու դու մեկ-մեկ շատ նման ենք իրար. դպրոցի շաբաթօրյա միջոցառումներին դու նստում մնում ես մինչև երեկոյան ինը, մինչև որ հորդ ուղարկում ենք քեզ տուն բերելու: Թոմ, երբ վրա է հասնում մի պահ, երբ միանման կովբոյները միանման լեռնային բարձունքներում կրակում են միանման հնդկացիների վրա, ավելի լավ է վեր կենաս տեղից և ուղղվես դեպի դուռը՝ առանց ափսոսանքի ու հետ դառնալու: Դրա համար էլ ես հեռանում եմ, քանի դեռ երջանիկ եմ ու բավականություն եմ ստանում:
**
Կրթությունը մարդուն տալիս է արժանապատվություն, և նույնիսկ ստրուկն է սկսում գիտակցել, որ ինքը ծնված չէ ստրկության համար:
**
Ամենից առաջ հասկանում ես կյանքում, որ հիմարի մեկն ես: Վերջում էլ հասկանում ես, որ նույն հիմարն ես:
**
Գիշերն իր սնդուկների և մանր-մունր բաների մեջտեղում պառկած՝ նա ժամեր շարունակ աչք չկպցրեց: Հայացքը պտտեցնում էր լաթեղենի կոկիկ դարսակների և խաղալիքների ու օպերային փետուրների վրայով և ասում բարձրաձայն.
- Իրո՞ք իմն է էս ամենը:
Թե՞ դա ծեր կնոջ ջանադիր հնարքն էր՝ ինքն իրեն համոզելու, որ անցյալ է ունեցել: Վերջիվերջո, ինչ որ թռել է գնացել, վերջացել է անդարձ: Մարդ միշտ ներկայում է: Թեկուզև նա աղջնակ է եղել մի ժամանակ, բայց դա արդեն կապ չունի: Մանկությունն անցել է և ոչ մի կերպ հետ չի դառնա:
**
- Լի, քո սխալը սա է. մոռացել ես, որ մի օր՝ վաղ թե ուշ, մարդ պիտի դուրս գա էս անտերի միջից և էլի կեղտոտ ամաններ լվա ու անկողին հավաքի: Իհարկե, քանի դեռ ներսում ես, մայրամուտը համարյա հավիտենություն է տևում, օդն անուշահոտ է, տեղդ՝ տաք: Ինչ ուզում ես, որ երկար տևի, երկար է տևում: Բայց դրսում երեխաները սպասում են ճաշին, ու նրանց շորերի պոկված կոճակներն էլ պիտի կարվեն: Եվ հետո՝ արի ծուռ նստենք, շիտակ խոսենք, Լի. ինչքա՞ն կարելի է նայել մայրամուտին: Ո՞ւմ է պետք, որ մայրամուտը ձգվի ու ձգվի: Ո՞ւմ է պետք, որ չտեսնված տաք լինի: Ո՞ւմ է պետք, որ անընդհատ անուշ հոտ գա: Ախր որոշ ժամանակ անց էլ ո՞վ կնկատի: Լավ է մեկ-երկու րոպե՛ նայես մայրամուտին: Դրանից հետո սիրտդ ուրիշ բան է ուզում: Մարդն էդպես է, Լի: Ո՞նց ես դա մոռացել:
- Մոռացե՞լ:
- Մենք սիրում ենք մայրամուտը, որովհետև օրվա մեջ մի անգամ լինում է ու անցնում:
**
- Ո՜վ կմտածեր,- ասաց տիկին Բենթլին՝ դիմելով թեյի նուրբ վարդանախշ գավաթին:- Ոչ ոք երբեք չի կասկածել, որ ես ժամանակին աղջնակ եմ եղել: Ինչ անմիտ, ահավոր բան: Ես չեմ սրտնեղում, որ պառավել եմ… չէ առանձնապես… բայց մանկությունն ինձնից խլելը շատ վիրավորական է:
**
Նա որսաց դողը… Բայց ինչի՞ց էր: Ախր մայրիկն ավելի մեծ էր, ավելի ուժեղ, ավելի խելացի, քան ինքը, չէ՞: Տեսնես նա է՞լ էր զգում անորոշ սպառնալիքը, խավարից դուրս սողացող փորձանքը, որ պահ էր մտել ներքևում: Ուրեմն մեծանալով ուժեղ չե՞ս դառնում: Մեծ լինելը մխիթարություն չէ՞: Ուրեմն ապավեն չկա՞ կյանքում: Ոչ մի քիչ թե շատ հուսալի հենարա՞ն կեսգիշերների վերահաս հարձակմանը դիմանալու համար: Կասկածները պաշարել էին նրան: Պաղպաղակի սառնությունը նորից շունչ առավ կոկորդում, ստամոքսում, տարածվեց մեջքին և ձեռուոտքին. նա միանգամից սառույց կտրեց, ասես անցյալից դեկտեմբերյան քամի էր փչել:
Հասկացավ. բոլոր մարդիկ էլ էսպես են, ամեն մեկը՝ մենակ, ինքն իր հետ: Մեն-մենակ, առանձին բազմության մեջ ու միշտ վախեցած: Այ, հիմիկվա պես: Եթե ճչար էլ, օգնություն կանչեր, ի՞նչ օգուտ:
**
Ես միշտ իմացել եմ, որ սիրո որոշիչը հոգին է, թեև մարմինը երբեմն հրաժարվում է դա ընդունել: Մարմինն ապրում է իր համար … Իսկ հոգին չէ՞ որ արևից է ծնվել … Կարելի՞ է մարմնի պես խղճուկ, եսասեր, գիշերածին բանը համեմատել ամբողջ կյանքը լուսավորող արևի, հոգու և մտքի հետ:
Նկարը՝ Ռեյ Բրեդբերի «Խատուտիկի գինի» էջից:


