«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը 491 հարցազրույց է տվել 2024-ի նոյեմբերին Մանչեսթեր ժամանելուց հետո, գրում է Goal-ը:
Անգլիական ու միջազգային մամուլը, օգտագործելով այն փաստը, թե որքան մեծ են «Մանչեսթեր Յունայթեդի» հեղինակությունն ու ակումբի շուրջ աղմուկը, բազմաթիվ դիմումներ է ներկայացնում՝ Ամորիմի հետ տարատեսակ հարցազրույցներ անցկացնելու և դիտումների ահռելի քանակ ապահովելու համար:
Ամորիմն անցած ամիսների ընթացքում տվել է նախախաղային ու հետխաղային տասնյակ հարցազրույցներ, ինչպես նաև տարբեր հեռուստաընկերությունների հեղինակավոր հաղորդումների է մասնակցել:
«Մանչեսթեր Յունայթեդը» Պրեմիեր լիգայում 39 միավորով զբաղեցնում է 16-րդ տեղը, բայց հասել է Եվրոպա լիգայի եզրափակիչ, որտեղ մայիսի 21-ին կխաղա «Տոտենհեմի» հետ:


